
«Մեր դիրքերն Ավդեևկայում պաշտպանված են». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի դիրքերը Դոնեցկի մարզի Ավդեևկայի շրջանում պաշտպանված են։ Այդ մասին իր կիրակնօրյա ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին նշել է, որ իրավիճակը խիստ լարված է հատկապես Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններով՝ հավելելով, որ ռուսական զորքերը շարունակում են ակտիվորեն գրոհել ուկրաինական դիրքերի ուղղությամբ։
«Բայց մեր դիրքերը պաշտպանված են»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Ավդեևկան գտնվում է Դոնեցկից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա։ Վերջին շաբաթներին այստեղ ինտենսիվ մարտեր են ընթանում։ Ուկրաինայի գլխավոր շտաբը ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին հայտարարել էր, որ Ռուսաստանն ակտիվացրել է Ավդեևկայի ուղղությամբ հարձակումը՝ փորձելով շրջափակել և գրավել այն։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ ներկայումս այդ քաղաքում մնացել է մոտ 1600 մարդ, որոնք բնակվում են ապաստարանի վերածված նկուղներում։ Մինչ պատերազմն այս քաղաքում բնակվել է մոտ 30 000 մարդ։
Քաղաքի կենտրոնը գրեթե ամբողջությամբ ավերված է։
Լուսանկարը՝ newsweek.com-ից
Մեկնաբանել