
Արբանյակներից ստացվող տվյալներ գտնելու եւ կիրառելու ռեսուրսներ
Ուղեցույցի 2023 թվականի այս վերախմբագրված տարբերակի հեղինակներն են Reuters-ի տվյալների լրագրության խմբագրի տեղակալ Ռայան ՄաքՆիլը, Մերիլենդի համալսարանի Ֆիլիպ Մերիլի ժուռնալիստիկայի քոլեջի հետաքննական լրագրության դասախոս Դեբորա Նելսոնը եւ անկախ լրագրող, GIJN-ի ռեսուրսների կենտրոնի նախկին տնօրեն Թոբի Մակինթոշը։
Արբանյակները հետաքննության հզոր գործիքներ են։ Լրագրողները հայթայթում են արբանյակային պատկերներ եւ հեռահար զոնդավորման տվյալներ՝ բացահայտելու խնդիրների լայն շրջանակ՝ ծառերի կորուստ եւ անտառային հրդեհներ, համավարակների վտանգ եւ կլիմայի փոփոխություն, ստրկություն եւ զանգվածային ազատազրկումներ:
Այս ուղեցույցի վերջին հրատարակությունից ի վեր կառավարությունները եւ մասնավոր ոլորտը նոր արբանյակներ են գործարկել կամ նախագծել: Լրագրողները լայնորեն կիրառում են նաեւ սինթետիկ բացվածքի ռադարը (անգլ.՝ Synthetic aperture radar, SAR), որը երկրի մակերեւույթից արտացոլվող միկրոալիքային ազդանշանները որսալու համար օգտագործում է արբանյակի վրա տեղադրված ալեհավաք եւ կարող է ներթափանցել ամպային ծածկույթի միջով:
Արբանյակներն օգնել են լրագրողներին հայտնաբերելու մեթան գազով աղտոտվածությունը, արձանագրելու նավթի արտահոսքերը, տեղորոշելու զանգվածային գերեզմանները եւ հիմնավորելու պատերազմի քարոզչության առկայությունը։
GIJN-ի այս համառոտ ուղեցույցում անհնար է մանրամասն ներկայացնել բոլոր տեխնոլոգիական միջոցները կամ դրանց կիրառումը: Բայց այն լավ հիմք է՝ հասկանալու, թե ինչպես գտնել արբանյակային պատկերներ եւ տվյալներ, վերլուծել եւ ներկայացնել դրանք, ինչպես նաեւ՝ ուր դիմել փորձագիտական օգնության համար: Ահա թե ինչ բաժիններից է բաղկացած ուղեցույցը՝
- Ոգեշնչվեք. պատմություններ ամբողջ աշխարհից
- Որտեղ գտնել արբանյակային պատկերներ
- Ծրագրեր
- Ուղեցույցներ, ուսումնական նյութեր, հուշաթերթիկներ
1. Ոգեշնչվեք. Պատմություններ ամբողջ աշխարհից
Չինաստանում համակենտրոնացման գաղտնի ճամբարների մասին պատմող Պուլիցերյան մրցանակակիր շարքից մինչեւ մարդկանց կողմից Ամազոնի անտառների միտումնավոր հրկիզումների հետաքննություն. ահա այսպիսին են ստորեւ բերված բավականին թարմ պատմությունները, որոնք պատրաստվել են արբանյակային տեխնոլոգիաների անմիջական կիրառմամբ՝
- Չինաստանը մահմեդականների բանտարկման համար նոր, գաղտնի հսկայական ենթակառուցվածք է ստեղծել, BuzzFeed News (Մեթոդաբանություն)
- Իրաք. թունավոր երկնքի տակ, BBC News Arabic (Մեթոդաբանություն)
- Corredor Furtivo (Գաղտնի միջանցք), Armando.info եւ El País (Մեթոդաբանություն)
- Արբանյակային տվյալները ցույց են տալիս, թե ինչպես է Ռուսաստանը Մարիուպոլի պես հողին հավասարեցրել ուկրաինական քաղաքները, Australian Broadcasting Corporation (Մեթոդաբանություն)
- Փրկել Օսուն գետը, Diamond FM (Մեթոդաբանություն)
- Մաքսանենգ նավերը Սեւաստոպոլով փոխադրում են գողացված հացահատիկը, իսկ Թուրքիան արագորեն ավելացնում է հացահատիկի արտահանումը Ռուսաստանից, Texty.org.ua (Մեթոդաբանություն)
- Անտառների չարձանագրված անհետացումներ Մալայզիայի թերակղզային հատվածում. վայրերը, դերակատարները եւ հետեւանքները, Al Jazeera, Macaranga, Pulitzer Center (Մեթոդաբանություն)
- Կոյուղաջրերի արտահոսք Բուլղարիայի Վառնա լճում, Earth Journalism Network (Բնապահպանական լրագրության ցանց) եւ Environmental Investigative Forum (Բնապահպանական հետաքննությունների ֆորում) (Մեթոդաբանություն)
- Արբանյակային պատկերները բացահայտում են Բուչայում անշնչացած մարմինների շաբաթներ շարունակ մնալու փաստը՝ հերքելով ռուսական պնդումները, New York Times; (Մեթոդաբանություն)
- Ծխածածկույթ. Ամազոնյան անտառների հրդեհների եւ անտառահատումների տվյալների խոր վերլուծությունը ցույց է տալիս երկու երեւույթների միջեւ վերջին երկու տարվա կապը, Ambiental Media (Մեթոդաբանություն)
- Չղջիկների բնակության վայրեր. պոոտենցիալ ռիսկեր նոր համավարակների համար, Reuters (Մեթոդաբանություն)
2. Որտեղ գտնել արբանյակային պատկերներ եւ տվյալներ
Գոյություն ունեն բազմաթիվ աղբյուրներ, որոնք առաջարկում են բարձրորակ պատկերներ եւ տվյալներ: Մենք կսկսենք լրագրողների համար օգտակար ժողովածուներից եւ վերլուծություններից, որոնց կհաջորդեն աղբյուրների մեր սեփական ցուցակը եւ դրանցից օգտվելու հուշաթերթիկները:
Ժողովածուներ
Քարտեզագրման ռեսուրսների արխիվներ. գործիքակազմ լրագրողների համար. քարտեզների հետ կապված ռեսուրսների ընդարձակ ցանկ ԱՄՆ-ի Պրոֆեսիոնալ լրագրողների ասոցիացիայից (անգլ.՝ Society of Professional Journalists):
Bellingcat-ի առցանց հետաքննությունների գործիքների հավաքածու. քարտեզագրման, արբանյակների, տեղորոշման եւ արտաքին դիտման վերաբերյալ տեղեկություններով առցանց աղյուսակ՝ ավելի քան 70 աղբյուրների հղումներով:
Արբանյակային պատկերների 15 անվճար աղբյուրներ՝ իրենց ուժեղ եւ թույլ կողմերի վերաբերյալ մեկնաբանություններով եւ բաց կոդով (անգլ.՝ open source) հեռահար զոնդավորման 13 ծրագրային փաթեթներ GISGeography-ից:
Արբանյակային տվյալների թոփ 10 անվճար աղբյուրները SkyWatch-ից. արբանյակային տվյալների կոմերցիոն ագրեգատոր, որն առաջարկում է արբանյակային անվճար տվյալների առաջատար մատակարարների համառոտ նկարագրություններ՝ նշելով դրանց առավելություններն ու թերությունները:
Անվճար արբանյակային պատկերներ. տվյալների մատակարարներ եւ աղբյուրներ ցանկացած իրավիճակի համար. պատկերների առաջատար աղբյուրների մանրամասն համեմատություն EOS Data Analytics գյուղատնտեսական ուղղվածության կոմերցիոն արբանյակային ընկերությունից: Սա գերազանց ուղեցույց է, որը բացատրում է, թե որ անվճար մատակարարն է լավագույնս համապատասխանում ձեր հմտություններին եւ կարիքներին՝ միեւնույն ժամանակ ներկայացնելով սեփական վճարովի ծառայությունները:
Առաջատար մատակարարներ
Google, Bing, Yandex եւ ուրիշներ
Google-ի, Bing-ի, Yandex-ի եւ նման այլ ընկերությունների քարտեզային ծառայությունների միջոցով տրամադրվող արբանյակային պատկերներն այն առանցքային կետն են, որտեղից պետք է սկսել: Նրանք էականորեն համալրում են լրագրողի գործիքակազմը: Դրանք բացառիկ գործիքներ են տեղանքին ծանոթանալու համար՝ հատկապես արտաքին դիտման (street-level) լուսանկարչական գործիքների հետ համակցությամբ: Ահա թե ինչու են լրագրողները, որոնք զբաղվում են լուսանկարների կամ տեսանյութերի աշխարհագրական դիրքի տեղորոշմամբ, ապավինում այս գործիքներին:
Թեեւ որոնման համակարգերն օգտագործում են Maxar-ի կամ Airbus-ի նման կոմերցիոն մատակարարներից ստացվող բարձր կետայնությամբ պատկերներ, դրանք հաճախ մի քանի ամսվա են կամ ավելի հին: Բարձր կետայնությամբ ավելի թարմ պատկերների համար դուք պետք է ուղղակիորեն աշխատեք այդ ընկերությունների հետ (տե՛ս ստորեւ):
Զգուշացում. Երբեմն ընկերությունները գրաքննության են ենթարկում պատկերները տարբեր պատճառներով: Խելամիտ կլինի տվյալների համեմատական ստուգում իրականացնել: Եվ, ինչպես ցույց է տվել BuzzFeed News-ը, այդ գրաքննությունը կարող է մեծ պատմության հիմք դառնալ:
Մատակարարների ցանկի առաջատարների շարքում Google-ի մի քանի արտադրանքներ են:
Google Earth Pro-ն համակարգչի աշխատանքային սեղանին ունենալու կարեւորագույն ռեսուրս է: Դուք կարող եք պատմական «էքսկուրս» կատարել՝ դիտելով պատկերներ, որոնք հաճախ բարձր կետայնությամբ են: Ավելի հին պատկերների հետ համեմատելու նպատակով կարելի է նաեւ նոր տվյալներ ներմուծել: «Քանոն» («ruler») գործիքը հեշտացնում է օբյեկտների միջեւ հեռավորության հաշվարկը: Այն նաեւ ներառում է Google Street View պատկերներ, երբ այդպիսիք առկա են:
Google Maps-ը արդյունավետորեն լրացնում է Google Earth Pro հավելվածը՝ շնորհիվ անցյալում արված փողոցային լուսանկարների։ Այն կարող է օգտակար լինել բաց կոդերի միջոցով արվող հետաքննությունների եւ արբանյակային պատկերները «տեղում» ստուգելու համար:
Google Earth Engine-ը (GEE) ունի արբանյակային պատկերների, հեռահար զոնդավորման տվյալների եւ գիտական տվյալների բազաների հսկայական գրադարան: Այդ տվյալները կարող են օգտագործվել համաշխարհային, տարածաշրջանային կամ տեղական մակարդակով ժամանակի ընթացքում Երկրի մակերեսին տեղի ունեցող փոփոխությունները հայտնաբերելու, չափելու եւ համեմատելու համար: Այս գործիքին տիրապետելու համար շատ ավելի ժամանակ է պահանջվում, քան որոշ այլ ռեսուրսների դեպքում: Սրա մասին ավելին ներկայացված է ստորեւ՝ ծրագրային ապահովման բաժնում:
Google-ի գործիքներից զատ, քարտեզագրված արբանյակային պատկերների մյուս կարեւոր աղբյուրները հետեւյալներն են ՝
Կառավարություններ
Լրագրողները պետք է ճանաչեն երկրագնդի դիտարկման երկու՝ Landsat եւ Sentinel-2 ծրագրերը, որոնք կառավարում են Միացյալ Նահանգների Երկրաբանական ծառայությունը (անգլ.՝ United States Geological Survey, USGS) եւ Եվրոպական տիեզերական գործակալությունը (անգլ.՝ European Space Agency): Այս արբանյակները նախատեսված չեն փոքր օբյեկտներ զննելու համար, բայց իրենց հրաշալի են դրսեւորում որեւէ տարածաշրջանում ավելի լայնածավալ փոխակերպումները դիտարկելիս:
1972 թվականից ի վեր Landsat-ի մի շարք արբանյակներ պտտվում են Երկրի շուրջ եւ լուսանկարներ անում: Landsat 8-ը եւ Landsat 9-ը 30 մետր կետայնությամբ ամենաթարմ տարբերակներն են:
Երկու Sentinel-2 արբանյակներից առաջինն արձակվել է 2015 թվականին, որին հաջորդել է երկրորդը՝ 2017 թվականին: Սրանք 10 մետր կետայնությամբ պատկերներ մատակարարող արբանյակներ են:
Landsat-ի եւ Sentinel-ի համակցությամբ հասանելի է դառնում պատկերների հզոր հավաքածու՝ երկրագնդի տարածաշրջանային փոփոխությունները երկարաժամկետ կտրվածքով հասկանալու համար:
Կան մի շարք կայքեր, որտեղ հնարավոր է ուսումնասիրել այս պատկերները:
Օրինակ` USGS-ն վարում է LandsatLook հարթակը, իսկ Sentinel-ի պատկերները կարելի է դիտել Եվրոպական միության Copernicus Data Space Ecosystem-ում:
Մեկ այլ օգտակար կայք է SentinelHub-ի EO դիտարկիչը, որտեղ հնարավոր է դիտել եւ՛ Landsat-ի, եւ՛ Sentinel-2-ի պատկերները: EO դիտարկիչն ունի նաեւ յուրաքանչյուր պատկերի համար նախատեսված լուսապատկերային գծերի պատրաստի համակցություններ, որոնք ցուցադրում են բուսականության ընդհանուր վիճակը, քաղաքային միջավայրերը, ջուրը կամ ձյունը: Sentinel Hub-ը վերջերս Planet Labs-ի ձեռք բերած Sinergise մասնավոր ընկերության արտադրանքն է:
EO դիտարկիչում առկա են տվյալներ արբանյակային մի շարք այլ ծրագրերից: Օրինակ՝ կարող եք նաեւ դիտել Sentinel-1-ի տվյալները, որն օգտագործում է SAR-ը կամ Sentinel-5-ը, որը չափում է օդի աղտոտվածությունը: Դա լավ հարթակ է պետական աղբյուրների հասանելի տվյալների լայն շրջանակի ծանոթանալու համար:
NASA
NASA EarthData. ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն (անգլ.՝ National Aeronautics and Space Administration, NASA), առաջարկում է արբանյակային տվյալների շտեմարանների եւ տվյալների վրա հիմնված արտադրանքների լայն հավաքածու: NASA Worldview-ն ինտերակտիվ գործիք է, որն ապահովում է գրեթե իրական ժամանակի բարձր կետայնությամբ պատկերներ մի շարք տարբեր արբանյակներից, ներառյալ գեոստացիոնար արբանյակները, որոնք կենտրոնանում են Երկրի մի հատվածի վրա` մշտադիտարկելով այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են, օրինակ, եղանակային օրինաչափությունների զարգացումը կամ անտառային հրդեհների տարածումը: Worldview-ն նաեւ հղումներ է կատարում քարտեզագրման եւ վիզուալացման մասնագիտացված գործիքների, ինչպիսիք են FIRMS-ը՝ հրդեհների համար եւ EMIT-ը մեթանի արտանետումների համար, ինչպես նաեւ հասանելի է դարձնում NASA-ի մեկ տասնյակից ավելի տվյալների կենտրոններ եւ հարակից արբանյակներից ստացվող տվյալներ: NASA Earth Observations-ը եւս մեկ հարթակ է՝ մթնոլորտի, ցամաքային մակերեւույթների, օվկիանոսների, էներգիայի, շրջակա միջավայրի եւ այլնի վերաբերյալ տվյալների ավելի քան 50 շտեմարաններով: Տվյալների ուսումնասիրությամբ զբաղվող օգտատերերին աջակցելու նպատակով առկա են գործիքակազմեր՝ ըստ թեմաների՝ աղետներ, անտառային հրդեհներ եւ կենսաբանական բազմազանություն:
NOAA
NOAA-ի (The US National Oceanic and Atmospheric Administration, հայ.՝ ԱՄՆ-ի Օվկիանոսների եւ մթնոլորտի հարցերով ազգային վարչություն) ենթակայության տակ գործող Ազգային բնապահպանական արբյանյակների, տվյալների եւ տեղեկատվության ծառայություն (անգլ.՝ National Environmental Satellite, Data, and Information Service). NOAA-ն տրամադրում է մի քանի ինտերֆեյս՝ համաշխարհային մթնոլորտային պատկերներին եւ կլիմային, եղանակին եւ շրջակա միջավայրին առնչվող տվյալներին մուտք ստանալու համար:
USGS
USGS Earth Explorer. Բացի վերը նշված LandsatLook ինտերֆեյսից, USGS-ը Earth Explorer-ի միջոցով ապահովում է մուտք մի շարք տվյալների հավաքածուներ: GISGeography-ի ուղեցույցը կարող է օգնել Earth Explorer-ն ուսումնասիրելիս:
Կոմերցիոն մատակարարներ
Թեեւ Landsat-ի եւ Sentinel-ի անվճար տվյալները մասշտաբային փոփոխություններն ուսումնասիրելու հիանալի հնարավորություն են տալիս, ավելի բարդ վերլուծության համար անհրաժեշտ է ստանալ պատկերներ որեւէ կոմերցիոն մատակարարից, ինչպես դա արեց Associated Press-ը՝ 2015 թվականին Պապուա Նոր Գվինեայում ստրկության մեջ գտնվող անձանց որսած ձուկը տեղափոխող նավերին հետեւելու համար, եւ Reuters-ը 2022 թվականին՝ ստուգելու ականատեսների նկարագրությունները Եթովպիայի ժամանակավոր բանտերում պահվող հազարավոր էթնիկ տիգրայիների անմարդկային պայմանների մասին:
Սույն ուղեցույցի պատրաստման պահին Maxar Technologies-ին եւ Airbus-ին էին պատկանում ամենաբարձր կետայնությամբ (30 սմ) արբանյակները: Յուրաքանչյուրն ունի պորտալներ, որտեղ կարելի է տեսնել առկա պատկերները, բայց դրանց համար անհրաժշտ է դիմել ընկերության մամուլի ծառայությանը կամ մի շարք վերավաճառող ընկերություններից որեւէ մեկին:
Planet Labs-ը կարող է օգտվել 3.7 մետր կետայնությամբ արբանյակներից բաղկացած իր համաստեղությունից, որն ամեն օր ծածկում է գրեթե ողջ Երկիրը: Ընկերությունն ունի նաեւ 50 սանտիմետր կետայնությամբ մի քանի արբանյակներ, որոնք հատուկ հրահանգավորման կարիք ունեն։
Capella Space-ը լուսանկարում է բարձր որակի SAR պատկերներ: Կետայնոությունը 50 սանտիմետրից պակաս է:
BlackSky-ը կարող է ուղղորդել արբանյակներին եւ ստանալ տվյալներ 90 րոպեի ընթացքում:
Պատկերները կարելի է գնել նաեւ հետեւյալ վերավաճառող ընկերություններից՝
Շահույթ չհետապնդող կազմակերպություններ
Տեղեկատվական դիմակայունության կենտրոնը (անգլ.՝ Centre for Information Resilience) համագործակցում է լրատվամիջոցների հետ՝ մերկացնելու մարդու իրավունքների խախտումները, պատերազմական հանցագործությունները, ապատեղեկատվությունը եւ առցանց բռնությունը: Նրա «Ուշադրություն Ռուսաստանի քարտեզին» (անգլ.՝ Eyes on Russia Map) հատուկ նախագիծը հետեւում է Ուկրաինայի հակամարտությանը:
Global Fishing Watch-ը անվճար մուտք է տրամադրում դեպի արբանյակային պատկերներ, տվյալների հավաքածուներ եւ օվկիանոսներում մարդու գործունեությանը հետեւելու ծրագրեր:
Global Forest Watch-ը տրամադրում է անվճար մուտք դեպի արբանյակային պատկերների տվյալներ եւ վերլուծություններ՝ հետեւելու ծառերի կորստին եւ անտառահատումներին եւ թույլ է տալիս անհատականացված ահազանգեր ստեղծել որոշակի հետաքրքրություն ներկայացնող վայրերի համար:
Radiant Earth Foundation-ում հասանելի են գործիքներ եւ ուսումնական նյութեր երկնքից՝ արբանյակներից, անօդաչու թռչող սարքերից արված պատկերներ, որոնց հիմնական ուղղվածությունը կլիմայի փոփոխությունը եւ բնապահպանությունն են:
Resource Watch-ը տրամադրում է անվճար եւ ներբեռնելի տվյալների ժողովածուներ եւ վիզուալացման գործիքներ՝ մշտադիտարկելու ռեսուրսներին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ կլիմայի փոփոխություն, ջրային ռիսկեր, աղտոտում, աղքատություն, միգրացիա եւ պետություննեերում անկայուն վիճակներ: Այն հովանավորում են Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտը (World Resources Institute) եւ այլ կազմակերպություններ:
SkyTruth-ը շրջակա միջավայրի եւ ռեսուրսների պահպանության վրա կենտրոնացած կազմակերպություն է, որը պատրաստակամ է խորհրդատվություն տրամադրել հետաքննական նախագծերի վերաբերյալ: SkyTruth-ի էլ-փոստի հասցեն է՝ [email protected]: Skytruth-ը ժամանակագրական կարգով ներկայացնում է լրագրողների հետ արված իրենց նախագծերը:
3. Ծրագրեր
Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (անգլ.՝ Geographic Information System, GIS) ծրագրերին տիրապետելը կարող է ընդլայնել արբանյակային պատկերների կամ հեռահար զոնդավորման տվյալների հետ աշխատանքի ձեր հնարավորությունները: Ստորեւ բերված GIS հարթակները թույլ են տալիս տարբեր աղբյուրներից բազմաշերտ տվյալներ հավաքել եւ այդ շերտերի վերաբերյալ տարածական վերլուծություններ իրականացնել:
Esri-ն, GIJN-ի հետ համաձայնությամբ, անդամ կազմակերպություններին սիրով տրամադրում է ArcGIS ծրագրի անվճար արտոնագրեր՝ պատկերների հետ աշխատելու եւ քարտեզներ ստեղծելու համար: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք GIJN-ին՝ այստեղ:
Լայնորեն կիրառվում է QGIS-ը` բաց կոդով GIS ծրագիրը համակարգիչների համար:
R-ը եւ Python-ը ծրագրավորման լեզուներ են՝ զինված բազմաթիվ գրադարաններով` վեկտորային եւ ռաստերային (կետային) վերլուծություն իրականացնելու համար:
Google Earth Engine-ի (նախկինում հիշատակված) պատրաստի օգտագործման պատկերները եւ հեռահար զոնդավորման տվյալները ծավալով պետաբայթերի են հասնում,: Կարող եք նաեւ վերբեռնել ձեր սեփական պատկերները, ինչպես նաեւ վեկտորային ֆայլեր: Վերջապես, դա համապարակ GIS միջավայր է, որը հնարավորություն է տալիս վերլուծելու հսկայական քանակությամբ տվյալներ: Բայց հզորության հետ մեկտեղ, այս գործիքին տիրապետելու համար շատ ավելի ժամանակ է պահանջվում:
Google News Initiative-ը մշակել է լրագրողների համար նախատեսված ուսումնական նյութերի շարք Google Earth Engine-ի (GEE) բազմաթիվ գործառույթների վերաբերյալ, օրինակ՝ թե ինչպես ստեղծել ժամանակի փոփոխությունները գրանցող (անգլ.՝ time-lapse) տեսանյութեր, հետեւել ծառածածկույթների փոփոխություններին եւ մշտադիտարկել ձկնորսական նավատորմերը: Google-ը նաեւ հրապարակել է մի շարք բացատրական եւ ուսումնական նյութեր:
Նկատի ունեցեք, որ GEE-ի Code Editor-ով աշխատելու համար հարկավոր է JavaScript-ի իմացություն: Դուք կարող եք GEE-ով աշխատել R-ի եւ Python-ի իմացությամբ եւս:
4. Ուղեցույցներ, ուսումնական նյութեր, հուշաթերթիկներ
- Google Earth Engine. համառոտ ուղեցույց սկսնակների համար. ընդհանուր դիտարկումներ եւ քայլ առ քայլ ուսուցում GIS Geography-ից:
- Bellingcat-ի առցանց հետաքննությունների գործիքակազմ. ռեսուրսների տպավորիչ հավաքածու՝ բաց կոդով (open source) հետազոտական աշխատանք կատարելու համար՝ ներառյալ տիեզերական լրագրության մեծ թվով ռեսուրսներ:
- Ամպային հեռահար զոնդավորում Google Earth Engine-ի միջոցով (Cloud-Based Remote Sensing with Google Earth Engine). անվճար առցանց դասագիրք, որը ձեզ սկսնակից կդարձնի առաջատար օգտատեր: Հեղինակը բնապահպանական գիտությունների պրոֆեսոր, Սան Ֆրանցիսկոյի համալսարանի Երկրատարածական վերլուծությունների լաբորատորիայի տնօրեն Դեյվիդ Սաահն է:
- Ինչ են իրական ժամանակի արբանյակային տվյալները. շատ ընդհանրական ակնարկ արբանյակային տվյալների ագրեգացիայով զբաղվող Skywatch կոմերցիոն ընկերությունից: Ակնարկում ներկայացված է, թե ինչ տեսակի արբանյակներ են պտտվում Երկրի շուրջ, քանիսն են դրանք, եւ ինչպես են դրանց հավաքած տեղեկությունները փոխանցվում ու մշակվում:
- Ինչպես վերլուծել արբանյակային պատկերները. լրագրության որակը բարելավելու նպատակով արբանյակային պատկերների օգտագործման պատկերազարդ նկարագրություն Al Jazeera Media Institute-ից:
- Բացահայտելով անտեսանելին. համալիր ժողովածու (Exposuring the Invisible - The Kit). Tactical Tech-ի հետաքննական հնարքների ուղեցույցը լրագրողների, հետազոտողների եւ ակտիվիստների համար: Հատկապես արժե ուշադրություն դարձնել հետեւյալ նյութերին՝ «Սկսելով Ձեր արբանյակային հետաքննությունը», «Կիրառելով քարտեզներ՝ տեսնելու ակնհայտից անդին» եւ «Աշխարհագրական տեղորոշման մեթոդներ. մանրամասն ուղեցույց» ճարտարապետ եւ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր լրագրող Էլիսոն Քիլլինգից:
- Հետաքննություններում արբանյակային պատկերների կիրառման խորհուրդներ Amnesty International Evidence Lab-ից (GIJN), որը 2022 թվականի Լրագրության միջազգային փառատոնին (անգլ.՝ International Journalism Festival) Amnesty International-ի ներկայացրածի ամփոփ տարբերակն է:
- Apollo Mapping-ի աերոլուսանկարչության եւ GIS դիտարկման գործիքներն առաջարկում են ակնարկներ, ներբեռնման հղումներ եւ պատկերների վերբեռնման հրահանգներ երկու առաջատար անվճար GIS եւ պատկերների դիտարկման գործիքների՝ QGIS-ի եւ Google Earth-ի համար:
- 10 խորհուրդներ տեղորոշման եւ բաց կոդերի տվյալների կիրառմամբ հետաքննության արդյունավետությունը բարձրացնելու համար - GIJN՝ քաղված 2022 թվականի Լրագրության միջազգային փառատոնին Տեղեկատվական դիմակայունության կենտրոնի ներկայացրածից՝ նվիրված նկարների վերլուծությանը:
- Ինչպես մերկացնել սուտը երկնքից՝ օգտագործելով արբանյակներ եւ ԱԹՍ-ներ - GIJN. երկնքից արված պատկերների կիրառման գաղափարներ եւ խորհուրդներ 2021 թվականի Հետաքննական լրագրության համաշխարհային համաժողովից:
- ԱԲ-ի եւ արբանյակային պատկերների կիրառման ուղեցույց լրագրողական պատմությունների համար. առաջարկում է գործնական քայլեր եւ աշխատանքային գործընթացի սխեմա՝ արհեստական բանականության (ԱԲ) եւ արբանյակային պատկերների համատեղման համար: Ուղեցույցը ստեղծվել է 2021 թվականի JournalismAI Collab Challenges-ի մի նախագծի շրջանակում:
- Earth Engine-ի եւ Geemap-ի միջոցով ամպային երկրատարածական վերլուծության ներածություն. նյութը տալիս է հղումներ ավելի ընդլայնված, յոթ մասից բաղկացած ուսումնական ձեռնարկի եւ մանրամասն օժանդակ նյութերի, որոնց հեղինակներն են Քիուշենգ Վուն եւ Սթիվ Գրինբերգը: Սրա մեջ է մտնում նաեւ Streamlit գործիքից օգտվելու հրահանգը՝ ձեր դիտարկած կոորդինատների արբանյակային տվյալներն ավտոմատ կերպով հավաքելու համար:
- Իմ սիրելի գործիքները. երկրագետ-լրագրող Գուստավո Ֆալեյրոս - GIJN. բրազիլացի լրագրող եւ բնապահպանական հետաքննությունների խմբագիր Գուստավո Ֆալեյրոսը 2021 թվականին GIJN-ին տված հարցազրույցում ներկայացնում է արբանյակային պատկերներ եւ տվյալներ ձեռք բերելու, քարտեզագրելու եւ վիզուալացնելու գործիքները:
Ռեսուրսներ ըստ թեմաների
Կոնֆլիկտներ
- Պատերազմական հանցագործություններ հետաքննելու լրագրողական ուղեցույց. բաց կոդերի հետազոտություն, GIJN
- Մոխրացած Երկիր. NASA-ի՝ կրակների վերաբերյալ տվյալների օգտագործումը պատերազմական գոտիների մշտադիտարկման համար, Bellingcat
Կլիմայի փոփոխություն եւ շրջակա միջավայր
- How Environmental Journalists Can Use NASA's New Landsat 9 Satellite, GIJN
- Google News Initiative: Environmental Journalism
- New Sources Emerge for Tracking Methane Emissions by Satellites, GIJN
- How They Did It: Uncovering a Vast Network of Illegal Mining in Venezuela, GIJN (El País and Armando.info)
- Investigating Rainforest Destruction: Finding Illegal Airstrips Using Machine Learning, Pulitzer Center
- Ինչպես բնապահպան լրագրողները կարող են օգտագործել NASA-ի նոր Landsat 9 արբանյակը, GIJN
- Google News Initiative. բնապահպանական լրագրություն
- Նոր աղբյուրներ՝ արբանյակների միջոցով մեթանի արտանետումները դիտարկելու համար, GIJN
- Ինչպես նրանք արեցին դա. Վենեսուելայում ապօրինի հանքարդյունաբերության հսկայական ցանցի հետքերով, GIJN (El País եւ Armando.info)
- Տրոպիկական անտառների ոչնչացման հետաքննություն. մեքենայական ուսուցման միջոցով ապօրինի թռիչքուղիների հայտնաբերում, Pulitzer Center
Մարդու իրավունքներ
- Հետաքննություններում արբանյակային պատկերների կիրառման խորհուրդներ Amnesty International Evidence Lab-ից
- Արբանյակային պատկերներ մարդու իրավունքների մշտադիտարկման համար, The Engine Room
Ստրկություն եւ հարկադիր աշխատանք
- From the Cover: Satellites can reveal global extent of forced labor in the world’s fishing fleet, Proceedings of the National Academy of Sciences
- Արբանյակները կարող են բացահայտել ողջ աշխարհի ձկնորսական նավերի վրա հարկադիր աշխատանքի ծավալները, Գիտությունների ազգային ակադեմիայի նյութեր
Ստուգում
- Deepfake աշխարհագրություն. ինչպես ԱԲ-ն այժմ կարող է կեղծել արբանյակային պատկերները, GIJN
- Ուկրաինական պատերազմի նկարների ստուգում, The New York Times
- Ուրվականը մեքենայում. Չադ. պրակտիկ օրինակ, թե ինչու չպետք է կուրորեն վստահել տեխնոլոգիային, Bellingcat
Գլխավոր լուսանկարը՝ Unsplash, NASA
Այս նյութը պատրաստվել և թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։
Մեկնաբանել