HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմիկայի նախարարությունը Արցախից բռնի տեղահանված գործարարների համար ծրագրեր է իրականացնում

Էկոնոմիկայի փոխնախարարներ Արման Խոջոյանը և Աշխեն Շիրվանյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են Արցախից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող աշխատանքների ընթացքը: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Նազելի Բաղդասարյանը նշել է, որ շարունակվում է միանվագ 100 000 դրամ աջակցության տրամադրման գործընթացը: Նա ևս մեկ անգամ հորդորել է՝ այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է մոտենան մոտակա ցանկացած բանկ և բանկային քարտի հաշիվ բացեն, որից հետո ինքնաշխատ եղանակով կստանան այդ գումարը:

«Այս գործընթացում չափազանց կարևոր է, որպեսզի դուք հաշվառված լինեք: Եթե այս գործընթացը մեկ անգամ անցել եք, կարիք չկա կրկնելու: Այսօրվանից Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը դադարեցնում է էլեկտրոնային շտեմարաններում նոր հաշվառման գործընթացը: Եթե դուք, այնուամենայնիվ, այս գործընթացը բաց եք թողել, ապա կարող եք դեռևս՝ մինչև հոկտեմբերի 24-ը, դիմել կամ համայնքապետարաններ կամ վարչական կենտրոններ, որտեղ Ձեր հաշվառման գործընթացը կիրականացվի: Ցանկանում եմ նաև հիշեցնել, որ Կառավարության որոշման համապատասխան հավելվածով՝ մինչև դեկտեմբերի 1-ը, եթե ինչ-որ մերժում է եղել կամ ինչ-որ խնդիրներ են առաջացել միանվագ գումարների վճարման ընթացքում, դուք կարող եք e-request.am կայքին էլեկտրոնային դիմում ուղարկել և ձեզ կպատասխանեն»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Նշվել է նաև, որ Արցախից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը` 198 է: Նրանցից 44-ի վիճակը ծանր է, 10-ինը` ծայրահեղ ծանր: 19 պացիենտ է իրենց բուժումը ստանում արտասահմանյան տարբեր կլինիկաներում: Այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 28.861 հայրենակից է կցագրվել պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ: Մոբիլ թիմերի կողմից զննվել է 604 արցախցի:

ԿԳՄՍ նախարարությունից տրամադրած տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցներում հոկտեմբերի 16-ի դրությամբ ընդգրկվել է Արցախից բռնի տեղահանված 13,888 երեխա, այդ թվում՝ Երևան՝ 4363, Կոտայքի մարզ՝ 2408, Արարատ՝ 1929, Արմավիր՝ 1227, Լոռի՝ 820, Գեղարքունիք՝ 676, Արագածոտն՝ 622, Շիրակ՝ 576, Սյունիք՝ 554, Տավուշ՝ 423, Վայոց ձոր՝ 290: Տեղեկացվել է նաև, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ԿԳՄՍ նախարարությունը գործարկելու է ուսուցիչների գրանցման էլեկտրոնային հարթակը:

Նազելի Բաղդասարյանը նշել է նաև, որ այս գործընթացներին զուգահեռ շարունակվում է զբաղվածության ապահովմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացումը: Որոշ ծրագրեր իրականացվում են Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ինչպես նշել է փոխնախարար Արման Խոջոյանը, հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Արցախից բռնի տեղահանված՝ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումներ իրականացնող գործարարների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվել են գյուղատնտեսության ոլորտում գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր։ Ներկայացվել են Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մանրամասները, քննարկվել է գործարարներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գործարարներ, որոնք հանդես են եկել առաջարկություններով:

Ըստ փոխնախարարի՝ մասնակիցները կարևորել են հատկապես կրթության և վերապատրաստման անհրաժեշտությունը: Արման Խոջոյանը նշել է, որ Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերը հիմնականում թիրախավորված են և նպատակային, որոնք մշակվել են շահառուների կարիքների գնահատման արդյունքում:

«Օգտագործելով այս հարթակը նաև ուզում եմ դիմել ՀՀ-ում գործող կազմակերպություններին, որոնք ցանկանում են համագործակցության տեղեկություններ առաջարկել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամություն է հայտնում այդ գործընթացները համակարգելու, մշակելու և առաջարկությունները շահառուներին ներկայացնելու»,-ասել է Արման Խոջոյանը:

Էկոնոմիկայի փոխնախարար Աշխեն Շիրվանյանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում վեր են հանվել բոլոր  խնդիրները, ներկայացվել են առաջարկություններ, որոնց հիման վրա ծրագրերում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ և կմշակվեն ծրագրերից օգտվելու առավել շահավետ պայմաններ:

«Ծրագրերը հիմնականում միտված են գյուղատնտեսության զարգացմանը, և մենք հուսով ենք, որ մեր հայրենակիցները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն մեր կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ»»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter