HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11 անձ է ձերբակալվել Քասախի կիրճում տեղի ունեցած խուլիգանական արարքների վերաբերյալ վարույթի շրջանակում

2023 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից զեկուցագրեր են ստացվել, որ նույն օրը Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող «Գալուստի Ձոր» կոչվող հանգստյան գոտու տարածքում տեղի ուենցած վիճաբանության մասին ահազանգ ստանալով՝ ոստիկանության ծառայողները մեկնել են նշված վայր։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Աշտարակ քաղաքի 65-ամյա բնակչից և նրա որդուց կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով ասֆալտապատ ճանապարհով նշված հանգստյան գոտու ուղղությամբ մոտեցել են 40-50 անձ, որոնց ձեռքերում եղել են քարեր, ջրով լցված շշեր, որոնք նետել են հոր և որդու ուղղությամբ։ 

Մոտեցող անձինք, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ հակաիրավական գործունեությունը դադարեցնելու օրինական պահանջներին, բռնություն են գործադրել Աշտարակ քաղաքի 65-ամյա բնակչի և նրա որդու նկատմամբ՝ քաշքշել են ոստիկանության աշխատակիցներին։ Նրանց կողմից նետված  առարկաներից դիպել են նաև ոստիկանության ծառայողներին։ Մոտեցած անձանցից մի քանիսը 65-ամյա քաղաքացուն քաշելով գցել են գետնին, ապա քարերով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի ժամանակ վերջինիս որդին ինքնաձիգով մի քանի կրակոց է արձակել։ Դրա հետևանքով Աշտարակ քաղաքի 52-ամյա և ՈՒջան գյուղի 26-ամյա երկու բնակիչ ոտքի շրջանի հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել բուժկենտրոն։  

Դեպքի առթիվ հոկտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, և ձեռնարկվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։ 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, 2 դանակ, 1 ձեռնափայտ և այլ առարկաներ։ Ոստիկանությունից ստացվել է դեպքի վայրում վերցված հանցագործության գործիք հրազենը։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են տասնյակ անձինք, կատարվել են խուզարկություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ 

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվել է 11 անձ։  

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter