HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՅԴ պատգամավորները եռանախագահների հայտարարության մեջ ուղերձ են տեսնում

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր ճեպազրույցների ժամանակ ափսոսանք հայտնեց, որ Դովիլում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ տարածած համատեղ հայտարարությունամբ տարանջատում չեն դրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որով հավասարության նշան է դրվում երկու երկրների միջեւ, ինչն անընդունելի է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի ներքո:

Նշենք, որ նախագահները Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդներին կոչ էին արել բնակչությանը պատրաստել խաղաղության եւ ոչ թե պատերազմի, ինչպես նաեւ հունիսին կայանալիք հանդիպման ժամանակ ավարտին հասցնել հիմնական սկզբունքների մշակման վրա տարվող աշխատանքները:

Արծվիկ Մինասյանը «կողմեր» եզրույթում ուղերձ է տեսնում, որ Հայաստանը պետք է եւ պարտավոր է պահանջել, որպեսզի բանակցային սեղանի շուրջ հայտնվի նաեւ Լեռնային Ղարաբաղը:

Ըստ պատգամավորի` եռանախագահները փաստորեն հավանություն են տալիս Ռուսաստանի գործողություններին եւ պատահական չէ, որ ակնկալում են Կազանում համաձայնությունների ձեռք բերում: «Այս փաստաթուղթը բազմաթիվ առումներով ընդունելի չենք համարում, բայց այդ երեք ուղերձներով կարող ենք արտաքին քաղաքականությունը ճշգրիտ ուղղորդել»,- ավելացրեց Ա. Մինասյանը:

ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արտյուշ Շահբազյանն էլ ասաց, որ համանախագահող երկրների մոտ անհանգստություն է նկատվել, որ թափ առնող հարաբերությունների սրումը, հատկապես` սահմանագծում արձանագրվող միջադեպերը, իսկապես կարող են ստեղծել անկախատեսելի իրավիճակներ: «Մենք տեսնում ենք, որ դա ոչ մեկին ձեռնտու չէ, բայց իրենց միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները նստում մի բան խոսում, մի բան ստորագրում են, թույլատրվում է, որ Ադրբեջանի նախագահը գնա բոլորովին հակառակ բաներ խոսի»,- նշում է պատգամավորը:

Իսկ այն պնդումը, թե բնակչությանը պետք է պատրաստել խաղաղությանը, ոչ թե պատերազմին, Արտյուշ Շահբազյանի կարծիքով, եռանախագահները նկատի են ունեցել Ադրբեջանի հասարակությանը, որին ներշնչվել է, թե որեւէ զիջում չի լինելու, իսկ Ղարաբաղն էլ լինելու է Ադրբեջանի կազմում:

«Եթե ցանկանում են, որ անպտուղ ձեւով անընդհատ չշարունակվեն բանակցությունները, ապա ուղղակիորեն պետք է պայմանավորվածությունների խախտողների նկատմամբ կոնկրետ ասելիք լինի»,- հավելեց պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter