HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի թագավորության նորանշանակ դեսպանին

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին պաշտոնի ստանձնման առիթով, մաղթեց արդյունավետ առաքելություն՝ ի շահ հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և արդյունավորման գործում: Այս առնչությամբ Հայոց Հովվապետը գոհունակությամբ ընդգծեց նաև Բելգիայի հայ համայնքի ներդրումը հայ-բելգիական հարաբերությունների սերտացման գործում։ Հանդիպմանը Հայոց Հայրապետն իր երախտագիտությունը հայտնեց Բելգիայի Թագավորությանը Բելգիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի, արցախյան հակամարտության ընթացքում Արցախի ժողովրդի անվտանգությանն ու իրավունքների պաշտպանությանն ինպաստ որդեգրած դիրքորոշումների, ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարությունների և դժվարին այս ժամանակներում Հայաստանին ու հայ ժողովրդին ցուցաբերած զորակցության համար։

Անդրադառնալով մեր երկրի և ժողովրդի առջև ծառաց անվտանգային և գոյաբանական հարցերին՝ Նորին Սրբությունը կարևորեց միջազգային հանրության, ինչպես և Բելգիայի Թագավորության կողմից ազդու միջոցների գործադրումը։ 

Բելգիայի նորանշանակ դեսպան Էրիկ Դե Մույնքն իր խոսքում անդրադարձավ տարբեր ոլորտներում հայ-բելգիական համագործակցության խորացման ու զարգացման հեռանկարներին։ Դեսպանը Նորին Սրբությանը տեղեկացրեց Բելգիայի Թագավորության պատրաստակամության մասին աջակցելու Արցախից բռնի տեղահանված անձանց խնդիրների հաղթահարմանը։ Դեսպանը նաև տեղեկություններ փոխանցեց Բելգիայում բուժում ստացող Ստեփանակերտի պայթյունից տուժած արցախցիների առողջական վիճակի մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter