HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլենդելում ԱՄՆ իրավապահները կրիպտոարժույթով ապօրինի գործարքներ անող հայաստանցիների խումբ են բացահայտել

2023, oգոստոսի 24, Գլենդելի Pelanconi այգի

Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) և Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) գործակալներն այգու տարածքում գաղտնի հսկողություն են սահմանել և սպասում են ՀՀ քաղաքացի Սամվել Գրիգորյանի և FBI-ի գաղտնի աղբյուրի (ինֆորմատոր) հանդիպմանը։

Ինֆորմատորի ձեռքում շագանակագույն տոպրակ է, որի մեջ 42 հազար ԱՄՆ դոլար կա, իսկ շապիկի տակ տեղադրված է ձայնագրող սարք և հաղորդիչ, որը թույլ է տալիս գործակալներին իրական ժամանակում լսել և ձայնագրել խոսակցությունը։ Ինֆորմատորը մեղավոր է ճանաչվել մեթամֆետամին տեսակի թմրանյութ վաճառելու մեջ և այժմ համագործակցում է իրավապահ մարմինների հետ։

Ժամը 13:20-ին ինֆորմատորին մոտենում է սեւ գույնի «Mercedes Benz»-ը, որի միջից դուրս են գալիս Սամվելն և FBI-ին անհայտ ևս մեկ հոգի։ Ծանոթանալուց հետո Սամվելը և ինֆորմատորը նստում են մեքենայի մեջ, իսկ երրորդ անձը, ծխելով, սպասում է դրսում։ 

Մեքենայի մեջ ինֆորմատորը Սամվելին փոխանցում է 42  հազար ԱՄՆ դոլար։ Րոպեներ անց FBI-ին պատկանող կրիպտո դրամապանակի վրա Սամվելը փոխանցում է 40 հազար դոլարին համարժեք 1.5329 բիթքոյն, իսկ 2 հազար դոլարը` գործարքի 5%-ը, Սամվելի վճարն է։ 

Հանդիպման ընթացքում Սամվելն ինֆորմատորի վստահությունը շահելու համար նրան ցույց է տալիս իր կրիպտո դրամապանակի վերջին գործարքները, ասում, որ վերջին երկու օրվա մեջ 40-300 հազար դոլարի գործարքներ է արել: Պարծենում է, որ չորս գործարք է արել, որի ընդհանուր արժեքը եղել է 1 մլն դոլար։ Սամվելն ինֆորմատորին ասում է, որ կրիպտո գործարքներ է անում նաև այլ երկրներում՝ Եվրոպայում, Ռուսաստանում։

 -Ի՞նչ բիզնեսով ես զբաղվում,- Սամվելը հարցնում է ինֆորմատորին։

-Հաջորդ անգամ կասեմ,- պատասխանում է ինֆորմատորը, նշելով, որ Չինաստանից հումք են գնում, որն այնուհետև ուղարկում են ԱՄՆ։

-Կարաս ինձ վստահես, մի անհանգստացի, էս իմ բիզնեսն ա, էրեխեք ունեմ, հասկանում ես, եթե խաբեմ, չեմ կարա բիզնես անեմ,- վստահեցնում է Սամվելը։

Փոխանցումն անելուց հետո՝ ժամը 13:30-ին, Սամվելը կանխիկ գումարով տոպրակը մեքենայի պատուհանից փոխանցում է դրսում սպասող անձին, որը նստում է սպիտակ գույնի «Kia» մակնիշի մեքենան և հեռանում, իսկ Սամվելն ու ինֆորմատորը դուրս են գալիս այգի։

Կարճ ժամանակ անց նրանց մոտենում է սպիտակ «Mercedes Benz»-ը, որի ղեկին է Սամվելից գումարը վերցրած անհայտ անձն ու FBI-ի ուշադրության տակ գտնվող Սամվելի գործընկերը՝ ՀՀ քաղաքացի Հայկ Մարտիրոսյանը։ Սամվելը ծանոթացնում է ինֆորմատորին և Հայկին, վերջինիս ներկայացնում է որպես իր եղբայր և ասում, որ հաջորդ անգամ, եթե ինքը չկարողանա գործարքին մասնակցել, իրեն կփոխարինի Հայկը։

-Ես իմ երկրում էլ ունեմ գրասենյակներ, ցանկացած մարդ, որ կրիպտոյի փոխանակմամբ ա զբաղվում, գիտի ինձ,- ասում է Սամվելը։

Այսքանով առաջին գործարքը ավարտվում է։  

2023, oգոստոսի 28, Գլենդելի Pelanconi այգի։

Չորս օր անց FBI-ը կազմակերպում է երկրորդ հանդիպումը, նույն վայրում։ Ինչպես և առաջին անգամ, ինֆորմատորը WhatsApp հավելվածով կապ է հաստատում Սամվելին և  Հայկին պատկանող կրիպտո փոխանակման ծառայության հետ և պայմանավորվում է 60 հազար ԱՄՆ դոլարին համարժեք բիթքոյն ձեռք բերել։

Այս անգամ Սամվելը և Հայկը Pelanconi այգի գալիս են մի մեքենայով։ Ինֆորմատորն այգի է գալիս քաղցրավենիքի տուփով, որի մեջ քաղցրավենիքի փոխարեն կանխիկ 63 հազար դոլար կա, հանդիպում է Հայկին և Սամվելին։ Նրանք երեքով նստում են մեքենան։ Սամվելը վերցնում է գումարը և FBI-ի կրիպտո դրամապանակին փոխանցում է 60 հազար դոլարին համարժեք 2.307 բիթքոյն և պահում է մնացած 3 հազար դոլարը։

Ինչպես և ինֆորմատորը խոսք էր տվել, Սամվելին և Հայկին պատմում է իր բիզնեսի մասին, ասում է, որ թմրանյութերի գործ է անում։

-Քո մարդիկ դռագերը (անգլերեն՝ թմրանյութ) ստե՞ղ են բերում,- հարցնում է Սամվելը։

-Չէ, ստեղ չէ, Մեքսիկա,- պատասխանում է ինֆորմատորը։

Հանդիպման ընթացքում ինֆորմատորը պատմում է, որ թմրանյութեր պատրաստելու համար Չինաստանից քիմիական հումքը բիթքոյնով գնում են և ուղարկում են Մեքսիկա, որտեղ էլ պատրաստում են թմրանյութը, հետո այն տեղափոխում ԱՄՆ։ Իսկ թմրանյութի վաճառքից գոյացած կանխիկ գումարը կրիպտոյի միջոցով ուղարկվում է Չինաստան։

2023, սեպտեմբերի 6, Գլենդելի Pelanconi այգի։

Երրորդ գործարքը ինֆորմատորի և Սամվելի միջև տեղի Է ունենում նույն սխեմայով։

Կողմերը հանդիպում են նույն այգում, մեքենայի մեջ ինֆորմատորն այս անգամ փոխանցում է 43 հազար ԱՄՆ դոլար։ Գումարը Հայկը վերցնում է և հեռանում է այգուց, իսկ Սամվելը FBI-ի կրիպտո դրամապանակին փոխանցում է 39,850 USDT (բիթքոյնի այլ տեսակ)։

Հանդիպման ժամանակ Սամվելը ինֆորմատորին տեղեկացնում է, որ հաջորդ գործարքները կանի Հայկի հետ, քանի որ ինքը սեպտեմբերի 10-ին կամ 12-ին պետք է մեկնի Հայաստան։

Այս երեք գործարքների արդյունքում FBI-ը ձեռք է բերում հիմնավոր ապացույցներ, որ Սամվելը և Հայկը զբաղվում են բիթքոյնի ապօրինի փոխանակմամբ, ավելին՝ իմանալով, որ գումարները փոխանակող անձը ներգրավված է թմրանյութերի վաճառքի մեջ, չեն մերժում նրան և կատարում են գործարքը։

Հայաստանից Մեքսիկա, այնուհետև՝ ԱՄՆ

Այս դեպքերից երկու տարի առաջ՝ 2021-ի դեկտեմբերին, Սամվելը Հայաստանից մեկնել է Մեքսիկա և Տիխուանա քաղաքից փորձել է հատել ԱՄՆ-ի սահմանը՝ դեպի Սան Դիեգո՝ օգտագործելով ԱՄՆ կեղծ անձնագիր։

Սահմանակետում նրան ձերբակալել են, Սամվելն ԱՄՆ-ում ապաստան ստանալու հայց է ներկայացրել և պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Միացյալ Նահանգներում և բնակություն է հաստատել Գլենդելում։

Հայկը նույնպես Հայաստանից մեկնել է Մեքսիկա 2023-ի մարտին, այնուհետև փորձել է հատել ԱՄՆ սահմանը Տիխուանա քաղաքից։ Ձերբակալվելուց հետո նույնպես ապաստան է խնդրել և պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Միացյալ Նահանգներում։ Հայկն ԱՄՆ միգրացիոն մարմնում որպես իր հասցե նշել է Սամվելի բնակության վայրը Գլենդելում։

Կրիպտոարժույթի փոխանակման բիզնեսը Հայաստանում

Ըստ բաց աղբյուրներում առկա տվյալների՝ Սամվելի coinexchange.am-ը՝ կրիպտոյի փոխանակման կետը, օնլայն սկսել է գործել 2014-ին։ Ի տարբերություն այժմ շուկայում գործող տասնյակ փոխանակման կետերի՝ 2014-ին կրիպտոյի փոխանակման բիզնեսը Հայաստանում նոր-նոր էր զարգանում։

Ամենայն հավանականությամբ, այս գործունեությունը Սամվելը իրականացրել է 2013-ին իր անունով գրանցված ԱՁ-ով։ Ըստ ՊԵԿ-ի տնտեսական գործունեության դասիչի՝ ԱՁ-ն զբաղվել է «Ֆինանսական միջնորդությանն առնչվող օժանդակ գործունեությամբ, բացի ապահովագրությունից և կենսաթոշակային ապահովությունից»։ ԱՁ-ի գործունեությունը այժմ ժամանակավորապես դադարեցված է։

«Քոին-Էքսչենջ» անունով ՍՊԸ-ն հիմնադրվել է 2022-ի հոկտեմբերի 10-ին, 100% բաժնեմասը պատկանում է Սամվելի քրոջը՝ Նարինե Գրիգորյանին։ 

Հավանաբար, Սամվելը սկզբում կրիպտոյի առք ու վաճառքով զբաղվել է միայն օնլայն հարթակներում՝ «Viber», «WhatsApp» և այլ մեսենջերներով ու հեռախոսով, որոշ ժամանակ անց Երևանի Թումանյան փողոցում բացվել է նաև փոխանակման կետը։ Այն մինչ այժմ գործում է։

Ինստագրամում coinexchange.am-ը ունի ավելի քան 5 հազար հետևորդ։ Էջում տեղադրված հոլովակներից մեկում փոխանակման կետը գովազդող երիտասարդ կինը ասում է՝ «Բիթքոյն գնելուց և վաճառելուց փաստաթղթեր ընդհանրապես չեն պահանջվում։ Կազմակերպությունը ունի գրասենյակներ ոչ միայն Երևանում, այլև Ռուսաստանում, Լոս Անջելեսում, Վրաստանում, Դուբայում, Պարսկաստանում և այլ երկրներում»։

Ինստագրամում Սամվելն իր անձնական էջում տեղադրել է փոխանակման կետի կայքը, իսկ նրա կինը իր էջով մի քանի անգամ տարածել է փոխանակման կետի գովազդը։

Քրեական գործն ու ձերբակալությունը

Այս տարվա սեպտեմբերին հարուցվել է քրեական գործ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը մեղադրվում են գումարների փոխանցման չլիցենզավորված բիզնես աշխատեցնելու, այս հանցանքն իրականացնելու համար իրար օգնելու և դրդելու մեջ, որը համարվում է ծանր ֆինանսական հանցագործություն (felony)։ Բռնագանձման ենթակա են նաև հանցավոր գործողություններից ձեռք բերված բոլոր միջոցները։

Երրորդ գործարքից ընդամենը 5 օր անց՝ սեպտեմբերի 11-ին, ձերբակալել են Հայկին։ Քրգործի փաստաթղթերից պարզ չէ՝ արդյոք Սամվելը կարողացել է վերադառնալ Հայաստան, ամեն դեպքում Սամվելին ձերբակալելու միջնորդությունը ներկայացվել է սեպտեմբերի 22-ին, Հայկի ձերբակալությունից հետո։

Հայկի և Սամվելի գործով առաջին նիստը, որը քննելու է Երդվյալ ատենակալների դատարանը, նշանակված է այս տարվա նոյեմբերի 14-ին։ Նրա շահերը պաշտպանելու է Լոս Անջելեսում գործող Mgdesyan Law Firm ընկերությունը։

Հայկն իր մեղքը չի ընդունել։

Պետք է նշել, որ ի տարբերություն Հայաստանի՝ ԱՄՆ-ն օրենսդրական փոփոխություններ է մտցրել և այժմ փորձում է կրիպտոյի փոխանակման կետերն ամբողջությամբ բերել օրինական դաշտ և ստիպել, որ դրանք հարկեր վճարեն։

Ըստ ԱՄՆ-ում գործող օրենքի՝ ապօրինի գործունեությունից ծագած փողերի լվացումը կանխելու համար կրիպտոյի առք ու վաճառքով զբաղվող անհատներից և ընկերություններից պահանջվում է լիցենզիա, որը ենթադրում է մի շարք կարգավորումներ, ինչպիսին է օրինակ KYC (know your client)՝ հաճախորդի ինքնության հստակ ապացույցներ ձեռք բերելու քաղաքականության կիրառումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter