HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարարի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Փանիի գլխավորած պատվիրակությանը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ Նորին Սրբությունը, անդրադառնալով հայ-հունգարական հարաբերությունների վերականգնմանը, իր գնահատանքն է հայտնել Հունգարիայի կառավարությանը Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին, Արցախից բռնի տեղահանված հայությանը ցուցաբերած աջակցության և 2021 թհինգ հայ ռազմագերիների հայրենադարձման հարցում ներդրած միջնորդական ջանքերի համար։

«Իր խոսքում Հայոց Հովվապետը մտահոգությամբ անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը և շարունակական ոտնձգություններին, հայրենազրկված արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման և գերիների վերադարձման խնդիրներին՝ ընդգծելով, որ նաև միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքի հետևանքով Ադրբեջանը անարգել իրագործեց իր ոճրագործ և ցեղասպան քաղաքականությունը։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը և Հունգարիան ևս հետևողական ու վճռական քայլեր կգործադրեն՝ ի նպաստ արցախահայության իրավունքների պաշտպանության, ինչպես և ժողովուրդների կյանքում նման արհավիրքների կանխման։

Հանդիպմանը Նորին Սրբությունը նշեց, որ Հայոց Եկեղեցին, ըստ ամենայնի, փորձում է իր օգտակարությունը բերել կորուստների ու սոցիալական ծանր կացության մեջ հայտնված արցախահայությանը, և հնարավորության սահմաններում անհրաժեշտ հոգածությունը ցուցաբերում իրենց կեցության ու կարիքների բավարարման հարցում։

Իր հերթին փոխնախարար Միկլոշ Փանին, անդրադառնալով հայ-հունգարական միջպետական կապերի սերտացմանը, Հայոց Հայրապետին հավաստիացրեց, որ Հունգարիայի իշխանությունները շարունակելու են իրենց աջակցությունը ցուցաբերել արցախահայությանը և միջնորդական ջանքեր գործադրել հայ գերիների վերադարձման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter