
Իսրայելը անխուսափելի է համարում Գազայի հատվածում ցամաքային հարձակումը, եթե «Համաս»-ը վայր չդնի զենքերը
Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի ցամաքային գործողությունը գրեթե անխուսափելի է, եթե պաղեստինյան «Համաս» շարժման գրոհայինները ազատ չարձակեն բոլոր պատանդներին և վայր չդնեն զենքերը: Նման հայտարարությամբ ավստրալական ABC ռադիոկայանի եթերում հանդես է եկել Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։
Նրա խոսքով՝ Գազայում իսրայելցի զինվորականների ցամաքային գործողությունը «գրեթե անխուսափելի է, եթե պահպանվի իրերի առկա վիճակը»: «Մեր նպատակն է «Համաս»-ին ամբողջությամբ զրկել ռազմական ներուժից։ Եթե ՀԱՄԱՍ-ի զինյալները դուրս գային իրենց թաքստոցներից,<...> վերադարձնեին մեր պատանդներին, բոլոր 212-ին, և անվերապահորեն հանձնվեին, ապա պատերազմը կավարտվեր, բայց նրանք դա չեն անի»,- ասել է նա՝ նշելով, որ Իսրայելի բանակը «ստիպված կլինի Գազայում ցամաքային գործողություն իրականացնել»։
Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրել Իսրայելի վրա՝ կոչ անելով հետաձգել Գազայում ցամաքային գործողության մեկնարկը և ազատ արձակել անկլավում պահվող պատանդներին: Սակայն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Իսրայելը պետք է ինքնուրույն որոշում կայացնի ցամաքային գործողություն մեկնարկի մասին, իսկ Վաշինգտոնը կարող է միայն խորհուրդ տալ:
Լուսանկարը՝ Aris Messinis/AFP/Getty Images
Մեկնաբանել