
Էրդողանը կարծում է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը կարելի է վերջ դնել երկու պետությունների ստեղծմամբ
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորումը հնարավոր է երկու պետությունների ստեղծման միջոցով։ Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ականջալուր լինի խնդրի վերջնական լուծման համար երկու պետություն ստեղծելու Թուրքիայի առաջարկներին, և որ անկեղծ մոտեցման դեպքում կարելի է գտնել լուծում, որը թեթևություն կբերի ինչպես տարածաշրջանին, այնպես էլ ողջ աշխարհին»,- լրագրողներին հայտնել էին Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
Էրդողանի խոսքով՝ Արևմուտքի երկրները պետք է քայլեր ձեռնարկեն իսրայելա-պաղեստինյան հակամարտության լարվածության նվազեցման ուղղությամբ։ «Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի խաղաղ բնակիչների նկատմամբ մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են, և որ Թուրքիան ջանքեր է գործադրում նրանց օգնություն հասցնելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Ըստ թուրքական կողմի՝ Էրդողանը նշել է, որ հատկապես արևմտյան երկրները պետք է քայլեր ձեռնարկեն լարվածության աստիճանը նվազեցնելու ուղղությամբ, և որ «պետք է խուսափել այն ջանքերից, որոնք չեն ծառայում խաղաղությանը»։
Լուսանկարը՝ AA / Murat Kula
Մեկնաբանել