HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հս. Մակեդոնիա-Հայաստան. թիմերը կհանդիպեն 13-րդ անգամ

Այսօր՝ Երեւանի ժամանակով 17:00-ին, Հս. Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքում կմեկնարկի Հս. Մակեդոնիա-Հայաստան ընկերական խաղը, որը մեր հավաքականի համար նախապատրաստություն է «Եվրո-2024»-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին մեր ազգային թիմը Երեւանում ընդունելու է Ուելսին, իսկ ամսի 21-ին հյուրընկալվելու է Խորվաթիային: Այս երկու թիմերը «Եվրո-2024»-ի ընտրական փուլի մեր խմբում պայքարում են Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգրի համար (առաջինը նվաճել է Թուրքիան), որը նվաճելու տեսական հնարավորություն ունի նաեւ Հայաստանը:

Հս. Մակեդոնիա-Հայաստան հանդիպման մրցավար է նշանակվել Նիկոլա Դաբանովիչը (Մոնտենեգրո): Նրան կօգնեն Վլադան Տոդորովիչը (Մոնտենեգրո) եւ Սրջան Յովանովիչը (Մոնտենեգրո): Հանդիպման չորորդ պաշտոնյան կլինի Մարյան Դեյանոսկին (Հս. Մակեդոնիա):

ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ Լուկաս Սելարայանը եւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, ընտրանու հետ չեն մեկնել Հս. Մակեդոնիա ու վերադարձել են իրենց ակումբներ: Մնացած 21 ֆուտբոլիստները գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի տրամադրության տակ են:

Այս պահին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում մեր հավաքականը 91-րդն է, իսկ Հս․ Մակեդոնիան՝ 66-րդը։

Վիճակագրական առավելությունը դաշտի տերերի օգտին է։ Թիմերը միմյանց հետ անցկացրել են 12 խաղ, ընդ որում՝ բոլորն էլ պաշտոնական, այսինքն՝ սա լինելու է առաջին ընկերական խաղը: Հայաստանը տարել է 4 հաղթանակ, կրել 5 պարտություն, 3 անգամ գրանցվել է ոչ-ոքի, գոլերի տարբերությունը՝ 17-20՝ հօգուտ մակեդոնացիների։

Առաջին հանդիպումը եղել է «Եվրո-1996»-ի ընտրական փուլում՝ 1995-ի մայիսի 10-ին, Երեւանում, որում գրանցվեց 2-2: Մերոնցից գոլերի հեղինակ դարձան Ռազմիկ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը: Սա պատմական հանդիպում էր, քանի որ պաշտոնական խաղերում առաջին անգամ Հայաստանի հավաքականը գոլեր խփեց: Ընդ որում՝ Սամվել Դարբինյանի սաները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեցին հաղթանակը, որը կարող էր դառնալ առաջինը պաշտոնական խաղերում: Այդուհանդերձ, այդ հաղթանակը իրականություն դարձավ նույն մակեդոնացիների հետ պատասխան խաղում, որը կայացավ 1995-ի սեպտեմբերի 6-ին Սկոպիեում: Կրկին Գրիգորյանի ու Շահգելդյանի գոլերի շնորհիվ մեր թիմը հաղթեց 2-1 հաշվով: Հետաքրքիր է, որ այս անգամ էլ մերոնք էին պարտվում 0-1, բայց կամային հաղթանակ տարան. այսպես Հայաստանի ընտրանու պատմության մեջ առաջին պաշտոնական հաղթանակը կայացավ արտագնա խաղում:

Աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական փուլում հավաքականները նորից երկու հանդիպում անցկացրին: 2004-ի օգոստոսի 8-ին Սկոպիեում Հայաստանը պարտվեց 0-3 հաշվով: 2005-ի հունիսի 4-ին Երեւանում տեղի ունեցած պատասխան հանդիպմանը նորից հաղթեցին բալկանցիները՝ 2-1: Հյուրերի առաջատար Պանդեւի երկու գոլերին մեկ անգամ պատասխանեց մեր թիմի ծագող աստղ Էդգար Մանուչարյանը: 

«Եվրո-2012»-ում, որը Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենահաջողվածներից էր, թիմերը 2010-ի սեպտեմբերի 7-ին հանդիպեցին Սկոպիեում: Յուրա Մովսիսյանի ու Էդգար Մանուչարյանի գոլերը, ցավոք, չօգնեցին Վարդան Մինասյանի թիմին հաղթանակ տանել: Խաղավարտին Արարատ Առաքելյանի ձեռքով խաղը սեփական տուգանայինում հանգեցրեց 11-մ հարվածի, եւ խաղն ավարտվեց 2-2: Այդուհանդերձ, այդ խաղը ցույց տվեց մեր ընտրանու մեծ ներուժը, որը ռեալիզացվեց հետագա մրցելույթներում: Հայ ֆուտբոլիստները 2011-ի հոկտեմբերի 7-ին Մարկոսի, Հենրիխ Մխիթարյանի, Գեւորգ Ղազարյանի ու Արթուր Սարկիսովի գոլերի շնորհիվ բալկանցիներին հաղթեցին 4-1 հաշվով:

Հերթական երկու հանդիպումները կայացան Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության ժամանակ: 2018-ի սեպտեմբերի 9-ին Սկոպիեում տանտերերը հաղթեցին 2-0, սակայն նույն տարվա հոկտեմբերի 16-ին հայ ֆուտբոլիստներն արժանի ռեւանշի հասան 4-0 հաշվով: Գոլերը խփեցին Մարկոսը, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը:

Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության շրջանակներում 2020 թ․ սեպտեմբերի 5-ին մերոնք Սկոպիեում պարտվեցին 1-2 հաշվով։ Ընդ որում՝ բոլորը գոլերը խփվեցին 11-մ հարվածից։ Մերոնցից խաղավարտին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը։ Պատերազմի պատճառով պատասխան խաղը կայացավ չեզոք դաշտում՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում, նոյեմբերի 18-ին։ Հովհաննես Համբարձումյանի միակ գոլը հաղթական էր։ Այդ հաղթանակի շնորհիվ մեր թիմն առաջին անգամ հաղթող դարձավ Ազգերի լիգայի խմբային փուլում, ինչը մյուս խաղարկությունում նրան հնարավորություն տվեց խաղալ ավելի բարձր լիգայում (դիվիզիոնում)։

Թիմերի միջեւ եւս երկու խաղ կայացավ աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում: 2021-ի սեպտեմբերի 2-ին Սկոպիեում գրանցվեց 0-0, իսկ ահա նոյեմբերի 11-ին մերոնք Երեւանում խայտառակ պարտություն կրեցին 0-5 հաշվով:  

Հարկ է նկատել, որ ոչ մի թիմի հետ Հայաստանն այնքան շատ չի խաղացել, որքան Հս. Մակեդոնիայի: Իսկ այսօր կայանալիք 13-րդ մրցավեճը գործող ռեկորդի թարմացում կլինի:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter