HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորպորացիաների եւ դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների հայթայթում

Կորպորացիաներին պատասխանատու մոտեցում ցուցաբերել ստիպելու հարցում կարեւորագույն դեր են խաղում հետաքննող լրագրողները. նրանք են, որ ընկերությունները եւ դրանց սեփականատերերին խորապես ուսումնասիրելու շնորհիվ բացահայտում են աշխատանքային չարաշահումները, բնապահպանական խախտումները, կորպորացիաների անպատժելիությունն ու այլ ապօրինությունները:

Այնուամենայնիվ, կորպորացիաների վերաբերյալ պետական ռեեստրներում առկա տվյալները միայն սառցաբեկորի գագաթն են, եւ, ցավոք, ընկերության իրական սեփականատերերի ինքնությունը կարող է անհայտ մնալ: Իրական սեփականատերերին (անգլ.՝ beneficial owners) քողարկելու նպատակով ստեղծվում են դրածո ընկերություններ (անգլ.՝ shell companies):

Լավ նորությունն այն է, որ կան ընկերությունների մասին տեղեկություններ հայթայթելու բազմաթիվ միջոցներ՝ պարզելու, թե իրականում ովքեր են նրանց սեփականատերերը, ինչ գործունեություն են ծավալում եւ այլն: Դրանց թվում են՝

  • անվճար տվյալների բազաները,
  • բաժանորդագրության տվյալների բազաները,
  • պաշտոնական ռեգիստրները,
  • կորպորատիվ կայքերը,
  • դատական արձանագրությունները,
  • որոնումը համացանցում,
  • ոլորտային մասնագիտական աղբյուրները,
  • սոցիալական մեդիան:

GIJN-ի այս ուղեցույցում նկարագրված են ընկերությունների մասին տեղեկությունների պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրները:

Միջազգային անվճար ռեսուրսներ

Շահույթ չհետապնդող մի շարք խմբեր տեղեկությունների այլ աղբյուրների հետ մեկտեղ հավաքում են այն հաշվետվությունները, որոնք ընկերությունները պետք է ներկայացնեն կառավարություններին:

Ստորեւ տվյալների լավագույն հավաքածուներն են: 

OpenCorporates-ը տվյալների բաց աղբյուր է` ավելի քան 220 միլիոն ընկերությունների վերաբերյալ տեղեկություններով: Տվյալները հավաքվում են ավելի քան 1400 ազգային բիզնես ռեգիստրներից: Այստեղ հնարավոր է գտնել այնպիսի տվյալներ, ինչպիսիք են ընկերության հիմնադրման ամսաթիվը, նրա գրանցման հասցեները, տնօրենների եւ պաշտոնյաների անունները եւ նույնիսկ ընկերությունների միջեւ կապերը: Հետեւեք այս բլոգի թարմացումներին եւ օրինակներին՝ բացահայտելու, թե ինչպես են լրատվամիջոցներն օգտագործում OpenCorporates-ը: Լրագրողները, հասարակական կազմակերպությունները, գիտնականները եւ ի շահ հանրության գործող այլ օգտատերերը կարող են դիմել անվճար API բանալի ստանալու համար:

OCCRP-ի (անգլ.՝ Organized Crime and Corruption Reporting Project, հայ.՝ Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) Investigative Dashboard-ում առկա են որոնմանը համապատասխանող միլիոնավոր նյութեր ողջ աշխարհի տվյալների աղբյուրներից, որոնց թվում շատերը վերաբերում են կորպորացիաներին: Փնտրեք փաստաթղթեր Aleph հարթակում (սեղմեք «search» («որոնում») ընդլայնված որոնման համար): Այստեղ առկա է 38 երկրների ընկերությունների ռեգիստրների վերաբերյալ ուղեցույց, որը 226 միլիոն հանրային գրառումներ պարունակող տվյալների բազաների ավելի մեծ կատալոգի մի մասն է: Ոչ բոլոր տվյալների բազաներն են (այդ թվում՝ արտահոսած տվյալների) հասանելի հանրությանը որոնման համար: Այդուհանդերձ, գրանցված լրագրողները կարող են մուտք գործել: Լրագրողները կարող են նաեւ դիմել հետազոտության անվճար օգնության համար, ներառյալ որոնումները այն կոմերցիոն տվյալների բազաներում, որոնց OCCRP-ն բաժանորդագրված է: Սա լավ ներածություն է, իսկ այստեղ կարելի է կարդալ GIJN-ի հոդվածը` տվյալների բազայից օգտվելու յոթ խորհուրդներով, օրինակ՝ ծանուցումների գործառույթը, որը կօգնի ձեզ միշտ տեղեկացված լինել նոր իրադարձություններին, որոնք առնչվում են ձեր կողմից հետաքննվող անհատներին կամ ընկերություններին: Տե՛ս նաեւ GitHub-ի՝ օգտատիրոջ ձեռնարկը՝ որոնման եւ այլ խորհուրդներով, եւ Elastic-ի այս հրապարակումը, որտեղ ավելի մանրամասն ներկայացված են հարցումների տողերը (անգլ.՝ string queries):

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (անգլ.՝ International Consortium of Investigative Journalists) ICIJ Offshore Leaks տվյալների բազան կորպորատիվ տեղեկությունների տվյալների բազա է, որը հիմնված է ավելի քան 810,000 օֆշորային ընկերությունների եւ տրաստների մասին արտահոսած փաստաթղթերի վրա: Տվյալների այս բազայում կարելի է որոնում կատարել օֆշորային ընկերությունների հետ կապվող անուններով, ընկերություններով եւ հասցեներով, ինչպես նաեւ՝ ըստ երկրի կամ իրավասության: ICIJ-ի՝ Պանամական փաստաթղթերի (Panama Papers) եւ ավելի վերջերս հրապարակված Պանդորայի փաստաթղթերի (Pandora Papers) վրա հիմնված պատմությունների արխիվը ընթերցանության լավ նյութ է: Տե՛ս նաեւ ICIJ-ի «Ինչպես անել» էջը եւ նրանց տեսանյութերի շարքը՝ Offshore Leaks տվյալների բազայի որոնումները նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Panjiva-ն օգտագործողի համար հարմար ներմուծման/արտահանման տվյալների բազա է՝ 8 միլիոն ընկերությունների եւ ավելի քան 1 միլիարդ բեռնափոխադրումների մասին տեղեկություններով: Հատկանշական է, որ ապրանքանիշները կարող են հրաժարվել տեղեկության հանրայնացումից: Այստեղ  ներառված են տվյալներ ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Հարավային Ամերիկայի եւ այլ երկրների վերաբերյալ: Յուրաքանչյուր առանձին դեպքի համար լրագրողներին անհատապես կարող է անվճար մուտք տրամադրվել: Լրագրողները հավելյալ տեղեկությունների համար կարող են դիմել հետեւյալ հասցեով՝ [email protected]:

Բիզնեսի եւ մարդու իրավունքների ռեսուրս կենտրոնը (անգլ.՝ Business & Human Rights Resource Centre) ունի ավելի քան 20,000 ընկերությունների՝ մարդու իրավունքների վրա նրանց ունեցած ազդեցության վերաբերյալ նորություններ եւ մեղադրանքներ. դրանց աղբյուրներն են լրատվական նյութերը, քաղաքացիական հասարակության հաշվետվությունները եւ ընկերությունների ներկայացրած տեղեկությունները: Ներառված են հագուստի եւ տեքստիլի 275 ապրանքանիշներ, արդյունահանող 142, հյուրանոցային 35 եւ տեխնոլոգիական 81 ընկերություններ:

Սեփականատերերի բաց ռեգիստրը (անգլ.՝ Open Ownership Register) ներառում է Ուկրաինայում, Միացյալ Թագավորությունում, Դանիայում եւ Սլովակիայում իրական սեփականատերերի վերաբերյալ (beneficial ownership) ամեն ամիս թարմացվող ազգային տվյալներ: Ռեգիստրը վարում է Open Ownership ՀԿ-ն, որը ջատագովում է կորպորատիվ սեփականության մասին տեղեկությունների հրապարակման գործընթացի բարելավումը: ՀԿ-ն կազմել է քարտեզ, որտեղ կարելի է հետեւել երկրների՝ իրական սեփականատերերի թափանցիկության վերաբերյալ հանձնառություններին եւ դրանց իրականացմանը: Տե՛ս նաեւ նկարագրական ուղեցույցը: Երկրների մասին գրառումները երբեմն պարունակում են հղումներ դեպի ազգային տվյալների շտեմարաններ, ինչպիսին, օրինակ, Նիգերիայի Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնության աուդիտի հաշվետվությունների ռեեստրն է:

Կոմերցիոոն աղբյուրներ

Գոյություն ունեն կորպորացիաների մասին տվյալների բազմաթիվ մասնավոր բազաներ, որոնցից շատերը ամբողջական տեղեկատվության համար պահանջում են բաժանորդագրություն: Անվճար մուտք գործել հաճախ հնարավոր է հանրային եւ համալսարանական գրադարանների միջոցով, բայց եթե անգամ այդ տարբերակն անհասանելի է, ապա կոմերցիոն տվյալների բազաների օգտագործման համար վճարելը կարող է արդարացված լինել: Իսկ որոշ ընկերություններ ավելի ցածր սակագին են առաջարկում լրագրողներին: 

Վաղուց ստեղծված տվյալների բազաներից մեկը D&B Hoovers-ն է: Նրա անվճար կայքն առաջարկում է Միացյալ Նահանգներում եւ արտերկրում գործող հազարավոր ընկերությունների համառոտ նկարագրություններ: Ավելի մանրամասն նկարագրությունները հասանելի են Nexis բաժանորդային ծառայությունում:

Բաժանորդագրությամբ այլ խոշոր մատակարարներ են՝ Orbis-ը Bureau van Dijk-ից, Bloomberg-ը, Crunchbase-ը, PrivCo-ն (ԱՄՆ մասնավոր ընկերությունների վերաբերյալ տվյալների աղբյուր), Thomson Reuters-ը, LexisNexis-ը եւ DueDil-ը:

Կոնկրետ երկրներին առնչվող կայքերը նույնպես արժանի են ուսումնասիրման, օրինակ՝ YouControl-ը, որն ունի ուկրաինական ընկերությունների 4 միլիոն տվյալներ 180 աղբյուրներից:

Google Finance-ը տրամադրում է օգտակար վերլուծություններ ընկերությունների բաժնետոմսերի գների եւ շահաբաժինների մասին, ընկերության վերաբերյալ նորություններով հոդվածների թարմացվող ցանկ, ինչպես նաեւ` եռամսյակային եւ տարեկան եկամուտների հաշվետվությունները: AnnualReports.com-ը օգտակար ռեսուրս է` գտնելու ընկերությունների այն հաշվետվությունները, որոնք այդ ընկերությունների կայքերում կարող են թաղված լինել ամենաանտեսանելի մասերում:

Sayari-ն ամերիկյան հետազոտական ընկերություն է, որը 2018 թվականին գործարկել է բազմաշերտ տվյալների բազա: Այն «ընդգրկում է ընդլայնվող սահմանամերձ եւ օֆշորային շուկաներ»: Սա բաժանորդային ծառայություն է (ամսական 1000 դոլար), սակայն գործում է 30-օրյա անվճար փորձաշրջան. ընկերությունը շահագրգռված է աշխատելու լրագրողների հետ։

Վճարովի մատակարարների ցանկը մեծ է։ Մատչելի տարբերակները տեսնելու եղանակներից մեկը համալսարանական բիզնես դպրոցների գրադարանների կայքերը ստուգելն է:

Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցը կարող է պարծենալ հսկայական հավաքածուով, եւ թեեւ այդ ռեսուրսները հանրամատչելի չեն, առցանց կատալոգը կարող է ծառայել իբրեւ հնարավոր այլ ռեսուրսներ գտնելու հուշում:

Պետական պաշտոնական ռեգիստրներ  

Շատ կառավարություններ կորպորացիաներից պահանջում են գրանցվել, սակայն մեղմ կանոններից օգտվելով՝ նրանք հաճախ կարող են տրամադրել անհրաժեշտ նվազագույն եւ ապակողմնորոշող տեղեկություններ:

Ահա, թե որտեղ կարելի է գտնել ողջ աշխարհից նման ազգային ռեգիստրներ՝

Հղումներ մի քանի զարգացած երկրների վերաբերյալ ռեսուրսների

Միացյալ Նահանգներ

Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը (անգլ.՝ Securities and Exchange Commission) կորպորատիվ տեղեկություններ է պահում իր EDGAR համակարգում: Այս առցանց համակարգի միջոցով բոլոր բաց բաժնետիրական ընկերությունները ներկայացնում են իրենց եռամսյակային եւ տարեկան կորպորատիվ ու ֆինանսական հաշվետվությունները: Ցանկացած ոչ ամերիկյան ընկերություն, այդ թվում՝ Չինաստանից, Ռուսաստանից եւ ԵՄ-ից, որը գրանցված է ԱՄՆ ֆոնդային բորսայում, պետք է հաշվետվություն ներկայացնի այստեղ իր համաշխարհային գործունեության մասին։ Սրա շնորհիվ EDGAR-ը լրագրողների համար դառնում է ամբողջ աշխարհում կորպորացիաների վերաբերյալ տեղեկություններ հայթայթելու կարեւորագույն աղբյուր: Տվյալների բազան թույլ է տալիս ընկերության անվանումը եւ երկիրը նշելով որոնում կատարել՝ գտնելու պաշտոնական փաստաթղթեր եւ այլ տեղեկություններ, ներառյալ այս փաստաթղթերի չորս տարվա վաղեմության ամբողջական տարբերակները:

Կարելի է սկսել 10-K ձեւով տարեկան հաշվետվություններից, որտեղ ներկայացվում են ընկերության մանրամասն պատմությունը, աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունները, ղեկավարների աշխատավարձերը, ապրանքների եւ ծառայությունների նկարագրությունը եւ կազմակերպության, շուկաներում նրա գործունեության տարեկան ամփոփումը: 10-Q ձեւը եռամսյակային հաշվետվություն է, որը ներառում է աուդիտի չենթարկված ֆինանսական հաշվետվությունները եւ տեղեկություններ նախորդ երեք ամիսների ընթացքում ընկերության գործունեության մասին: 8-K ձեւն ընդգրկում է լրացուցիչ փաստաթղթեր այնպիսի հատուկ իրադարձությունների վերաբերյալ, ինչպիսիք են սնանկությունը, ակտիվների օտարումը, ղեկավարների հրաժարականները եւ ներդրողների համար կարեւոր այլ իրադարձություններ:

Ներդրումային ընկերությունների փաստաթղթերը նույնպես EDGAR-ում են: SEC 497 ձեւն օգտագործվում է ներդրումային ընկերությունների կողմից: Լրացուցիչ տեղեկությունների հաշվետվությունը (անգլ.՝ Statement of Additional Information, SAI) բաժնետիրական ներդրումային ֆոնդի ուրվագրի լրացում է։ Լրացուցիչ մանրամասների համար տե՛ս EDGAR-ի վերաբերյալ ուղեցույցը:

Այժմ ԱՄՆ-ը բազմաթիվ կորպորացիաներից եւ այլ բիզնես ընկերություններից պահանջում է տեղեկություններ հայտնել իրենց իրական սեփականատերերի մասին (անգլ.՝ Beneficial Ownership Information, BOI), այսինքն՝ այն անձանց, ում ի վերջո պատկանում է ընկերությունը եւ դրա վերահսկումը: Այս ոչ հրապարակային տվյալների բազան հասանելի է միայն կարգավորող եւ իրավապահ մարմիններին:

ԱՄՆ-ում բիզնեսների օրինական հիմնումը եւ գրանցումը իրականացնում են նահանգները՝ նահանգային քարտուղարի մասնակցությամբ: Հարկային արտոնությունների եւ բիզնեսի համար բարենպաստ օրենքների պատճառով շատ ընկերություններ գրանցվում են Դելավեր նահանգում, ուստի Դելավերի` Կորպորացիաների հարցերով վարչությունը սկզբի համար լավ տարբերակ է: Այստեղ իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալներ չեն հավաքվում, եւ «ընկերությունների ստեղծման գործակալները» կարող են հանդես գալ որպես նոմինալ տնօրեններ (տես Թրանսփարենսի Ինթերնեշնլի նկարագրությունը): Ուսումնասիրեք նաեւ այն նահանգի ռեգիստրը, որտեղ գտնվում է ընկերության գլխամասային գրասենյակը:

Նահանգային քարտուղարների ազգային ասոցիացիան (National Association of Secretaries of State) կարող է ձեզ ուղղորդել ԱՄՆ բոլոր նահանգային կայքեր. (նահանգը (state) ընտրելուց հետո տե՛ս ներքեւում փոքրատառով «առցանց բիզնես ծառայություններ» («online business services») նշումը): Այնտեղ դուք կգտնեք հղումներ, օրինակ, դեպի Կալիֆորնիայի կորպորացիաների առցանց որոնումների հարթակ եւ Նյու Յորքի կորպորացիաների եւ բիզնես ընկերությունների տվյալների բազա: Այս նահանգային ռեգիստրներից դուք սովորաբար կարող եք ստանալ ընկերության հիմնադրման ամսաթիվը, նրա գրանցման հասցեները եւ տնօրենների ու պաշտոնյաների անունները:

ԱՄՆ նահանգներից կորպորատիվ տեղեկություններ գտնելու այլ տվյալների շտեմարաններ են վարում LLC University-ն եւ Coordinated Legal Tech-ը:

ԱՄՆ կառավարության կապալառուներին կարելի է փնտրել այստեղ:

Corporate Research Project-ի մշակած Violation Tracker-ը կորպորացիաների կողմից խախտումների որոնման համակարգ է: Այն ներառում է ավելի քան 40 դաշնային կարգավորող մարմինների եւ Արդարադատության նախարարության բոլոր ստորաբաժանումների կողմից բանկային գործարքների, սպառողների պաշտպանության, կեղծ հայցերի, բնապահպանական խնդիրների, աշխատավարձի եւ աշխատաժամերի, անարդար աշխատանքային պայմանների, առողջության եւ անվտանգության, աշխատանքային խտրականության, պայմանավորված գների, կաշառակերության եւ այլ դեպքերով 2000 թվականից հարուցված գործերի վերաբերյալ։

Մեծ Բրիտանիա

Companies House-ը անվճար ռեսուրս է, որը տրամադրում է տվյալներ ընկերությունների վերաբերյալ, ներառյալ՝

  • իրավաբանական հասցեն եւ հիմնադրման ամսաթիվը
  • ներկայիս եւ նախկին պաշտոնյաներ
  • նկարված փաստաթղթեր 
  • հիպոթեքի վերաբերյալ տվյալներ
  • ընկերության նախկին անվանումները
  • անվճարունակության մասին տեղեկություններ:

Կանադա

SEDAR-ը կանադական ընկերությունների հանրամատչելի փաստաթղթերի կայքն է, որը գործում է 1997 թվականի հունվարից:

Ֆրանսիա

Infogreffe-ն անվճար տրամադրում է (ֆրանսերեն) ընկերությունների մասին հիմնական տեղեկություններ:

Գերմանիա

Գերմանիայի Ընկերությունների ռեգիստրը մի քանի լեզուներով է եւ անվճար որոնումների հնարավորությամբ. որոշ փաստաթղթերի համար անհրաժեշտ է վճարել:

Չինաստան եւ Հոնկոնգ

Չինաստանի` Ձեռնարկությունների մասին տեղեկությունների ազգային համակարգին կարելի է ծանոթանալ այստեղ (չինարեն):

Հոնկոնգում Ընկերությունների ռեգիստրի միասնական տեղեկատվական համակարգի էլեկտրոնային որոնման կենտրոնը հասանելի է անգլերեն:

Այլ աղբյուրներ

Կորպորատիվ կայքերում եւ սոցիալական մեդիայում որոնումները մեծ քանակությամբ տեղեկություններ կարող են ջրի երես հանել:

Մի քանի առաջարկներ պրոֆեսիոնալ հետազոտողներից ՝

  • Ընկերության պաշտոնյաների եւ տնօրենների որոնում: Ծանոթացեք «Նախկին աշխատակիցների որոնում» զեկուցման մեջ ներառված մեթոդներին, որոնք ներկայացվել են 2017 թվականի GIJN համաժողովում:
  • Օգտագործեք LinkedIn-ը հետազոտության համար: Փորձեք ընդլայնված որոնումը, որտեղ, օրինակ, ընտրացանկը (menu) օգտատերերին հնարավորություն է տալիս փնտրելու նախկին եւ ներկա աշխատողներին (տե՛ս LinkedIn-ում որոնումների վերաբերյալ Հենկ վան Էսսի խորհուրդները): Զննեք ընկերությունների էջերը եւ ոլորտային խմբերը: Glassdoor-ը կարող է տեղեկություններ տրամադրել աշխատակիցների եւ միջին աշխատավարձերի վերաբերյալ:
  • Լրատվամիջոցների ռեպորտաժներ փնտրելիս ուշադրություն դարձրեք գործարար մամուլին եւ մասնագիտացված ԶԼՄ-ներին: Նրանց գտնելու համար փորձեք Ulrichsweb-ը:
  • Փնտրեք ընկերության հասցեն եւ հեռախոսահամարը: Այնուհետեւ օգտագործեք քարտեզներ եւ փողոցային լուսանկարներ՝ լրացուցիչ տեղեկությունների համար:
  • Կորպորատիվ բարեգործությունը կարող է տեղեկություն ստանալու եւս մեկ ետնամուտք լինել: ԱՄՆ-ում նման հնարավորություն ստեղծում են CitizenAudit, Propublica-ի Nonprofit Explorer եւ Guidestar հարթակները: Մեծ Բրիտանիայի համար տե՛ս 360Giving-ը, CharityBase-ը եւ կառավարության բարեգործության ռեգիստրը:
  • Կապվեք հասարակական կազմակերպությունների հետ, օրինակ՝ նրանց հետ, որոնք մասնագիտացած են աղտոտվածության կամ մարդկանց թրաֆիքինգի հարցերում՝ իմանալու, թե ինչ տեղեկությունների են տիրապետում նրանք:
  • Դիտարկեք առեւտրային ասոցիացիաները մանրազնին ուսումնասիրելու տարբերակը՝ այդ համատեքստում ընկերության գործունեության մասին տեղեկություններ ձեռք բերելու նպատակով:

Որոնման հավելյալ պաշտոնական ռեսուրսներ

Կառավարությունների եւ առեւտրային ոլորտի հատման յուրաքանչյուր կետ կարող է հանրամատչելի տվյալներ գեներացնել:

Ահա առաջարկներ, թե էլ որտեղ կարելի է փնտրել ընկերությունների եւ կառավարությունների փոխգործակցության մասին տվյալներ.

  • Հողի սեփականության իրավունք. անուններ եւ նկարագրություններ
  • Հողօգտագործում. շինարարություն, գոտիավորում եւ հատուկ թույլտվություններ
  • Բնապահպանական կարգավորում. թափոնների արտանետման թույլտվություններ, արտանետումների հաշվետվություններ եւ իրավական գործողություններ
  • Աշխատանքի կարգավորում. մասնագետների գրանցումներ եւ աշխատանքային վեճեր
  • Դատական արձանագրություններ. ընկերության կողմից կամ նրա դեմ դատավարությունների բացահայտում
  • Ֆինանսական կարգավորում. հաշվետվություններ կամ հարկադիր կատարում
  • Մտավոր սեփականություն. արտոնագրերի եւ ապրանքանիշների գրանցում
  • Պետական պայմանագրեր. հայտերի եւ ստացված պայմանագրերի մասին տեղեկություններ
  • Պետական սուբսիդիաներ. վճարումների արձանագրություններ
  • Քաղաքական նվիրատվություններ. օժանդակող վճարումներ պաշտոնյաներին
  • Լոբբինգի գրանցում. տեղեկություններ ազդեցությունների մասին

Ելնելով այն բանից, թե որ ոլորտում է ընկերությունը գործում, կարելի է բացահայտել համապատասխան տեղեկությունները:

Օրինակ՝ Open Oil-ում առկա է նավթային եւ գազային, ինչպես նաեւ հանքարդյունաբերական ընկերությունների կողմից ամբողջ աշխարհի ֆինանսական կարգավորող մարմիններին ներկայացված ավելի քան 2 միլիոն հանրամատչելի փաստաթղթերի տվյալների բազա:

Դատական արձանագրությունները անգնահատելի դեր են խաղում: PACER-ում, օրինակ, պահվում են ԱՄՆ դաշնային դատական համակարգի (ներառյալ Գերագույն դատարանի, վերաքննիչ եւ շրջանային դատարանների եւ ԱՄՆ սնանկության դատարանների) էլեկտրոնային արխիվները:

Ի գիտություն ընդունեք, թե ինչ օրենքներ եւ կանոնակարգեր են ազդում բիզնեսի վրա, եւ ինչ փաստաթղթերի կարիք է լինում: Այս կապերը կարող են էականորեն տարբերվել՝ կախված շրջանից եւ բիզնեսի տեսակից, բայց կարող են հուշում հանդիսանալ հետագա բացահայտումների համար:

Որոշ պաշտոնական որոշումներ կամ նման որոշումների հարցումները կարող են արտացոլվել պետական փաստաթղթերի տեղեկագրերում: Եվրոպայի համար այցելեք Պաշտոնական տեղեկագրերի եվրոպական ֆորում (European Forum of Official Gazettes)՝ յուրաքանչյուր երկրի տվյալների բազայի վերաբերյալ տեղեկությունների համար, եւ OpenGazettes, որը նույնպես մատչելի է դաձնում եվրոպական փաստաթղթերը:

Ուղեցույցներ լրագրողների համար

Առցանց տիրույթում հսկայական նյութ կա այն մասին, թե ինչպես հետազոտել կորպորացիաները եւ գլուխ հանել ընկերության ֆինանսական գործունեությունից:

Ահա դրանցից մի քանիսը՝ հատուկ լրագրողների համար՝

GIJN. Ո՞րն է ձեր առաջին քայլը, երբ Ձեր ձեռքում են հայտնվում ընկերության ֆինանսական փաստաթղթերը:

Միրանդա Պետրուչիչ. Ինքս ինձ երեք հարց եմ տալիս.

Հավելյալ ռեսուրսներ GIJN-ից

Այս նյութը պատրաստվել և թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Վերջին անգամ GIJN-ի հեղինակներ Թոբի Մաքինթոշի և Էմիլի Օ'Սալիվանի կողմից թարմացվել է 2023 թվականին։ Բնօրինակ նյութը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter