
«Հայաստանը ոչ միշտ է իրեն գործընկերոջ պես պահել». Լուկաշենկո
Հայաստանը ոչ միշտ է իրեն գործընկերոջ պես պահում ԱՊՀ անդամ երկրների նկատմամբ։ Նման հայտարարությամբ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Սկզբում մեր միավորումից դուրս եկավ Վրաստանը, փաստացի մեզ հետ չէ Ուկրաինան։ Մեծ հարցեր կան Մոլդովայի հետ կապված։ Ցավոք, Հայաստանը, ոչ միշտ է իրեն պահում գործընկերոջ պես»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերել է БелТА գործակալությունը։
Բելառուսի նախագահի խոսքով՝ նման իրավիճակին չի կարելի կողքից հանգիստ հետևել, քանի որ հակառակ դեպքում ԱՊՀ երկրներին «պարզապես կտոր-կտոր կանեն»:
Հիշեցնենք, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր ընթանում էր ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը: ՀՀ վարչապետի գրասենյակից ավելի վաղ հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկ չի մեկնի։
Լուսանկարը՝ AP / SCANPIX
Մեկնաբանել