Մշակվում է Գառնիի ակտիվ խզվածքի հատվածում համալիր հետազոտությունների ծրագիր
Հունիսի 29-ին ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ Գառնիի խզվածքի տարածքում հետազոտությունների ծրագրի մշակման վերաբերյալ խորհրդակցություն, որը վարում էր ԱԻ նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը:
Հանդիպմանը ներկա էին ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության, ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի, Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ի և այլ շահագրգիռ կազմակերպությունների մասնագետներ:
Հ. Մխիթարյանը շեշտեց, որ Գառնիի դիտարանը Հայաստանի համար կարևոր ռազմավարական նշանակության հետազոտությունների կենտրոն է, որտեղ համատեղ աշխատանքներ պիտի իրականացնեն ԱԻՆ և Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները։
Հաշվի առնելով դիտարանի ընձեռած հնարավորություններն ու կարևոր նշանակությունը` սեյսմիկ պաշտպանության բնագավառում ուսումնասիրություններ անելու համար` ներկայում մշակվում է Գառնիի ակտիվ խզվածքի հատվածում համալիր երկրաբանաերկրաֆիզիկական հետազոտությունների իրականացման ծրագիր։ Առաջարկություններ են ներկայացրել ԱԻՆ ՍՊԱԾ գործակալությունը, Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր ինստիտուտներ և խնդրին առնչվող այլ կառույցներ:
Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնի ներկայացուցիչը պատրաստակամություն հայտնեց տրամադրելու իրենց իրականացրած չափումների տվյալները` հաշվարկների ճշգրտությունն ավելի մեծացնելու համար։
Ծրագրի մշակման համար ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար հանդիպելու են, քննարկելու են ստացված առաջարկությունները, հետազոտությունների առաջնային ուղղությունները, համագործակցության ոլորտները և կազմելու են միջոցառումների պլան-ժամանակացույց։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել