
Ուկրաինական անօդաչուները փորձել են հարձակվել Սոչիի վրա
Հոկտեմբերի 14-ի առավոտյան Սոչիի ու Ադլերի բնակիչները հայտնել են, որ պայթյուններ են լսել։ Այդ մասին գրում է Astra տելեգրամյան ալիքը։ Տեղի բնակիչները հայտնել են Սոչիի շրջանում հակաօդային պաշտպանության միջոցների աշխատանքի մասին։
Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, հոկտեմբերի 14-ի առավոտյան ՀՕՊ հերթապահ միջոցները Սև ծովի ավազանում՝ Կրասնոդարի երկրամասի ափերի մոտ, երկու անօդաչու են խոցել: Ռուսական կողմը մեղադրել է Ուկրաինայի զինված ուժերին՝ ահաբեկչություն իրականացնելու փորձի մեջ։
Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին հաստատել է, որ առավոտյան ժամը 07:10-ի սահմաններում Սոչիում գործել է ՀՕՊ համակարգը: «Քաղաքում տուժածներ և ավերածություններ չկան։ Օդանավակայանը և հանգստավայրի բոլոր համակարգերը գործում են կանոնավոր կերպով։ Իրավիճակը օպերատիվ շտաբի վերահսկողության տակ է»,- հավելել է քաղաքապետը։
РИА Новости-ին օդանավակայանից ևս հայտնել են, որ Սոչիի օդանավակայանում սկզբում սահմանափակել էին թռիչքները՝ անօդաչուների հարձակման պատճառով։ Ավելի ուշ այն սկսել է գործել կանոնավոր կերպով։
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա անօդաչուների առնվազն երրորդ հարձակումն է Սոչիի վրա։ Սեպտեմբերի 20-ին անօդաչուի հարվածի հետևանքով այրվել էր դիզվառելիքի ամբարը, իսկ հոկտեմբերի 1-ի հարձակման հետևանքով վնասվել էր Սոչիի օդանավակայանի ուղղաթիռային հարթակը։
Լուսանկարը՝ Shot-ից
Մեկնաբանել