
Հերմինե Նաղդալյան կամ «բիզնես լեդի». ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ փոխնախագահը
Ի՞նչ են «ասում» պաշտոնական թվերը
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն իր ունեցվածքին առնչվող աղմկահարույց պատմություններով բազմիցս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում, սակայն երկրի ղեկավարությանը դա չի խանգարել ապահովելու «բիզնես լեդիի» կարիերայի առաջխաղացումը:
Հերմինե Նաղդալյանը դեռեւս 2006 թ. մի շարք ձեռնարկություններում արդեն բաժնետեր էր: Նույն տարվա գույքի եւ եկամուտների հայտարարագրում նա նշել էր, որ Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում ունի 0.15 հա սեփականաշնորհված հողամաս:
Նա պարտատոմսեր, բաժնետոմսեր ու այլ ներդրումներ է ունեցել «Սիսիան Շիկ», «Բեգմիք», «Սիսիանի ԲՈՒԱՏ», «Նազենիկ» եւ «Ալնարս» ՍՊԸ-ներում:
2006 թ. Հերմինե Նաղդալյանն ունեցել է 98 մլն 542 դրամ եւ 134 հազար դոլար: Պատգամավորը աշխատավարձի տեսքով եկամուտ է ստացել նաեւ Ազգային ժողովից` 3 մլն 366 հազար 460 դրամ:
Որպես ստացված կամ տրված փոխառություններից ստացված տոկոս՝ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն Հ. Նաղդալյանի համար ապահովել է 35 մլն 415 հազար դրամի եկամուտ, իսկ «Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Բեգմիք» ՍՊԸ-ներից ստացել է շահաբաժին՝ համապատասխանաբար 43 մլն 254 հազար եւ 23 մլն 972 հազար դրամ:
3 տարի անց Հերմինե Նաղդալյանի եկամուտները մի քանի անգամ գերազանցել են մինչ այդ ունեցածը: Պատգամավորը 2009 թ. ձեռք է բերել 2 շենք եւ շինություն, ինչպես նաեւ՝ հողամաս: Պատգամավորի այդ տարվա դրամական եկամուտները նույնպես մի քանի անգամ աճել են: Նա հայտարարագրել է 823 մլն 732 հազար 950 դրամ եւ 466 հազար դոլար:
2010 թվականն ավելի եկամտաբեր է եղել պատգամավորի համար: Այդ թվականին Հերմինե Նաղդալյանը թեեւ անշարժ ու շարժական գույքի հետ կապված գործարքներ չի արել, սակայն ունեցել է միլիոնների եկամուտ: Նա հայտարարագրել է 940 մլն 734 հազար 580 դրամ եւ 784 հազար դոլար:
Արդեն 2011 թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրում Հերմինե Նաղդալյանը նշել է, որ տարեսկզբին ունեցել է 480 մլն, իսկ հարկային տարվա վերջին` 50 մլն դրամ: Նրա դոլարային եկամուտները նույնպես մեկ տարվա ընթացքում նվազել են. տարվա սկզբում՝ 40 հազար դոլար, իսկ դեկտեմբերի 31-ին` 10 հազար:
Հերմինե Նաղդալյանը 2011 թ. հանձնած կամ ստացած փոխառություններից ստացել է 348 մլն դրամի եւ 730 հազար դոլարի եկամուտ: Պատգամավորին եկամուտ է բերել նաեւ ԱԺ-ից ստացած 3 մլն 130 հազար դրամ աշխատավարձը, 485 մլն 886 հազար 333 դրամ շահաբաժինը, ինչպես նաեւ երկու փոխառություններից ստացած գումարները՝ համապատասխանաբար 83 մլն 868 հազար 434 եւ 304 մլն 526 հազար 500 դրամ:
Հերմինե Նաղդալյանի եկամուտներն` ըստ տարիների |
||||
Արժույթ |
2006թ. |
2009թ. |
2010թ. |
2011թ. |
Դրամ |
98.542.000 |
823.732.950 |
940.734.000 |
1.225.411.267 |
Դոլար |
134.000 |
466.000 |
784.000 |
730.000 |
Պակաս կարողությունների տեր չէ նաեւ Հերմինե Նաղդալյանի ամուսինը` Դավիթ Բեգլարյանը: Նա 2011թ. հանձնված կամ վերադարձված փոխառություններից ստացել է 288 մլն դրամ եւ 850 հազար դոլար եկամուտ: Դ. Բեգլարյանի դրամական միջոցները 2011 թ. վերջին կազմել են 15 մլն, իսկ աշխատավարձից ստացած եկամուտները` 3 մլն 661 հազար 95 դրամ:
Ի՞նչ է գրում մամուլը
Հերմինե Նաղդալյանն իր հայտարարագրում նշել է, որ Գ. Չաուշի 14/3 հասցեում միանձնյա սեփականության իրավունքով ունի 2 բնակարան` 102.8-ական քմ մակերեսով: Մինչդեռ դրանք պատգամավորի ու նրա ամուսնու կողմից այդ շենքում ձեռք բերված միակ բնակարանները չեն:
Մամուլը բազմիցս անդրադարձել է «Նորաշեն 2007» կոոպերատիվի աղմկահարույց պատմությանը, երբ քաղաքացիները բնակարանի ձեռքբերման նախնական պայմանագրեր են կնքել կառուցվող շենքում իրենց հասանելիք բնակարանների համար, սակայն կառուցողները այդ բնակարանները կրկնակի վաճառել են այլ քաղաքացիների` հիմնականում պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների:
Դեռեւս 2007-ին «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանը եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանը կոոպերատիվի շահառուների հետ կնքել են նախավճարի պայմանագրեր, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել շինարարության հարցում եւ կոոպերատիվի ղեկավարները ստիպված գումարներ են հայթայթել՝ շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար:
«Նորաշեն 2007»-ին «ձեռք են մեկնել» եւ գումար տվել սահմանվածից (կամ թույլատրելիից) բարձր տոկոսադրույքով, ինչը քրեական օրենսգրքով համարվում է վաշխառություն: Իբրեւ երաշխիք՝ շահառուների դեռեւս պատրաստի տեսքի չբերված բնակարանները, որպես գրավ, տրվել են գումար հատկացնող մարդկանց՝ պայմանով, որ շահառուների վերջնական մուծումներից հետո բնակարանները պետք է սեփականության իրավունքով փոխանցվեն հենց նրանց:
Ըստ լրատվական կայքի հրապարակումների՝ կոոպերատիվին տոկոսով գումար տվողների ցուցակի մեջ եղել է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի անունը, ով էլ ձեռք է բերել ընդհանուր առմամբ 14 բնակարան: Չաուշի 14/3 շենքում կա 8 բնակարան, որոնց վերադարձի համար այժմ պայքար են մղում շահառուները, իսկ մյուս 6-ի դեպքում կողմերն արդեն համաձայնության են եկել:
Նշված բնակարաննեը ձեւակերպվել են Դ. Բեգլարյանի հարազատների անուններով: Այսպես, վիճարկելի բնակարանների սեփականատերեր են հանդիսացել մայրը՝ Օֆելյա Ստեփանյանը, որդին՝ Հրանտ Աբաջյանը, դուստրը՝ Նարե Բեգլարյանը, կինը՝ Հերմինե Նաղդալյանը, քենին՝ Գայանե Նաղդալյանը, զոքանչը՝ Ռիմիկ Նաղդալյանը, վարորդները՝ Գրիգոր Հարությունյանն ու Հրաչյա Հովհաննիսյանը, վերջինիս աղջիկը՝ Լիանա Հովսեփյանը, մորաքրոջ որդին՝ Գագիկ Նազարյանը, վերջինիս կինը՝ Նարինե Գալստյանը, հարեւանը՝ Մարտիկ Թավաքալյանը, հարեւանուհին՝ Գոհար Սարատիկյան եւ ինքը` Դավիթ Բեգլարյանը:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել