
Զապորոժիեում հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա. կա 2 զոհ
ՌԴ զինված ուժերի կողմից Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի հրթիռակոծության հետևանքով ավերվել է հինգհարկանի բնակելի շենքի երկու շքամուտք։ Այդ մասին հայտարարել է Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը։ Երկու մարդ զոհվել է։
Կուրտևի տվյալաներով՝ ևս 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, շենքի 4 բնակիչ էլ համարվում է անհետ կորած։ Զապորոժիեի մարզային խորհրդի ղեկավար Յուրի Մալաշկոն ևս հայտնել է 3 վիրավորի և 2 զոհի մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Զապորոժիեի բնակելի շենքին հարվածն անվանել է «ռուսական տեռորի» դրսևորում։ Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, «ովքեր անտարբեր չեն մնում և օգնում են մեզ հաղթահարել այն»։
Զելենսկին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին ու ընդգծել, որ «ռուսական տեռորը պետք է պարտվի»:
Լուսանկարները՝ Զապորոժիեի մարզային զինվորական վարչակազմի
Մեկնաբանել