
Ռուսական զորքերն անօդաչուներով հարձակվել են Օդեսայի մարզի վրա
Ռուսական զորքերը հոկտեմբերի 23-ի գիշերը հարվածային անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի տարածքի վրա: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային հրամանատարությունը: Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ Shaheed տիպի անօդաչուները արձակվել են Ղրիմի տարածքից։
ՀՕՊ ուժերի, կրակային շարժական խմբերի և ավիացիայի աշխատանքի արդյունքում խոցվել է Shaheed 136/131 տեսակի 13 անօդաչու թռչող սարք, այլ տեսակի 1 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև Զապորոժիեի մարզի տարածքում գտնվող ռուսական Սու-34-ից արձակված X-59 հրթիռ:
«Думская»-ն գրում է, որ Օդեսայի մարզում հոկտեմբերի 23-ի գիշերը տեղի ունեցած հարձակումը շարունակվել է մոտ 3,5 ժամ։ Ընդհանուր առմամբ, մարզի տարածքում, խոցվել է 9 անօդաչու։ Դրանցից մեկի բեկորներն ընկել են նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներից մեկի պահեստի տանիքին։ Տուժածներ չկան։
Ուկրաինական կողմը նշել է, որ ՀՕՊ ուժերը գործել են նաև Խմելնիցկիի և Կիրովոգրադի մարզերում։ Տուժածների մասին ևս տվյալներ չեն ստացվել։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում ռուսական զորքերը գրեթե ամեն օր անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում Օդեսայի մարզին: Շատ դեպքերում հարձակման օբյեկտ են դառնում նավահանգստային ենթակառուցվածքները։
Լուսանկարը՝ արխիվային/Sergei Supinsky/AFP/Getty Images
Մեկնաբանել