
Արցախից բռնի տեղահանված 13 441 աշակերտ արդեն տեղավորվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում
Կառավարության «Հումանիտար կոնտրոն»-ում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրին Արցախից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ ավելի քան 81 հազ. անձ արդեն ստացել է Կառավարության տրամադրած 100 հազ. դրամ միանվագ օգնությունը: Մյուսների դիմումները մշակման փուլում են:
Նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ 80 հազ. 128 բռնի տեղահանված քաղաքացիներ կան Հայաստանի 10 մարզերում: Նրանք տեղաբաշխված են հյուրանոցներում, հյուրատներում, որոշ հարմարեցված շենք-շինություններում և բնակելի տներում:
13 հազ. 441 աշակերտ արդեն տեղավորվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում:
Իսկ 208 բուժառու շարունակում է բուժվել տարբեր բուժհաստատություններում, որոնցից 56-ի վիճակը գնահատվում է ծանր, իսկ 10-ինը՝ խիստ ծանր: 20-ից ավելի քաղաքացի բուժվում է արտերկրում:
Նախարարը նշեց, որ օրեցօր պակասում է այն շենք-շինությունների թիվը, որտեղ ստիպված են եղել բնակեցնել տեղահանված հայրենակիցներին: Այսօրվա դրությամբ 1629 քաղաքացի է ապրում հարմարեցված շինություններում:
«Մեր մարզպետները, համայնքապետերը գործընթացը համակարգելով մեր հայրենակիցներին տեղափոխում են ավելի հարմար վայրեր»,- նշեց նախարար Սանոսյանը:
Նույնը վերաբերում է հյուրանոցներում բնակվողներին: Այժմ հյուրանոցներում ապրում են 7782 քաղաքացիներ: Միայն երեկ և այսօր հյուրանոցներից մոտ 300 անձ տեղափոխվել է տներ:
Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ մոտ 80 հազ. բռնի տեղահանվածներից 56 հազարի համար մարզպետների ու համայնքապետերի աջակցությամբ են բնակության վայրեր հայթայթվել:
Նախարարը նշեց, որ բացի բնակության վայրի հարց լուծելուց՝ գնահատում են նաև տեղահանվածների կարիքները՝ սկսած հագուստից, սննդից, հիգիենիկ պարագաներից:
Կառավարության տարբեր որոշումներով մարզպետարաններին հատկացվել է 1 մլրդ 360 մլն դրամ, առաջիկայում հաջորդ հատկացումը կլինի, որպեսզի հոգան արցախցիների կարիքները:
Մեկնաբանել