
Քարակերտ-Դալարիկ հատվածում բեռնատար գնացքի վագոնները շրջվել են, վնասվել է երկաթգիծը․ լուսանկարները
Հոկտեմբերի 12-ին՝ կեսգիշերվա սահմաններում, տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար շարժակազմի անկում: Զոհեր չկան: Այս մասին հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից։
36 վագոնից բաղկացած գնացքը մասնակի բեռնված է եղել ցեմենտի արտադրության համար նախատեսված հումքով, ինչպես նաև՝ ուներ դատարկ վագոններ:
«Բացի շարժակազմից, վնասվել է նաև երկաթուղային գիծը: Ներկայում ընկերությունը կատարում է վթարավերականգնողական աշխատանքներ: Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ինչի կապակցությամբ չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորագնացքները, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային երթուղին:
Անկման պատճառները պարզվում են: ՀԿԵ-ն հայցում է ուղևորների և ընկերության գործընկերների ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,- ասված է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Լուսանկարները «Հետքին» են տրամադրել վթարի ականատեսները։
Մեկնաբանել