HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ. Վահե Ավետյանի մահը վարչախմբի հովանավորյալ բանդաների և օլիգարխների թիկնապահների իրագործած սպանությունն է

Հունիսի 29-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված և ավելի քան 10 օր կոմայի մեջ գտնվող զինվորական բժիշկ Վահե Ավետյանը: Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Վահե Ավետյանի ընտանիքին և հարազատներին այս ողբերգության առիթով:

Արդեն որերորդ անգամ ԱԺ պատգամավոր և ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի բանդան, իրեն դնելով օրենքից դուրս, անպատիժ հանցանքներ է գործում, որի արդյունքում տուժում կամ մահանում են ՀՀ քաղաքացիներ:

Դեռևս 2008թ. նախագահական ընտրությունների օրը նրա անմիջական հրահանգով առևանգվեց և նույն «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվեց Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Իրավապահ մարմինները չձեռնարկեցին որևէ քայլ՝ պատժելու մեղավորներին:

Շուրջ մեկ տարի առաջ կրկին նույն ռեստորանում Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները ներգրավեցին կրակոցներով ուղեկցված միջադեպի մեջ, որի արդյունքում երկու մարդ տեղափոխվեց հիվանդանոց: Իրավապահների թեթև ձեռքով այն որակվեց որպես անզգուշություն:

Վահե Ավետյանի և երկու մյուս զինվորական բժիշկների պարագայում՝ նույն իրավապահ մարմինների հովանավորությամբ հերքվեց Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի մասնակցությունը այս սպանությանը: Այնինչ բազմաթիվ տեսագրություններով ապացուցվել է ձերբակալվածներից առնվազն մեկի՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից լինելը:

Ռուբեն Հայրապետյանի բանդայի անպատժելիությունը, հասարակության և պետության նկատմամբ նրա ակնհայտ արհամարհանքը և լկտիությունը ունեն մեկ բացատրություն. Սերժ Սարգսյանի ռեժիմի և նրա քաղաքական հենարան Հանրապետական կուսակցությունը հովանավորում են հանցագործ օլիգարխներին, քանի որ հենց նմանների ծառայության են դիմում ընտրակեղծիքների կազմակերպման և ընտրողներին ահաբեկելու և սեփական իշխանությունը պահելու նպատակով:

Առանց վարանելու՝ Վահե Ավետյանի մահը կարելի է որակել որպես վարչախմբի հովանավորյալ բանդաների և օլիգարխների թիկնապահների կողմից իրագործված հերթական սպանություն: Հայ Ազգային Կոնգրեսը անելու է իրենից կախված ամեն ինչ այս սպանության բոլոր և իրական մեղավորներին վաղ թե ուշ արդարադատության առաջ կանգնեցնելու համար:

Հայ ազգային կոնգրես

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Մի օր չտեսանք ՀԱԿ-ը կոնկրետ հարց դնի ու մինչև վերջ գնա. հիմա ինչն է խանգարում, որ հանրահավաք անցկացնի և օրակարգում դնի իր իսկ կողմից գնահատականի արժանացած մարդուկներին երկրից վտարելու մասին հարցը: Հասկանալի է, որ չեն վտարի, բայց գոնե փորձ կարվի զսպել, թե չէ, մի օր մեկին է հայհոյում, մյուս օրը երկրորդին ծեծում, հաջորդ օրը երրորդին սպանում, դե հետո? ՀԱԿ- եթե դու իրոք ընդիմություն ես հանրահավաք անցկացրա, կոնկրետ գործ արա: Սուտ է դու ընդիմություն չես, կցորդ ես, ժողովրդի աչքերն էս փակում, որ իշխանությունները իրենց սև գործն անեն: Այսպես է մտածում ժողովրդի մի հոծ զանգված: Եթե դու` ՀԱԿ, ժողովրդի հետ լինեիր, ապա ժողովրդի ցավերի մասին կխոսեիր, ոչ թե անպտուղ հայտարարություններ կանեիր` Սերժիկ հեռացիր: Սերժիկը հեռացողը չի, Սերժիկին աշխատացրա, ոչ թե պետությունը նորից քանդիր, մարդկանց հոգիները պղտորիր: Քանի? լրագրողի շահեր ես պաշտպանել, քանի մանկավարժի ես սատարել և այլն և այլն: Թե կարծում ես հալածված մարդիկ չեն? հասկանում իշխանությանը ծառայելու քո մոտիվացիաները: Առիթը եկել է, դե հրաբուխ առաջացրա, քո խոսքի տերը եղիր, որ մարդիկ հավատան: Ախր դու մի հանցագործի դեմը չեք կարողանում առնես, ոնց հավատանք քեզ, բայց դու ունես այդ հնարավորությունը, և այդ հնարավորությունը դու չես վաստակել, այլ հալածված մարդիկ են տվել: Դե տեր կանգնիր նրանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter