HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 2 մլրդ դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանված 40000 անձանց հոկտեմբերին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, լրացում՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում և գումար հատկացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

«Ըստ հիմնավորման՝ հաստատվել են 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Կացարան, գոյության միջոցներ կորցրած քաղաքացիները կարիք ունեն դրամական տեսքով պարբերական սոցիալական աջակցության՝ ժամանակավոր կացարանում բնակվելու, ինչպես նաև կոմունալ ծառայությունների ծախսերի կատարման համար: Որոշման շրջանակում նախատեսվում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 100652 քաղաքացիների 6 ամիս ժամկետով սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Ըստ այդմ՝ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 2 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 40000 անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Որոշման շրջանակում հարկ կլինի 2023 թ. հոկտեմբերից 2024 թ. մարտը ներառյալ ամիսների համար հատկացնել 30 մլրդ դրամ:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այստեղ ուղղակի «ժամանակավոր կացարան» հասկացությունը կարող է որոշակի շփոթեցնող լինել: Այս գումարը տրվում է մարդկանց բնակարան, բնակելի տարածք վարձելու համար: Ինչ վերաբերում է այն անձանց, ովքեր գտնվում են խնամքի վայրերում և համայնքային հաստատություններում, ապա այստեղ մենք պետք է հստակ պարզաբանում դնենք, որովհետև կարող են լինել մարդիկ, ընտանիքներ, ովքեր այդ հաստատություններում են տեղավորված, բայց ցանկանում են վարձով բնակարան վերցնել, այս գումարն իրենց տրվելու է: Իսկ խնամքի հատուկ կարիք ունեցող մարդկանց պահով չի ենթադրվում, որ նրանք պետք է լքեն այդ հաստատությունները և բնակարան վարձեն: Մնացած բոլոր դեպքերում մենք այդ աջակցությունը տրամադրում ենք: Նաև խրախուսում ենք սրանով, որպեսզի մեր այդ հայրենակիցները բնակարան վարձեն: Մենք հորդորում ենք՝ նրանք, ովքեր հատուկ խնամքի հաստատություններում չեն, որպեսզի այս գումարի շրջանակում բնակարաններ վարձեն: Մեր դիտարկումները ցույց են տալիս՝ իրատեսական է, որ այդ գնով նրանք կարող են բնակարան վարձել և իրենց կեցության հարցերը լուծել»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև դրամական աջակցության տրամադրման գործընթացում կանխիկ գործարքները նվազագույնի հասցնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը և հանձնարարել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: «Կարծում եմ՝ պետք է նվազագույնի հասցնել, չեմ ուզում ասել զրոյացնել, կանխիկով գործարքները, որովհետև դա նաև մեր քաղաքականությունն է: Նաև թափանցիկության խնդիր կա, մենք պետք է համոզվենք, որ մեր հատկացրած, տրամադրած ամեն լուման հասել է ճիշտ հասցեատերին, որովհետև եթե մարդը ֆիզիկական և այլ սահմանափակումներ ունի, իսկ որտեղից այդ երաշխիքը, որ այդ ամբողջ գումարը հասնում է իրեն: Այսինքն՝ մենք պետք է բանկային քարտ իր համար թողարկենք: Պետք է դա մինիմումի հասցնել, կրկնում եմ՝ չեմ ուզում ասել զրոյացնել, որովհետև չեմ բացառում մի հատ այնպիսի դեպք լինի, որը հնարավոր չէ դա անել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ է դուրս եկել Հայաստանից։ «Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից։ Չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված։ Գուցե, նրանցից շատերը գնում են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու։ Հույս ունեմ, որ շատ հստակ ենք այդ ուղերձը տալիս և նաև կոչ եմ անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին՝ որպես առաջնային պլան ունենալ Հայաստանի Հանրապետությունում մնալը։ Մենք ամեն ինչ անում ենք նրանց աջակցելու համար։ Այն դեպքում, երբ դե-ֆակտո ցանկություն կամ հնարավորություն չի լինելու վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, մեր քաղաքականությունն է՝ ամեն ինչ անել, որպեսզի նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ կոչ է արել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը չդիտարկել որպես առաջիկա գործողությունների պլան. «Մենք ավելի քան 100 միլիոն դոլարի հատկացում ենք արել, ամենատարբեր ծրագրեր ենք իրականացնելու»:

Գործադիրը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին մարդասիրական օգնության բաշխման կարգը: Հիմնավորման համաձայն՝ պետությունը ձեռնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կացարանով ապահովելու խնդիրները լուծելու համապատասխան քայլեր՝ հոգալու շահառուների առաջնային սոցիալական կարիքները: Միաժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ շահառուներին սննդով և առաջին անհրաժեշտության այլ իրերով և պարագաներով ապահովելու համար: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել, որպես սոցիալական աջակցություն, նրանց տրամադրել մարդասիրական օգնություն կամ ՀՀ կառավարության միջոցներով ձեռք բերած սննդամթերք, հագուստ, կոշիկ, հիգիենայի միջոցներ, երեխաների խնամքի պարագաներ, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, հատուկ տրանսպորտային միջոցներ, դեղեր, բժշկական սարքեր և սարքավորումներ և այլն:

Մեկ այլ որոշմամբ էլ Սյունիքի մարզպետի աշխատակազմին կհատկացվի 479 մլն դրամ՝ ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանվածներին մարզի Գորիս և Տեղ համայնքներում դիմավորման, ինչպես նաև դեպի մարզի այլ բնակավայրեր, ՀՀ այլ մարզեր և Երևան քաղաք փոխադրման արդյունքում ձևավորված պարտավորությունների մարման համար առաջնային անհրաժեշտության ապրանքների հրատապ ձեռքբերման, ինչպես նաև հյուրանոցային, տրանսպորտային, Լաչինի միջանցքի փակման հետ կապված ծախսերի, վարձակալության և այլ ծառայությունների փոխհատուցումն իրականացնելու համար ֆինանսավորումն ապահովելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter