
Բաքվում իրատեսական են համարում Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը
Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր կնքելու իրական շանսեր ունեն Ադրբեջանի կողմից «իր ողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնումից հետո»։ Նման հայտարարությամբ, ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության, հանդես է եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները: <...> Նշվել է, որ Ադրբեջանի կողմից իր ողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության վերականգնումից հետո երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման իրական շանսեր կան»,- ասված է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ադրբեջանական ԱԳՆ-ում նշել են, որ Ադրբեջանը հույս ունի, որ «Հայաստանը կգնահատի այդ հնարավորությունը»։
«Ընդգծվել է, որ կարևոր է խուսափել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերին խոչընդոտող սադրիչ քայլերից, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված կոչերին աջակցող հայտարարություններից»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ APA գործակալության
Մեկնաբանել