HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

«Լոխ լյավ ա ինան»․ ասկերանցի 12-ամյա բլոգերը Երևանից կպատմի Արցախի մասին

«ԴիջիԹեք» Էքսպոյի նախասրահում Արցախի բարբառով արտահայտություններ են հնչում։ Ասկերանցի 12-ամյա բլոգեր Տիգրանն է, էքսպոյի այցելուներին Արցախի բարբառով հարցեր է տալիս ու նոր բառեր սովորեցնում։

«Երբ մեզ ասում են Արցախի բարբառով ինչ-որ բան ասել, մենք միշտ ասում ենք՝ լոխ լյավ ա։ Արցախում մենք դրան հավատում էինք։ Մեր սպասածի նման չեղավ, բայց ես գիտեմ՝ եթե ոչ այսօր, ապա տարիներ հետո հաստատ լոխ լյավ ա ինան»,- ասում է Տիգրանը։ 

«ԴիջիԹեք23» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին Տիգրան Գաբրիելյանը ավագ եղբայրների՝ Աշոտի ու Դավիթի հետ է մասնակցում։ Շուրջ 120 մասնակից ընկերություններից մեկը իրենց «ԲիԱյԲի» (BIB - Brothers in business) մարքեթինգային ընկերությունն է։ Հոկտեմբերի 13-ից 15-ը եղբայրները ցուցահանդեսի այցելուներին ծանոթացրել են հայկական տեխնոլոգիական հնարավորություններին ու պատմել արտակարգ իրավիճակներում բլոգինգով զբաղվելու մասին։ Աշոտն ու Դավիթն են Տիգրանին օգնում տեսանյութեր նկարել ու մոնտաժել։

Տիգրանը «Ֆեյսբուք»-ում 20 հազար հետևորդ ունի։ Արցախի շրջափակման մասին պատմող նրա տեսանյութերը միլիոնավոր դիտումներ են ունեցել։ Ասում է՝ 4 տարի առաջ որոշել է բլոգինգով զբաղվել, որ Արցախը աշխարհին ավելի հայտնի դառնա։

«Սկզբում դիտումները շատ քիչ էին։ Հետո անծանոթ մարդիկ սկսեցին լավ մեկնաբանություններ գրել, ինձ առանց տեսնելու հարազատ էին համարում։ Մենք էլ որոշեցինք ավելի մանրամասն պատմել Արցախի մասին ու կրթել մարդկանց»,- պատմում է պատանի բլոգերը։

Արցախի շրջափակման օրերին Տիգրանի «բլոկադային ողջույնները» պտտվում էին սոցիալական տարբեր հարթակներում։ Մի քիչ հումորով, մի քիչ էլ լրջությամբ արցախցի բլոգերը ներկայացնում էր իրավիճակը հայրենիքում։ Տեսնելով, որ տեսանյութերը մեծ տարածում են գտնում՝ Տիգրանն ու եղբայրները որոշեցին նաև անգլերենով պատմել, թե ինչպիսին է կյանքը շրջափակման մեջ։ Տեսանյութերը գրավեցին նաև ադրբեջանցիների ուշադրությունը։ Տիգրանը պատմում է, որ ադրբեջանական հազարավոր էջերից հարձակումների է ենթարկվել, վատ մեկնաբանություններ ու զանգեր ստացել։

«Ստիպված էինք օրական 2000-3000 էջ բլոկել, որովհետև անհնար էր․ վատ բաներ էին գրում, մեկնաբանություններում էլ հայերի հետ կռվում էին։ Բայց էդ նշանակում էր, որ մենք թիրախին ենք կպել»,- բացատրում է Տիգրանը։

Նկարահանման գրեթե ամբողջ տեխնիկան Ասկերանում են թողել։ Հիմա մի քանի հեռախոսով են նկարում, բայց նոր տեխնիկա են գնելու ու շարունակեն իրենց գործը արդեն Երևանից։ Տիգրանը գումար հավաքելու համար բարբառային արտահայտություններով շապիկներ ու սթիքերներ է վաճառում։ Հավատում է՝ ավելի որակյալ տեսանյութեր կնկարի, ավելի շատ մարդկանց համար օգտակար ու հետաքրքիր բովանդակություն կստեղծի։

Տիգրանն ասում է՝ դժվարությունները չեն կարողացել խլացնել իր ձայնը․ ինքը շարունակելու է պատմել Արցախի, արցախյան բարբառի ու հազարավոր չպատմված պատմությունների մասին։ 

Լուսանկարները՝ Միլենա Գևորգյանի, Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter