
Բլինքենն օրենսդիրներին տեղեկացրել է, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա. Politico
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կոնգրեսի մի խումբ օրենսդիրների զգուշացրել է տեսանելի ապագայում Ադրբեջանի՝ Հայաստան հնարավոր ներխուժման մասին: Այդ մասին հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Դեմոկրատական կուսակցությունից ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ հոկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենին հարց են ուղղել այն մասին, թե ամերիկյան վարչակազմը ինչ միջոցներ կարող է ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրման հետ: Ինչպես հաղորդում է պարբերականը, ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ի պատասխան ընդգծել է, որ ԱՄՆ իշխանությունները «հնարավորություններ են փնտրում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար», ինչպես նաև նախատեսում են վերանայել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը:
Պարբերականը գրում է, որ Բլինքենը հավելել է, որ Պետքարտուղարությունում «առաջիկա շաբաթներին հնարավոր են համարում Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի հարավային հատված»: Պարբերականի փոխանցմամբ՝ այդ օրենսդիրների շարքում են եղել նաև Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, Ան Էշուն և Ֆրենկ Փալոնը։
Պարբերականի ևս երկու այլ աղբյուր նշել են, որ եղել է նման խոսակցություն, սակայն այլ մանրամասներ չեն ներկայացրել։
ԱՄՆ Պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ Politico-ի այս հրապարակման մասին։ Պետքարտուղարությունն ընդգծել է, որ «Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տևական խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները»: «Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար»,- նշված է պետքարտուղարության պատասխանի մեջ։
Ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է, որ «ԱՄՆ աջակցում է Հայաստանի կառավարության ջանքերին՝ մարդասիրական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում»։ «Մենք մեր կարեկցանքն ենք հայտնում տեղահանված անձանց՝ գիտակցելով, թե ինչ շոկի և տրավմայի միջով են նրանք անցնում և ինչ անորոշության են բախվում»:
Պետքարտուղարությունը հավելել է, որ Բաքուն պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար, ներառյալ նրանց, ում կասկածում է ռազմական գործողությունների մասնակցության մեջ:
«Ադրբեջանը նաև պատասխանատու է, որ իր [զինված] ուժերը համապատասխանեն միջազգային իրավունքին, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքի, որը կարգավորում է ռազմական գործողությունների իրականացումը, խաղաղ բնակչության պաշտպանությունը և ռազմական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը»,- ասված է Պետքարտուղարության՝ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանն ուղղված պատասխանում:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների վարչակազմը պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ: Սեպտեմբերին համանման հայտարարությամբ հանդես էր եկել նույն հանձնաժողովի նախկին նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը։
Լուսանկարը՝ Carolyn Kaster/AFP/Getty Images
Մեկնաբանել