HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գազայում հրթիռակոծվել է տեղի հիվանդանոցներից մեկը. կան հարյուրավոր զոհեր

Հոկտեմբերի 17-ի երեկոյան հրթիռակոծվել է Գազայի հատվածի կենտրոնում գտնվող բապտիստական հիվանդանոցը։ Ինչպես փոխանցում է Al Jazeera-ն, ըստ վերջին պաշտոնական տվյալների` զոհվել է առնվազն 500 մարդ։ Պաղեստինյան «Համաս» խմբավորման ներկայացուցիչները հրթիռակոծության մեջ մեղադրում են Իսրայելին։ Իսրայելն էլ իր հերթին հայտարարել է, որ հրթիռակոծության պատասխանատուն «Իսլամական ջիհադ» խմբավորումն է։ 

Միևնույն ժամանակ, Պաղեստինի առողջապահության նախարարությունը զոհերի թիվը դեռևս գնահատում է 200-300, բայց և չի հերքում առնվազն 500 թիվը։ Այդ կառույցի ներկայացուցչի խոսքով՝ հարյուրավոր մարդիկ դեռևս գտնվում են փլատակների տակ։ 

BBC-ն, հղում անելով հոսպիտալի աշխատակիցներին, հայտնում է, որ հիվանդանոցի մի մասն այրվել է։ «Ես չգիտեմ, թե արդյոք դա անհետաձգելի բուժօգնության սենյակն է: Բայց դա հաստատ վիրահատարան է, տանիքի մի մասը փլուզվել է։ Ամենուր ապակիներ են»,- բրիտանական լրատվամիջոցին պատմել է վիրաբույժ Հասան Աբու Սիտան։

Մեկ այլ բժիշկ էլ պնդում է, որ հիվանդանոցի 80%-ը հարվածից հետո չի գործում:

Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ Գազայի հիվանդանոցին Իսրայելի հնարավոր ավիահարվածի մասին հաղորդագրությունները դեռ ուսումնասիրվում են: «Կան բազմաթիվ ավիահարվածներ, բազմաթիվ անհաջող արձակումներ և «Համաս»-ի բազմաթիվ կեղծ հաղորդագրություններ», - նշել է նա:

Ավելի ուշ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ, նախնական տվյալներով, հարձակման պատասխանատուն «Իսլամական ջիհադ» խմբավորումն է։ Նշվում է, որ հիվանդանոցին հարվածելուց առաջ խմբավորումը հրթիռ է արձակել մոտակայքում գտնվող կետից: 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնաբանել է այս հարվածը։ 

«Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակվել են բարբարոս ահաբեկիչները, այլ ոչ թե ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակը- խմբ.): Նա, ով դաժանորեն սպանեց մեր երեխաներին, սպանում է նաև իր երեխաներին»,- գրել է Իսրայելի վարչապետը։

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը տեղի ունեցածի կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարել:

Միևնույն ժամանակ, Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալա քաղաքում բողոքի ցույցեր են սկսվել: Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, տեղի բնակիչները պահանջներ ունեն պաղեստինյան ղեկավարությունից, թե ինչու Աբասի կառավարությունը չի միջամտում Գազայի հատվածում ընթացող իրադարձություններին։ Ցուցարարները պահանջել են նաև, որ Աբասը չհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Al Jazeera-ն փոխանցում է, որ ուժայինները արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառել։

«Ամբողջական քաոսի տեսարաններ: Փողոցային մարտեր են ընթանում։ Պաղեստինյան ոստիկանությունը դժվարությամբ է վերահսկում իրավիճակը։ Իրավիճակը կարող է շատ սարսափելի դառնալ»,- հայտնել է արաբական լրատվամիջոցի թղթակիցը։

AFP-ն էլ փոխանցել է, որ տասնյակ ցուցարարներ Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գրոհել են Իսրայելի դեսպանությունը։

«Ցուցարարները անցել են անվտանգության ուժերի տեղադրած պատնեշով և շարժվել դեպի դեսպանատուն, սակայն ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել նրանց ցրելու համար»,- փոխանցում է AFP-ն։

Սոցիալական ցանցերում հայտնում են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բողոքի ցույցերի մասին: Նշվում է, որ ցուցարարները պահանջում են, որ «Հեզբոլլահ»-ը միանա Իսրայելի դեմ պատերազմին: 

Բացի այդ, սոցցանցերի օգտատերերը պնդում են, որ բողոքի ցույցերի են դուրս եկել նաև Ստամբուլի ու Անկարայի բնակիչները: Al Jazeera-ն գրում է, որ Ստամբուլում փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ։

Լուսանկարը՝ ndtv.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter