HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

30 հազ. եվրո փոխհատուցում. ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ զինծառայողի կյանքի իրավունքը խախտելու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ ժամկետային զինծառայող Մարատ Դիմաքսյանի մահվան գործով: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 30 հազ. եվրոյի չափով ոչ նյութական վնասի հատուցում տալ մահացած զինծառայողի ծնողներին:

2010թ. նոյեմբերին Մարատ Դիմաքսյանը զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Արցախի զինված ուժերում:

2012թ․ փետրվարի 5-ին, մարտական հերթափոխի ժամանակ, իր հետ հերթապահություն իրականացնող ծառայակցի կողմից Մ. Դիմաքսյանը ստացել է հրազենային վնասվածք ուսի շրջանում։ Դիմաքսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ արյան սուր կորստից։ 

Նույն օրը հարուցվել է քրեական գործ և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառը և մարմնի վրա վնասվածքների առկայությունը։ Ծառայակցին մեղադրանք է առաջադրել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու և անզգուշությամբ մահ պատճառելու հատկանիշներով:

Ըստ մեղադրանքի՝ 2012թ. փետրվարի 5-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Գ.Ա-ն և Մ.Դիմաքսյանը հենակետում հերթապահություն իրականացնելիս աղմուկ և շան հաչոց են լսել։ Նրանք միասին գնացել են աղմուկի ուղղությամբ՝ քայլելով մոտ հինգ մետր։ Գ.Ա-ն  ավելի ապահով զգալու համար լիցքավորել է իրեն հատկացված ինքնաձիգը։ Պարզվելով, որ այլևս աղմուկ չկա, վերադարձել են իրենց դիրքերը։ Վերադարձին Մ.Դիմաքսյանը հիշեցրել է ծառայակից ընկերոջը, որ նրա ինքնաձիգը դեռ լիցքավորված է, սակայն Գ.Ա.-ն, խախտելով ինքնաձիգով վարվելու կանոնները, անտեսել է ասածը՝ կարծելով, որ փակել է ձգանի փականը։ Այնուհետև նրանք կրկին աղմուկ են լսել և որոշել են մեկ անգամ ևս զննել տարածքը: Գ.Ա. որոշել է գնալ աջ, իսկ Մ.Դիմաքսյանը՝ ձախ։ Մինչ աջ թեքվելը՝ Գ.Ա. ձեռքերը հանել է գրպաններից և աջ ձեռքով բռնել ինքնաձիգի բռնակը: Այդ ժամանակ ցուցամատը պատահաբար դիպչել է ձգանին: Գնդակը պատահմամբ դիպչել է Մ. Դիմաքսյանին ուսագոտու աջ հատվածին՝ պատճառելով հրազենային ծակող վնասվածք։ Կրակոցի արդյունքում Մ.Դիմաքսյանն ընկել է գետնին, ինչի հետևանքով Գ.Ա. վնասվածքը հայտնաբերելու համար հանել է հագուստը և օգնություն կանչել:

Օգնության են եկել այլ զինծառայողներ, ովքեր Մ.Դիմաքսյանին պատգարակով տարել են բլինդաժ՝ սպասելով տրանսպորտային միջոցի՝ զինհոսպիտալ տեղափոխելու համար։ Այնուհետև զինծառայողները Մարատ Դիմաքսյանին նստեցրել են բեռնատարը, որպեսզի տեղափոխեն զինվորական հոսպիտալ:

Ճանապարհը եղել է խորդուբորդ ու անանցանելի, իսկ պատգարակը բեռնատարի մեջ շարժվել է մի կողմից մյուսը: Զինծառայողները դժվարությամբ են պահել այն։ Նրանցից պահանջվել է մոտ 15 րոպե՝ հաղթահարելու 400 մետրը, որից հետո հանդիպել են բժշկական մեքենային, որը մեկ այլ հենակետից դեպի իրենց է շարժվել։ Վիրավոր զինծառայողին տեղափոխել են բժշկական ավտոմեքենա: Այդ ժամանակ Մ.Դիմաքսյանը դեռ ողջ էր:

Շուրջ 6 կիլոմետր անցնելով՝ բժշկական ավտոմեքենան գերտաքացել է։ Մեքենան կանգնեցրել են ռադիատորի մեջ ջուր լցնելու համար ու շարունակել ճանապարհը: Սակայն կարճ ժամանակ անց մեքենան կրկին գերտաքացել է։ Այդ պահին պատահաբար նրանց է մոտեցել մեկ այլ բեռնատար, և Մ. Դիմաքսյանին տեղափոխել են այնտեղ՝ ճանապարհը շարունակելու համար։

Ճանապարհին հանդիպել են իրենց մոտ եկող զինվորական հոսպիտալի շտապ օգնության մեքենային։ Բժիշկները փորձել են տեղում շտապ բուժօգնություն ցուցաբերել Մ.Դիմաքսյանին, սակայն նա արդեն մահացել է։

Մարտի 19-ին ստացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ հրազենային գնդակը ներս է մտել Դիմաքսյանի ուսագոտու աջ կողմից և դուրս եկել կրծքավանդակի ձախ մասից: Մահացել է արյան կորստի հետևանքով: Նրա մարմնի վրա արձանագրվել են այլ վնասվածքներ ևս:

2012թ. օգոստոսի 7-ին գործն ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար։ Դատաքննության ընթացքում Գ.Ա. հրաժարվել է ցուցմունք տալուց և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել: 

2013թ. ապրիլի 25-ին դատարանը Գ.Ա-ին մեղավոր է ճանաչել և նրան դատապարտել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով: Դատարանն իր վճռում անդրադարձել է միայն Գ.Ա.-ին վերագրվող իրավախախտման իրավական գնահատման հարցերին:

Մահացած զինծառայողի իրավահաջորդները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պատճառաբանելով, որ դատական գործընթացին լիարժեք մասնակցելու հարցում լուրջ դժվարությունների են հանդիպել, քանի որ դատավարությունը տեղի է ունեցել Ստեփանակերտում: Բարձրացրել են նաև այն հարցը, թե արդյոք հնարավոր կլիներ փրկել իրենց որդու կյանքը, եթե նրան տեղափոխող մեքենան ճանապարհին չփչանար։

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Իսկ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել:

ՄԻԵԴ-ն այս գործով ևս պնդել է, որ պարտադիր զինվորական ծառայություն անցնող անձինք, գտնվում են պետության հսկողության ներքո, հետևաբար պետությունը պարտավոր է պաշտպանել նրանց: 

Հայաստանի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ դեպքի առթիվ ծառայողական քննություն է կատարվել և 6 սպա ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, հետևաբար քննությունն իրականացվել է ամբողջ ծավալով և արդյունավետ:

ՄԻԵԴ-ն, անդրադառնալով այս հանգամանքին, նշել է, որ ներքին հետաքննության եզրակացությունները չեն կարող համարվել «վերջնական որոշում»՝ Եվոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) համատեքստում, քանի որ դրանք կրում են զուտ ներքին բնույթ և չեն առնչվում մահացած զինծառայողների հարազատներին:

Բացի այդ, ՄԻԵԴ-ը նշում է, որ, չնայած ձեռնարկված բոլոր քննչական միջոցառումներին, քննությունը չի կարողացել պարզել Մարատ Դիմաքսյանի մահվան հետ կապված որոշ կարևոր հանգամանքներ, ինչպես, օրինակ, նրան հիվանդանոց տեղափոխելու ընդհանուր ժամանակը և դիահերձման ժամանակ հայտնաբերված մի շարք ոչ հրազենային վնասվածքների բնույթն ու ծագումը, ներառյալ՝ կապտուկները և այլ վնասվածքները դեմքի և գլխի տարբեր մասերում: Դիահերձման ժամանակ արձանագրվել է, որ այդ վնասվածքները բութ առարկաներով հասցվել են Մ. Դիմաքսյանին դեռ կենդանի եղած ժամանակ, նրա մահից ոչ շատ առաջ կամ մահանալու ժամանակ, և կապված չեն մահվան պատճառի հետ:

Այս համատեքստում Եվրոպական դատարանը լուրջ կասկածներ է հայտնել ներպետական քննության նկատմամբ: Գտել է, որ այս գործով անցկացված քննությունը բավականաչափ մանրակրկիտ չի եղել, ինչի հետևանքով ամբողջությամբ չի լուսաբանվել պատահական կրակոցների և դրան հաջորդած Մ. Դիմաքսյանի մահվան հանգամանքները։ Հետևաբար, արձանագրել է Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter