HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ավագանու մշտական հանձնաժողովները չեն գործում, ավագանու ընդունած որոշումներն օրինական չեն կարող համարվել

Թալին համայնքի ավագանին երեք մշտական գործող հանձնաժողով է կազմավորել, երեքում էլ նույն անձինք են ընդգրկվել, երեքն էլ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունից։ Ավագանու կազմում միայն ՔՊ կուսակցությունը 20 անդամ ունի, բայց փաստացի նրանցից երեքն են համաձայնել ընդգրկվել մշտական գործող հանձնաժողովներում։ 

Թալին համայնքի ավագանու կազմում ՔՊ-ից բացի ևս չորս կուսակցություն է ներկայացված՝ «Արդար Հայաստան»՝ 5 հոգի, Հայ հեղափոխական դաշնակցություն՝ 2, «Ապրելու երկիր»՝ 2, «Կայունություն»՝ 2 հոգի։ Նրանցից ոչ ոք չի ընդգրկվել հանձնաժողովների կազմում։

Ավագանու մշտական գործող հանձնաժողովները նախագահ ու քարտուղար չունեն։ Եթե ընտրած էլ լինեին, միևնույնն է, դրանից ոչինչ չէր փոխվելու, որովհետև այդ անուններն ընդամենը մեկ անգամ թղթի վրա գրառելու համար են եղել։ Ավագանին մեկ տարվա գործունեության ընթացքում հանձնաժողովի ոչ մի նիստ չի հրավիրել, չկա մի որոշում, որն ընդունվել է համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը հիմք ընդունելով։

Այս դիտարկումը հավասարապես վերաբերում է հանրապետության 71 համայնքներին, որոնք, հիմնականում, ավագանու մշտական հանձնաժողովներ կազմավորել են, բայց դրանք չեն գործում։ Համայնքների մեծ մասը ձևական կազմավորած հանձնաժողովների համար հարկ չեն համարել ձևական նախագահներ ու քարտուղարներ ընտրել։ Կան համայնքներ, որոնք անգամ ավագանու հանձնաժողովների կազմը չեն հրապարակել։ Համայնքներ կան, որոնք հանձնաժողովներ չեն էլ կազմավորել, օրինակ՝ Աշտարակը, Վաղարշապատը և այլք։

Հանձնաժողովների համատարած չգործելու պարագայում, դժվար է ասել, թե նրանցից ո՞վ է ավելի շատ արհամարհում օրենքը։ Նրա՞նք, որոնք հանձնաժողովներ կազմավորելու մասին որոշում են ընդունել, բայց իրականում դրանք չկան, թե՞ ձևական հանձնաժողովներ չկազմավորողները։ Փաստն այն է, որ տեղական իշխանության մակարդակում հակակշիռներ չեն գործում, մեկ անձի կառավարում է իրականացվում և այն լիովին անվերահսկելի է։

Թալինի ավագանու մշտական հանձնաժողովների կազմից ավելի զավեշտալին էլ կա։ Համայնքներ կան, որոնք պատկերացում չունեն, թե ով կարող է ավագանու մշտական հանձնաժողովի նախագահ ու քարտուղար ընտրվել։ Օրինակ, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում 2022թ ապրիլի 11-ի որոշումով ավագանու 5 մշտական հանձնաժողով են կազմավորել։ Անասկանալի տրամաբանությամբ հանձնաժողովի անդամների մեծ մասը համայնքապետարանի աշխատակիցներն են՝ համայնքի ղեկավարի տեղակալներ, խորհրդական, աշխատակազմի բաժինների աշխատակիցեր։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ավագանու գործունեության տիպային կանոնակարգ է մշակել։ Կանոնակարգում մեկ ամբողջ գլուխ կարգավորում է ավագանու մշտական գործող հանձնաժողովների գործունեությունը։ Համայնքների մեծ մասը ավագանու տիպային կանոնակարգն ընդունելու մասին որոշում է կայացրել, բայց քչերն են կարդացել այն։ Հակառակ դեպքում, այդքան զավեշտալի վիճակում չէին դնի իրենց։ 

Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 13 հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ «Ավագանու հանձնաժողովների քանակը, գործառույթները և ձևավորման կարգը սահմանվում են ավագանու կանոնակարգով»: Կանոնակարգի 25-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովի կազմից ընտրվում է հանձնաժողովի նախագահ, եթե աշխատակարգով այլ բան նախատեսված չէ։ Մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե դադարել են նրա որպես ավագանու անդամի լիազորությունները և այլն։ 

Բաղրամյան համայնքի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկված հինգ անձանցից միայն երկուսն են ավագանու անդամ։ Հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավարի տեղակալն է, մյուսը՝ համայնքապետի խորհրդականը, երրորդը՝ քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետը։ 

  • Ավետիսյան Հովնան, հանձնաժողովի նախագահ համայնքի ղեկավարի տեղակալ,
  • Ղազարյան Տոնական, համայնքի ղեկավարի խորհրդական (այժմ՝ համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ)
  • Մարտիրոսյան Հայկ, ավագանու անդամ
  • Բանգոյան Արարատ, համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ,
  • Ավետիսյան Աննման, ավագանի անդամ

Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընդգրկված 5 անձանցից մեկն է ավագանու անդամ։ Հանձնաժողովը նախագահում է համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետը։ Համայնքի ղեկավարի խորհրդական Տոնական Ղազարյանն ընդգրկված է նաև այս հանձնաժողովում (Տոնական Ղազարյանի անձին այդքան կարևորություն տալուն կանդրադառնանք առանձին հրապարակումով-Ս․Պ), հանձնաժողովի անդամ է նաև աշխատակազմի գլխավոր մասնագետներից մեկը։ 

Գյուղատնտեսության, բնության և շրջակա միջավայրի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահը համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետն է։

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մհեր Հարթենյանը նաև Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։ Համատեղության կարգով նա նաև ավագանու «Սոցիալական ապահովության մշտական գործող հանձնաժողովի» նախագահն է։ Նկատենք նաև, որ սոցիալականը և՛ կրթության հանձնաժողովում են ներառել, և՛ սոցիալական ապահովության առանձին հանձնաժողով են ձևավորել։  

Համայնքապետարանի աշխատակազմ-ավագանու անդամների մասնակցությամբ ավագանու մշտական գործող հանձնաժողովներ էին կազմավորել նաև Գառնի համայնքում։ Ավագանու հանձնաժողովների նախագահներ էին կարգել համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին և այլ աշխատակիցների։

Ամենակարևորը՝ ինչո՞ւ չեն գործում ավագանու մշտական հանձնաժողովները։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասում է, որ այդ հարցը խորքային ուսումնասիրության ու մոնիտորինգի չեն ենթարկել։ Այնուամենայնիվ, պրն Տերտերյանը ենթադրում է, որ չգործելը երկու պատճառ կարող է ունենալ։ 

«Համայնքի ավագանու քաղաքական դերակատարությունը մեծացնելով մեզ չհաջողվեց մինչև վերջ բազմակարծությունը, հրապարակայնությունը, քննարկման մթնոլորտը ավագանի տեղափոխել։ Հանձնաժողովը պետք է մասնագիտական, տարաբնույթ ընկալումների հարթակ լինի։ Մեզ մոտ էլի աշխատեց հետևյալը՝ եթե մեծամասնությունը մենք ենք՝ ի՞նչը քննարկենք, բոլորս համաձայն ենք։ Բայց այդ հանձնաժողովը կարող է նույնիսկ մեծամասնության մեջ քննարկել, օրինակ, որոշում են կայացնում, թե համայնքը որ ուղղությամբ զարգացնեն, որը միայն մեծամասնության խնդիր չէ, դա որակի, ճաշակի, գիտելիքի խնդիր է»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալը։ 

Վաչե Տերտերյանը խոստովանում է, որ տեսության մեջ շատ լավ բաներ են գրել, բայց գործնականում, մեղմ ասած, բավարար չէ կիրառությունը։ «Միգուցե մասնագիտական ունակությունների պահանջ պետք է դնել, միգուցե հանձնաժողովները մասնագիտական-փորձագիտական ներուժով պետք է լրացնել։ Այնպես պետք է անել, որ դա աշխատի, որպեսզի հանրությունը կարողանա ավագանուն հարց տալ՝ շատ լավ է, որ այդպես եք որոշել, բայց էլ ում հետ եք հարցը քննարկել»,- ասաց պրն Տերտերյանը։

ՏԿԵ նախարարի տեղակալն ասում է, որ հեռու է այն մտքից, թե օրենքում ամեն ինչ կատարյալ է նկարագրված, շատ դեպքերում, դա ձևական է։ Այնուամենայնիվ, նկարագրված մեխանիզմների 50-60%-ը բովանդակությամբ լցնելը, ռեալ, անկեղծ, շահագրգիռ բովանդակությամբ աշխատեցնելն է։

Նկատի ունենանք, որ օրենքով նախատեսված է՝ ավագանու ընդունած որոշումներին պետք է կցվի համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը, բայց օրենքը փաստացի չի կիրառվում։ «Այդ դեպքում ավագանու ընդունած որոշումը օրինական կարո՞ղ է համարվել»,- հարցրինք պրն Տերետերյանին։

-Ենթադրում եմ, որ այդ եզրակացությունները կլինեն։

-Չկա նման եզրակացություն։

«Վատ է, որ չկա, նշանակում է, որ մենք թերացել ենք։ Նշանակում է, որ համայնքներում իրավական և մասնագիտական հսկողություն ընդհանրապես չի իրականացվել»,- հայտնեց Վ․ Տերտերյանը։ 

Նախարարի տեղակալը, գուցե, պետք է ընդուներ, որ համայնքներում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնողների իմացությունն ավելին չէ ավագանու անդամների կամ համայնքների ղեկավարների իմացությունից։ Նաև այդ պատճառով հսկողություն չի իրականացվել։ 

Առանց մշտական հանձնաժողովների եզրակացության ավագանու ընդունած որոշումների օրինականության հարցը մեր խնդրանքով մեկնաբանեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։ «Մշտական հանձնաժողովների իմաստն այն է, որ ցանկացած որոշման համար պետք է լինի իրավասու մշտական հանձնաժողովի կարծիքը, իսկ դա ունենալու համար նիստեր պետք է հրավիրել։ Տեղական ինքնակառավարման մասին օրենքը նույնիսկ նախատեսում է՝ մշտական հանձնաժողովի նիստերից որոշակի թվով բացակայելը կարող է հիմք հանդիսանալ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու համար։ Այսինքն, դրանից էլ ուղղակի բխում է, որ այդ հանձնաժողովները թղթի վրա չպետք է լինեն, նիստեր պետք է հրավիրեն, ավագանու օրակարգում ներառված նախագծերի վերաբերյալ առաջարկներ անեն, եզրակացություններ ներկայացնեն»,- հայտնեց Վ Պողոսյանը։ 

Սահմանադրագետը նշեց, որ եթե ավագանին որոշում է ընդունել անձի նկատմամբ, և նա պնդում է, որ այդ որոշումն օրինական չէ, որովհետև այդ հարցի վերաբերյալ հանձնաժողովի նիստ չի եղել, որևէ եզրակացություն չի տրվել և այլն, որոշման օրինականությունը կարող է վիճարկել դատարանում։ Այսինքն, տեղի են ունեցել ընթացակարգային սխալներ, և այդ սխալների առկայությունը նույնպես հիմք է վարչական դատարանի համար, որ ոչ իրավաչափ ճանաչի ավագանու տվյալ որոշումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter