HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Այս պայմաններում սա առնվազն ոչ արդար դատաքննություն է». Մատաղիսի զորամասի հրամանատարը կմնա կալանավորված

Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանը կմնա կալանավորված ևս 3 ամսով։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 20-ին, շարունակվեց Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի գործի քննությունը։

Ըստ մեղադրանքի՝ Սևակ Աբրահամյանը, զբաղեցնելով Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Մեղադրանքում որպես ծանր հետևանք նշված է այն, որ Ադրբեջանը գրավել է Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Դատարանը խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցը քննեց։

Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանն ասաց, որ որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել երեք ամիսների ընթացում, որոնք հիմք կծառայեն փոփոխել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, ինչպես նաև շարունակում են լինել այն ռիսկերը, որոնք նշվել են խափանման միջոց կալանքը կիրառելու ընթացքում։

Սևակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանն էլ, արձագանքելով մեղադրողին, նշեց, որ նոր հանագամանք պետք է ի հայտ գա, որպեսզի կալանքը շարունակական լինի։ Իսկ նոր հանգամանք չէր կարող ի հայտ գալ, քանի որ դատական նիստ օգոստոսից չէր եղել։

Բացի այդ, պաշտպանը նշեց, որ ՀՀ քրեական օրենսգիրքը կիրառելի չէ Սևակ Աբրահամյանի նկատմամբ, քանի որ ՀՀ սահամանները և ԼՂ սահմանները չեն նույնանում։

«Քրօրենսգրքի 15-րդ հոդվածով՝ ՀՀ տարածքից դուրս հանցանք կատարած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացին կամ ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրօրենսգրքով։ Սևակ Աբրահամյանը բնակվել է ԼՂ Հանրապետությունում և հանդիսացել է ԼՂ քաղաքացի, նա ՀՀ քաղաքացի չի հանդիսացել և չի հանդիսանում»,- հայտնեց նա։

«Հիմա ամբողջ Լեռնային Ղարաբաղի տարածքը հանձնվել է Ադրբեջանին, քրեական գործ հարուցվե՞լ է». պաշտպան

Պաշտպանը դատարանին ներկայացրեց Սևակ Աբրահամյանի կողմից ուղարված հարցումը ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչություն, և դրա պատասխանն, ըստ որի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի պահոցում Սևակ Խորենի Աբրահամյանի անհատական տվյալներով ՀՀ քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։

«Եթե Սևակ Աբրահամյանը ՀՀ քաղաքացի չէ, հանցանքը կատարվել է ՀՀ տարածքից դուրս, ապա ՀՀ քրեական օրենքի ուժը նրա վրա չի կարող տարածվել։

Հիմա մեր պետությունը պաշտոնապես բոլոր միջազգային կառույցներում միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր է ստորագրում, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդ որում՝ դրա մեջ ներառված նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հղում անելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին։

Սևակ Աբրահամյանին մեղադրանք եք առաջադրել, ասում եք՝ Թալիշ ու Մատաղիս գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, դա դիտել եք ծանր հետևանք։

Մեր պետության կողմից ճանաչված սահմաններով Ադրբեջանի Հանրապետությանն իր Թալիշ ու Մատաղիս գյուղերն իր ենթակայության տակ անցնելն ի՞նչ վնաս է պատճառել մեզ, կոնկրետ Հայաստանի Հանրապետությանը։ Է՞ս հետևանքի համար եք Սևակ Աբրահամյանին դատում, սրա համար իրեն կարող է Ադրբեջանը դատել՝ ասելով՝ ինչու մեր գյուղերը մեզ շուտ չես տվել։ 

Եթե Թալիշ ու Մատաղիս գյուղերը պատկանել են Ադրբեջանին ու անցել են Ադրբեջանին, ի՞նչ վնաս է պատճառվել ՀՀ-ին։ Եթե դա հանցագործություն է, և մինչ օրս էլ շարունակում է լինել հանցագործություն, հիմա ամբողջ Լեռնային Ղարաբաղի տարածքը հանձնվել է Ադրբեջանին, քրեական գործ հարուցվե՞լ է, որ ՀՀ-ին վնաս է պատճառվել, հանցանք դա դիտարկվե՞լ է, թե՞ ոչ։ Իհարկե չի դիտարկվել ու չի կարող դիտարկվել։

Տնային կալանքով այսօր բաց են թողնում սպանություն կատարածներին, կազմակերպիչներին, զենքով խուլիգանություն կատարողին, թմրամիջոցներ իրացնողին, բայց էն մարդիկ, ովքեր թուրքին վնաս են տվել, էդ մարդկանց չեն թողնում, էդ մարդիկ պիտի կալանքի տակ լինեն, ինչի՞ ենք պատժում էս մարդկանց, որ թուրքին վնա՞ս է տվել, դրա համա՞ր։ Սա տարբերակված մոտեցում է»,- ասաց պաշտպան Արման Թամրազյանը։

Պաշտպանի խոսքով՝ ապացուցման գործընթացին Սևակ Աբրահամայնը չի կարող միջամտել։ 

Ըստ նրա՝ Աբրահամյանին մեղադրում են, թե տեղեկություններ է ստացել հակառակորդի շարժի մասին. «Էս մարդն ասում է էդ տեղեկությունները հայտնել են, դա գնահատել եմ որպես զորավարժության մեջ ընգրկման տեղեկություններ, ոչ թե հակառակորդի հարձակման մասին տեղեկություններ»։

Թամրազյանը նշեց՝ եթե մտավախություն կա, որ Աբրահամյանը որևէ ազդեցություն կունենա գործընթացի վրա, օրենքը նախատեսել է տնային կալանք։

«Ապացուցման գործընթացի վրա ազդել է միայն քննչական մարմինը»,- ասաց նա։

Արման Թամրազյանը տեղեկացրեց, որ Սևակ Աբրահամյանի ամբողջ ընտանիքը Լեռնային Ղարաբաղից բռնագաղթվել է։

«ՀՀ-ում տուն են վարձակալել և բնակվում են։ Որդին ծառայում էր ԼՂ-ում և հրաշքով է ողջ մնացել։ Հիմա էս մարդուն պահել քրեակատարողական հիմնարկում, ընտանիքն էլ առանձին ապրի վարձով, մտածեն՝ ոնց հոգսերը հոգան, ոչ մարդկային վերաբերմունք է»,- նշեց պաշտպանը։

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև Սևակ Աբրահամյանի առողջական վիճակը, քանի որ վերջինս երկու անգամ ինֆարկտ է տարել։ Պաշտպանը դատարանին ներկայացրեց նրա վերջին հետազոտության արդյունքները։

Դատարանը, լսելով կողմերին, որոշեց Սևակ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը երկարաձգել ևս 3 ամսով՝ մինչև 2024թ. հունվարի 29-ը։

«Պաշտպանական կողմն ուզում է փաստաթղթերին ծանոթանալ, բայց չի կարողանում». պաշտպան

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է։ Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը նիստի մեկնարկին դատարանին հայտնեց, որ Քննչական կոմիտեի համապատասխան կառույցին գրություն է հասցեագրվել և որ մի շարք գաղտնի փաստաթղթեր շուտով դատարան կներկայացնեն։

Պաշտպան Թամրազյանը հայտնեց, որ պաշտապանական կողմի՝ այդ փաստաթղթղերը հետազոտման ներկայացնելու միջնորդությունը դատարանը բավարարել էր օգոստոսին։ Դատական վերջին նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին, դատարանը մեղադրողին հորդորել էր ներկայացնել քննչական մարմնում գտնվող ապացույցները։

«Առանց պաշտպանական կողմի՝ ապացույցներին ծանոթանալու հիմնական դատալսումներ չեն կարող տեղի ունենալ։ Կողմերի հավասարության սկզբունքն ուղղակի խախտվում է։ Մեղադրանքի կողմն այդ փաստաթղթերն ունեցել է, պաշտպանական կողմն ուզում է փաստաթղթերին ծանոթանալ, բայց չի կարողանում»,- նշեց Թամրազյանը։

Դատախազ Վազգեն Վարդանյանը հայտնեց, որ այն ապացույցերը, որոնք ներկայացվելու են, մեղադրական եզրակացության մեջ նշված և մեղադրանքի հիմքում դրված փաստաթղթղերն են։

Դատավորը հետաքրքրվեց՝ ինչու՞ մինչ այս փատաթղթղթերը չեն տրամադրվել պաշտպանական կողմին։

«Որքանով ես տեղյակ եմ, պաշտպանական կողմը դրանց ամբողջությամբ ծանոթացել է։ Միջնորդություն չի ներկայացվել որևէ փաստաթղթի ծանոթանալու վերաբերյալ, որը որ մերժված լինի»,- ասաց հանրային մեղադրողը։

Դատավորն էլ նշեց, որ ըստ պաշտապանական կողմի՝ կան փաստաթղթղեր, որոնք դեռևս իրենց չեն տրամադրվել։

«Պնդում եք, որ ինչ նյութեր ունենք քրեական գործում, կա՞ն»,- հարցրեց դատավորը։

«Ավարտական փուլում պաշտպանական կողմը քննչական մարմնում նշված նյութերին ծանոթանալու հնարավորություն է ունեցել։ Նշված ժամանակահատվածում կարող էր ծանոթանալ։ Փաստաթղթերը նրանց տրամադրել, պատճեն տրամադրել ուղղակի անհնար է՝ դրանց գաղտնիության պատճառով»,- պատասխանեց դատախազը։

Պաշտպան Արման Թամրազյանն էլ հայտնեց, որ այս պայմաններում սա առնվազն ոչ արդար դատաքննություն է։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ ասաց, որ պետք է պաշտպանական կողմին լիարժեք հնարավորություն տան փաստաթղթերին ծանոթանալու, և իրենք իրավունք չունեն զրկելու որևէ փաստաթղթին ծանոթանալուց։

Մեղադրյալ Սևակ Աբրահամյանն էլ նշեց, որ այդ փաստաթղթերը հարյուրավոր էջեր են, սակայն իրենք մի քանիսին են ծանոթացել։

Դատախազը փակ ծրարով դատարանին հանձնեց գաղտնի 16 փաստաթուղթ։

Դատավորը նշեց, որ ներկայում նպատակահարմար չի գտնում ոչ գաղտնի փաստաթղթերի հետազոտումը։ Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 27-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter