HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Չախոյան. «Ինձ վրա մահափորձ կատարած անձն ազատության մեջ է. ապահով չեմ զգում»

«Հետք»-ը զրուցել է հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Արթուր Չախոյանի հետ: Նա հանրությանն ավելի շատ հայտնի է որպես Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված շինարարական մրցույթները, ճանապարհի եզրաքարերի, ասֆալտի որակի քննադատող: Այս տարվա հոկտեմբերի 9-ի երեկոյան Արթուր Չախոյանի վրա երեք մարդ է հարձակվել, որից մեկին Արթուրը վնասազերծել է և հանձնել ոստիկաններին: Արթուրն այդ հարձակումը որակում է մահափորձ: Սակայն իրավապահ մարմինները Արթուրի կողմից վնասազերծված անձին բաց են թողել:

Արթուրն ասում է, որ իր դեմ մահափորձ կատարած անձիք ազատության մեջ են ու ինքն ապահով չի զգում իրեն:

Նա հարձակումը կապում է իր հասարակական ակտիվ գործունեության հետ: Սակայն չի պատրաստվում լռել: Ըստ Արթուր Չախոյանի՝ եթե այժմ անդրադառնում է ասֆալտի որակին, ճանապարհի եզրաքարերի տեղադրման աշխատանքների որակին, հատկապես իր հետ կատարված դեպքից հետո, շրջանակն ընդլայնելու է: Զբաղվելու է նաև մանկապարտեզների վերանորոգումների մրցույթներով, որտեղ խոշոր գումարներ են պտտվում:

Քննչական կոմիտեից հաղորդագրություն տարածեցին, որ Արթուր Չախոյանի հաղորդման հիման վրա, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ դանակով հարձակված անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ։

Նույն օրը, երեկոյան, ավելի ուշ, հաղորդում է ստացվել է նաև Երևան քաղաքի նշված բնակչից, որ ինքը, տեղեկանալով, որ կա անձ, ով տեսանյութեր ու ինչ-որ ինֆորմացիաներ է, ուղարկում ադրբեջանցիներին, փորձել է հանդիպում ունենալ նշված անձի հետ, ում ինքն անձնապես չի ճանաչում:

Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդման, կոնֆլիկտ է առաջացել, ինչի հետևանքով ինքն ստացել է մարմնական վնասվածքներ:

Առաջին հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ հոգեկան ներգործություն) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն), իսկ երկրորդ հաղորդման հիման վրա՝ 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (առողջությանը թեթև վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում) հատկանիշներով, որոնք,  օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում՝ համատեղ քննություն կատարելու համար:

Հաղորդում ներկայացրած երկու անձանց նկատմաբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նշված վարույթով ձերբակալված անձ չկա։ 

Արթուր Չախոյանին կապում են քաղաքական տարբեր թևերի, նույնիսկ «մեղադրում» ռուսական «պրոյեկտ» լինելու մեջ: Թե իրականում ում «պրոյեկտն» է, ով է իր վրա հարձակված անձը և ինչու դեպքը կատարվեց՝ մանրամասները տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter