HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Ուկրաինան երկիրն ականազերծելու համար արհեստական բանականություն կօգտագործի

Ուկրաինան արհեստական բանականություն կօգտագործի երկրում ականապատ տարածքները հայտնաբերելու համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարությունը։ Նախարարության փոխանցմամբ՝ արդեն ձևավորվել է երկրի տարածքի ականազերծման նորարարական ռազմավարություն, որը հիմնված է տվյալների վերլուծության վրա։ 

«Արհեստական ​​բանականության շնորհիվ մենք մեծ տվյալներ կվերլուծենք՝ արդյունավետ որոշումներ կայացնելու, առաջնահերթություններ սահմանելու ու մեր կարիքները ճշգրիտ հասկանալու համար, կհասկանանք՝ ինչ ռեսուրսներ պետք է ներգրավել ուկրաինական հողերն ավելի արագ ականազերծելու համար»,- ասել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։

Փոխվարչապետը հայտնել է, որ համակարգը կարողանալու է վերլուծել պոտենցիալ ականապատ տարածքների տվյալները, դրանք համադրել լրացուցիչ աղբյուրների տվյալների հետ, օրինակ՝ ենթակառուցվածքների վերաբերյալ, և առաջարկել տարբերակներ ականազերծման ավելի արդյունավետ եղանակների համար։

Սվիրիդենկոյի խոսքով՝ արհեստական բանականության տեխնոլոգիայի ներդրումը թույլ կտա արագ վերլուծել տվյալները, բարելավել և արագացնել գործընթացները։

Պլանի իրականացմանը կօգնի ամերիկյան Palantir տեխնոլոգիական ընկերությունը, որը մասնագիտացած է տվյալների վերլուծության ոլորտում։ Ընկերությունը տեխնիկական լուծումներ է առաջարկում երկրների պաշտպանության ոլորտում։ Ինչպես նշվում է Palantir-ի կայքէջում, ընկերությունը համագործակցում է ամերիկյան և դաշնակից երկրների բանակների հետ՝ թույլ տալով կիրառել տեխնոլոգիան աշխարհի տարբեր կետերում։

Հարթակը հնարավորություն է տալիս մեծ քանակությամբ ու բազմատեսակ տվյալներ հավաքել մեկ տեղում՝ համադրելով արբանյակային պատկերները, պաշտոնական հաղորդագրությունները, բաց աղբյուրներում առկա տվյալներն ու նախկինում ականազերծված տարածքների տեխնոլոգիական առանձնահատկությունները։

Արբանյակային պատկերների միջոցով, օրինակ, արհեստական բանականությունը կարող է հողաշերտի արհեստական ձևափոխությունները նկատել, վերլուծել, թե ինչքանով է հավանական, որ տվյալ տարածքում ականներ լինեն։ Սրա հիման վրա էլ տեխնոլոգիան կարող է գործողությունների պլան մշակել՝ ավտոմատացնելով ականազերծման աշխատանքների տարբեր փուլեր։

Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ երկրում 2023 թվականի սկզբից ստուգվել է գյուղատնտեսական օգտագործման առաջնահերթ վերադարձի համար ընտրված ավելի քան 225 հազար հեկտար հողատարածք։

Նախորդ շաբաթ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ ականազերծման համար մոտ 500 մլն եվրո է հավաքվել, որը կծախսվի սարքավորումներ ձեռք բերելու համար։

Գլխավոր նկարը ստեղծել է արհեստական բանականությունը (Midjourney)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter