
Արցախի իշխանությունները դատապարտում են երեկ Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցածը
Արցախի Հանրապետության իշխանությունները դատապարտում են հոկտեմբերի 20-ին ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցածը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Բռնության ու վիրավորանքի դրսևորումներով մի խումբ անձինք, խախտելով հասարակական կարգը, ոչ կառուցողական մթնոլորտ են ստեղծել ներկայացուցչության բակում քաղաքացիների հավաքի ժամանակ՝ փորձելով հրահրել զանգվածային անկարգություններ:
Նախագահ Սամվել Շահրամանյանն ի սկզբանե պատրաստ էր լսել քաղաքացիներին՝ հնարավորության սահմաններում պարզաբանումներ տալով նրանց հուզող հարցերին:
Հակառակ արհեստականորեն ստեղծված բոլոր խոչընդոտներին՝ նախագահ Շահրամանյանն ընդունել է հավաքի ակտիվին, պարզաբանումներ տվել սույն թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քաղաքացիները բարձրացրել են մի շարք սոցիալական՝ այդ թվում ՀՀ-ում կացարանով ապահոված չլինելու հետ կապված խնդիրներ:
Սամվել Շահրամանյանը նշել է, որ Արցախի կառավարությունը շարունակելու է գույքագրել նմանատիպ բոլոր հարցերը և դրանք ներկայացնել ՀՀ կառավարությանը, քանի որ ինչպես արդեն հայտարարել ենք, Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների առողջապահական, կրթական, սոցիալական աջակցության և համանման այլ հարցերով աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնը (Առաջացող բոլոր հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շուրջօրյա գործող թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով, կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններ):
Արցախի Հանրապետության իշխանությունները հայցում են այն լրագրողների և քաղաքացիների ներողամտությունը, ում աշխատանքը անկարգության պայմաններում խոչընդոտվել է, և ովքեր չեն կարողացել ստեղծված իրավիճակում իրենց հարցերն ուղղել կառավարության ներկայացուցիչներին:
Միևնույն ժամանակ ՀՀ իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում կատարվածի վերաբերյալ՝ կոչ անելով հետագայում բացառել բռնության դրսևորումներն ու զանգվածային անկարգությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել