HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու որդիների կորստից հետո Ալլան Եռաբլուրին մոտ է ուզում ապրել

Արցախի Մարտակերտի շրջանից բռնի տեղահանված Ալլա Ստեփանյանի ընտանիքը ժամանակավոր հաստատվել է Երևանում։ Ներկայիս բնակարանը փոքր է 10-հոգանոց ընտանիքի համար։ «Որ գիշերը գալիս ա, տան մեջ տեղ չի լինում։ Եղբայրս կնոջ ու երեք երեխեքի հետ գնում են Վեդի։ Գիշերն անցկացնում են, հետո նորից վերադառնում»,- պատմում է Ալլայի մայրը՝ Ալվինան։ 

Նրանց ընտանիքում սովորություն էր Մարտակերտի իրենց տան մեծ սեղանի շուրջ բոլորով հավաքվելն ու ընթրելը։ Այժմ արցունքն աչքերին է հիշում, թե ինչպես էին երկու թոռներն օգնում ընթրիքի պատրաստություն տեսնել․ «Սամվելս մեծ թիկունք ուներ, հենց քայլում էր, գետինը թնդում էր։ Հիշում եմ, որ ամբողջ տնով մեծ կաթսաներ էր տանում ու բերում։ Փոքր եղբայրը՝ 19-ամյա Արսենը, օգնում էր մթերքները բերելու հարցում։ Ալլան էլ լավ ձեռք ուներ»,- ասում է Ալվինան։

Սամվելն ու Արսենը ժամկետային զինծառայողներ էին։ Երեւանում վարձած բնակարանում երկու եղբայրների հիշատակի անկյուն կա։ «Ալլա, ոնց որ Արսենիս մոմը հանգավ։ Գնա ու նորից միացրու, թող երեխեքս լույսի մեջ մնան»,- նկատում է Ալլայի մայրը։

Սենյակը փոքր է, տան բոլոր աթոռները դասավորված են տղաների նկարներին շատ կիպ։ Ալլայի քրոջ որդին՝ 11-ամյա Վահեն, ամենամոտն է նստած։ «Մեկ-մեկ ինձ ասում են, որ ոնց որ Սամվելը լինեմ, բայց ինքը մի քիչ ջղային էր։ Ես խելոք չեմ, բայց իրա նման էլ չեմ»,- ասում է Վահեն։ Այժմ ընտանիքի միակ տղա երեխան ինքն է։

«Թոռներիս կարոտը իրենից եմ առնում։ Չի հասկանում, թե ինչ է եղել։ Էս փոքր տան մեջ վազվզում ա՝ ջղայնանում ենք, բայց հետո սիրտը շահում»,- հավելում է Ալվինան։

Երկար դադարներով վերհիշում ենսեպտեմբերի 19-ը, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Այս ընտանիքում գրեթե բոլորը զինվորական կյանքով էին ապրում, Ալլան երկար տարիներ աշխատել է Մարտակերտի զորամասում, ասում է՝ «կանխազգում էի, որ ինչ-որ վատ բան լինելու է, բայց սենց ավարտ չէի սպասում։ Ես պատրաստ չէի, որ երեխեքիս ջահել-ջահել պետք ա հողին հանձնեմ»։

Մարտական գործողությունների ժամանակ՝ ընդամենը մեկ օրվա տարբերությամբ, սեպտեմբերի 19-ին Ճանկաթաղում զոհվում է Արսենը, իսկ 20-ի առավոտյան՝ ժամը 4-ին, Ալլայի ավագ որդին՝ Սամվելը։  «Երկու-երկու՝ մի օրվա մեջ, գոնե մեկը մեզ մնար»,- դեպքերի մանրամասները պատմելիս Ալվինան հազիվ է զսպում լացը, պատմում է, որ դժոխքի միջով են անցել մինչև թոռների հուղարկավորությունը։

Երբ սկսվեց հրետակոծությունը, Ալլան հացի հերթում էր, հիշում է, որ վազել է տուն, վերցրել փաստաթղթերը ու գնացել զորամաս։ Մայրը՝ Ալվինան, նկուղում լսել է, որ Ճանկաթաղում թեժ մարտեր են, եւ հակառակորդն առաջխաղացում ունի․ «Զանգեցի Ալլային, հարցրի՝ Արսենից ի՞նչ խաբար կա, ասեց, որ ինքն էլ չի կապվել»։

Ոչ մեկը ոչ Արսենից, ոչ էլ Սամվելից լուր չեն ստանում մինչև հաջորդ օրը, երբ Ալվինան գնում է Արսենի զինակից ընկերոջ տուն․ «Հարևանս ասեց, որ թոռը 9 հոգու դիակ է բերել Եղնիկներից։ Հողը ոտքիս տակից փախավ։ Հարցրի՝ հո Սամվելս մեջնե՞րը չէր։ Սուս մնաց։ Հակացա, որ մեծ թոռս էլ չկա, փոքրից էլ լուր չունենք»,-շարունակում է Ալվինան։

Ալլան լուռ լսում է մոր պատմածը, երբեմն ընդհատում․ «Միշտ մինչև կեսօր զանգում էի երեխեքին ու հենց լսում էի իրենց, հանգստանում էի։ Ջղայնանում էին, թե ինչի եմ զանգում։ Սեպտեմբերի 19-ին թարսի պես չզանգեցի ոչ մեկին, գոնե վերջին անգամ կլսեի երեխեքիս»։

Մինչև սեպտեմբերի 24-ը կրտսեր որդուց Ալլան որևէ լուր չի ստանում։ Հիշում է, որ հավաքում էր բոլոր հնարավոր հեռախոսահամարները՝ մի լուր իմանալու․ «Էդ օրը զանգեցի հրամանատարներից մեկին, ասեցին, թե նախնական տվյալներով՝ Արսենը զոհվել ա», սակայն որևէ հստակ տեղեկություն չկար ոչ մարտական դիրքի հանձնման, ոչ էլ՝ զոհերի վերաբերյալ»։

Կրտսեր որդու զոհվելու մասին Ալլային տեղեկացրել են սեպտեմբերի 27-ին․ «Դիակներն անճանաչելի էին, շորերից եմ իմացել, որ Արսենս ա։ Սամվելիս զոհվելուց հետո իրեն երեք անգամ տեսել եմ, բայց Արսենիս՝ չէ»,- պատմում է Ալլան։ Արսենի և մյուս զինակից ընկերների դիակները մարտի դաշտից հանել է Վարդանը՝ Արսենի ընկերը։ «Հրամանատարությունից ոչ մեկը չի եղել, որ գոնե երեխեքի դիակները հանեին, դրա համար էլ նրանցից որևէ մեկը հուղարկավորությանը չի մասնակցել»,- պատմում է Ալվինան։

«Զանգեցին ասեցին, որ Սամվելի դիակը պետք ա հիվանդանոցի հայաթում թաղեն՝ չեն կարողանում պահել»

Եղբայրների հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, Երեւանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Ալլան դեռ ուշքի չի գալիս։ Այսօրվա պես հիշում է այն օրը, երբ իրեն զանգել են Մարտակերտի հիվանդանոցից ու ասել, թե ավագ որդու դիակը պահելու տեղ չունեն, առաջարկում են փոքրիկ հուղարկավորություն կազմակերպել հիվանդանոցի բակում․ «Հավատս չէր գալիս, որ առաջարկեցին հայաթում թաղել երեխուս։ Ես տղա երեխեքիս հայրենասեր չէի մեծացրել, որ էդ բախտին արժանանային»։ Սկսվում է Ալլայի պայքարը՝ ավագ որդու դիակը Երևան հասցնելու համար։

«Ես չէի կարող մի օր մեկին թաղել, հետո՝ մյուսին»,- ասում է նա։ Մինչ նա Սամվելից նորության էր սպասում, մյուս որդու դին հասցնում են Հայաստան․ «Ես չգիտեմ՝ ով է խառնվում, ինչ է լինում, բայց ամսի 24-ին Արսենիս վերջապես Կարմիր Խաչով բերում են Գորիս, հետո՝ տեղափոխում Երևան»։

Ալլայի մյուս որդու՝ Սամվելի դին Ստեփանակերտից Երևան են տեղափոխում սեպտեմբերի 28-ին․ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան եկան ասեցին, որ Մարտակերտը պետք ա դատարկվի։ Սամվելիս դիակը դեռ մեզ մոտ չէր։ Ես ասեցի, որ դուրս չեմ գա, մինչև տղուս դիակը չտան ինձ։ Ես որ մնացի, մյուսներն էլ հետս մնացին։ Սեպտեմբերի 28-ին Սամվելիս դիակը բերեցին ու տեղափոխեցին Երևան, մենք էլ դուրս եկանք քաղաքից»։

Ստեփանյանների ընտանիքի մղձավանջը սրանով չի ավարտվում։ «Մենք զանգում ենք Երևան, զգուշացնում, որ տղաներիցս մեկի դին ա իրենց մոտ, մյուսը՝ ճանապարհին։ Խնդրում ենք երկուսին մի տեղում պահեն, մինչև կհասնենք մենք»,-շարունակում է Ալլան։

Երկու օր ճանապարհ անցնելուց հետո հասնում են Երեւան։ «Հերացի հիվանդանոցում ասում են, թե դիակների բիռկեքը խառնվել են, ու կորել ա Սամվելիս դին»։ Ալլան ու հայրը՝ Կամոն, մեկ շաբաթ են անցկացնում մայրաքաղաքի բոլոր դիահերձարաններում՝ փնտրելով ավագ որդու դին․ «Ընենց ուրախացա, որ զանգեցին ասեցին՝ վերջապես գտել ենք դիակը,- հիշում է Ալլան։-Ամսի 10-ին վերջապես թաղեցինք երեխեքիս։ Ո՜նց էի խնդրում, որ երեխուս դիակն ինձ տան։ Ասում էի՝ ձեր համար ա զոհվել, ինձ երեխուս տվեք՝ հանգիստ թաղեմ»։

Հուղարկավորությանը մասնակցել են ընտանիքի բարեկամներն ու ընկերները։ Ալլան ասում է, որ զավակների հրամանատարությունից ոչ մեկը չի եկել․ «Երեխեքը մորթվել են առանց հրամանատարի, երևի ամոթից չեն եկել թաղմանը»։ Այժմ Ալլայի միակ ցանկությունը որդիների գերեզմանին մոտ լինելն է․ «Ինձ ոչ մի բան պետք չի, հանգիստ եմ, որ տղերքս խաղաղ քնած են»։ Լռում է, նայում որդիների լուսանկարներին․ «Ոչ հայրենիքս ինձ մնաց, ոչ էլ՝ որդիներս»։

Գլխավոր լուսանկարում՝ Անահիտը՝ Ալլայի քույրը, Կամո պապը, Անահիտի որդին՝ Վահեն

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի, լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter