HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Ալեքսանյան

Զինվորն անպաշտպան է, սպայակազմն` անպատիժ

2001թ. հուլիսի 19-ին ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովը զինծառայողների բողոքների հիման վրա լսեց բանակում զինծառայողներին խոշտանգումների ենթարկելու մասին փաստերը: Հանձնաժողովն առաջարկեց ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծել հատուկ հանձնաժողով` ուսումնասիրելու ոչ միայն խոշտանգումների վերաբերյալ փաստերը, այլեւ տարվող քննության օրինականությունը: Ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունները հաստատեցին խոշտանգումների 5 փաստ, այդ թվում` Սուրեն Գրիգորյանի դեպքը:

Դաժան ծեծի հետեւանքով զինծառայողը կորցրել է խոսելու ունակությունը

Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո բանակ մեկնած Սուրեն Գրիգորյանի ծառայությունը կարճ տեւեց: Ծանր մարմնական վնասվածքներով մի քանի ամիս հետո նա հայտնվեց զինվորական հոսպիտալում: Մեկ օրվա ընթացքում նրան դաժան ծեծել էին 3 անգամ.պահակատանը, զորանոցում, այնուհետեւ շտաբի պետի աշխատասենյակում: Ծեծել են, ահաբեկել ու նսեմացրել: Նրան հոսպիտալ են տեղափոխել դեպքի հաջորդ օրը միայն: Մինչ այդ հանցագործության հետքը թաքցնելու նպատակով Սուրենին լողացրել են, փոխել հագուստները: Գանգուղեղի ծանր վնասվածքներով կանգնեցրել են տաք ցնցուղի տակ` էլ ավելի վատթարացնելով նրա առողջական վիճակը: Բռնություններին մասնակցել է 15-20 սպա: Ըստ փորձագետների եզրակացության Ս.Գրիգորյանը ծեծի հետեւանքով ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դաժան ծեծի հետեւանքով զինծառայողը կորցրել է խոսելու ունակությունը:

«Բանակ ասելով հասկանում ես մի բան, իսկ այն ինչ տեսնում եւ զգում ես կաշվիդ վրա բոլորովին այլ է: Դա մի վիհ է: Լավի նկատմամբ հույսդ չպիտի կորցնես, հակառակ դեպքում կկործանվես: Բոլոր զինվորներն էլ մտահոգված են: Երկու տարի ամեն րոպե ու վայրկյան ստիպված ես լինել սթափ ու լարված վիճակում, որպեսզի որեւէ բան չպատահի», հոսպիտալում գտնվելու օրերին ասում էր Սուրենը:

Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի զորամասում, որի հրամանատարն է Մուրադ Աբրահամյանը: Մինչ այդ նա Վարդենիսի Զոդի զորամասի հրամանատարն էր: Մուրադ Աբրահամյանը 1999թ. մայիսի 31-ին զորամասում իր ծառայողական պարտականությունները կատարող Սեւանի կայազորի զինդատախազության քննիչ Հակոբ Հակոբյանին ծեծի է ենթարկում: Քննիչի գլխին հասցրած նրա աքացու վերջին հարվածը ճակատագրական եղավ երիտասարդ իրավաբանի համար: Նա կորցրեց տեսողությունը: Ճիշտ է, այս անգամ քրեական գործ հարուցվեց, սակայն դատական ելք չունեցավ: Այն կասեցվեց «հանցագործությունը կատարող անձի անհայտ լինելու պատճառով»: Մուրադ Աբրահամյանը չհարցաքննվեց: Տուժողին տված նրա միակ բացատրությունը սա է. «խմած էի, ըտենց ուզեցի»: Մուրադ Աբրահամյանին հասած պատիժն այն էր, որ նրան Զոդից տեղափոխեցին Արմավիր` պահպանելով հրամանատարի նրա կարգավիճակը: Դեռ ավելին, դեպքից շատ չանցած նրան շնորհվեց գնդապետի կոչում: Բռնության հաջորդ դեպքը գնդապետ Մուրադ Աբրահամյանի զորամասում չուշացավ: Այս անգամ դաժան ծեծի ենթարկվեց զինծառայող Սուրեն Գրիգորյանը` բարձրագույն սպայակզմի կողմից:

Քրեական գործ հարուցվել է բավականին ուշացումով, դեպքից մեկուկես ամիս հետո` Երեւանի կայազորի զինդատախազության կողմից: Առաջինը մեղադրանք ներկայացվեց 4-րդ գումարտակի շտաբի պետ, ավագ լեյտենանտ Էրվին Սարգսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի «բ» կետով (պաշտոնական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Չնայած Սուրենի հարազատների բազմաթիվ բողոքներին, որ կատարված հանցագործությանը մասնակից են եւս 7 բարձրաստիճան սպաներ, սակայն «մինչեւ այսօր հանցագործները շարունակում են ծառայել զորամասում եւ վտանգ են ներկայացնում ոչ միայն Սուրենի, այլեւ մյուս զինծառայողների համար», պաշտպանության նախարարին ուղղված բողոքում գրում են Սուրենի հարազատները:

Ըստ երեւույթին բողոքներն են եղել պատճառը, որ հետագայում քրեական գործի քննությունը ստանձնել է ՀՀ զինվորական դատախազությունը: 2001թ. հունվարին որպես մեղադրյալներ բարձրագույն սպայական կազմից ներգրավվել են եւս 3-ը:

Զինծառայողը «հակաճառել է սպային»

Դեպքի օրը` նոյեմբերի 27-ին Սուրենը հերթապահում էր մարտական դրոշի պահպանման պահակակետում: Հերթափոխը հանձնելուց հետո նա 4 ժամ պիտի հանգստանար պահակակետի հանգստի սենյակում: Ցրտի պատճառով Սուրենը գնացել է զորանոցից ծածկոց բերելու: Այդ ընթացքում ծառայությունը ստուգելու նպատակով պահակակետ են եկել գումարտակի շտաբի պետն ու վաշտի հրամանատարը: Շուրջ 5 րոպե անց ծածկոցը ձեռքին հանգստյան սենյակ է վերադարձել Ս. Գրիգորյանը: Ըստ քննիչի, վերջինիս բացակայությունը վեճի տեղիք է տվել, որի ժամանակ Սուրենը հակաճառել է նրանց: «Հիշյալ անձինք չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը եւ անցնելով իրենց պաշտոնական լիազորությունների սահմանը հենց հանգստյան սենյակում ծեծի են ենթարկել Ս. Գրիգորյանին», մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ արաձանագրում է ՀՀ զինվորական դատախազության հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Սամվել Հովհաննիսյանը: Ըստ նույն որոշման առավոտյան ժամը 8-ին հրահանգ է տրվել գումարտակի բոլոր սերժանտներին «կարաուլկա» ներկայանալ: Ներկայացել է նաեւ Սուրենը եւ այդտեղ էլ «շտաբի պետը մյուս սպաների հետ միասին կրկին ծեծի են ենթարկել Սուրեն Գրիգորյանին եւ նրան ուժեղ ֆիզիկական ու բարոյական ցավ պատճառելու միջոցով տանջահարման են ենթարկել` բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա դեմքին եւ գլխին, իսկ Խաչիկ Սարգսյանը միաժամանակ Սուրեն Գրիգորյանի գլխին բազմաթիվ հարվածներ է հասցրել շուրջ 50-60 սմ երկարությամբ կլոր փայտի միջոցով: Այնուհետեւ Վազգեն Վարդանյանը եւ Էրվին Սարգսյանը փորձել են ստիպել Սուրեն Գրիգորյանին բացատրություն գրել, որ խուսափել է ծառայությունից եւ լքել պահակակետը: Վերջինս հրաժարվել է կատարել նրանց պահանջը, ինչի պատճառով հիշյալ անձինք նրան տարել են շտաբի պետ Խաչիկ Սարգսյանի աշխատասենյակ եւ այնտեղ Մարտին Մնացականյանի ակտիվ մասնակցությամբ խոշտանգման բնույթ կրող ծեծի ենթարկլ, որի արդյունքում կոտրվել է Սուրեն Գրիգորյանի քիթը եւ նա կորցրել է խոսելու ունակությունը»: Այնուհետեւ քննիչը եզրակացրել է. «Սուրեն Գրիգորյանին տանջահարման եւ խոշտանգման ենթարկելու ժամանակ նրան հասցվել է կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ»:

Բավարար համարելով ձեռք բերված ապացույցները քննիչը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասով (դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը կրել է տանջահարման կամ խոշտանգման բնույթ) եւ 268 հոդվածի «բ» կետով: Դատարանի որոշմամբ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ քննիչը շարադրել է ծեծուջարդի շարժառիթը, որ իբր զինծառայողը «հակաճառել է սպային»: Հետագայում` նախաքննությունն ավարտելիս` նույն քննիչը հակասելով իր որոշմանը դեպքը գլխիվայր շուռ է տալիս եւ մեղադրյալի կարգավիճակում հայտնվում է հաշմանդամ դարձած զինծառայողը:

Սուրեն Գրիգորյանի եւ նրա շահերը ներկայացնող փաստաբանի կողմից նախաքննական մարմնին ուղղվել են բազում բողոքներ, որոնցում նշվել են նաեւ հանցագործության մյուս մասնակիցների անունները, սակայն նրանց չեն հարցաքննել: «Ապացույցները ավելի քան բավարար են ոչ միայն տուժող Սուրեն Գրիգորյանի, այլեւ մեղադրյալների ցուցմունքներով եւ առերես հարցաքննություններով: Այդուհանդերձ նրանց պատասխանատվության չեն կանչել», ասում է տուժողի ներկայացուցիչ Ս. Սաֆարյանը: «Տուժողի կողմից բազմիցս կատարված պահանջ-միջնորդությունները կոնկրետ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հանդիսանում են բացահայտ ճնշում քննիչի նկատմամբ եւ կարող են հանգեցնել ապացույցների ոչ օբյեկտիվ եւ բազմակողմանի ուսումնասիրմանը», այսպես է պատասխանել զինդատախազությունը իրեն հասցեագրված բողոքներին` նախաքննության 5-րդ ամսում:

Բազմաթիվ բողոքներ ու բացարկներ են ուղղվել ՀՀ զինվորական դատախազին, բայց ապարդյուն: Զինվորական հոսպիտալը 7 ամիսների ընթացքում այդպես էլ չկողմնորոշվեց Սուրեն Գրիգորյանի զինվորական ծառայության պիտանելիության հարցում եւ նրան չեն ներկայացրել ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով: «Ամեն ինչ արվում է, որպեսզի Սուրենը չզորացրվի արդեն իսկ ախտորոշված հիվանդություններով», ասում է տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: Փաստաբանը իր բողոքներում նշում է, որ իր պաշտպանյալի հիվանդության պատմությունը զինդատախազությունը հոսպիտալից առգրավել է եւ սա է հարցը լուծլու գլխավոր խոչընդոտը: Նախաքննության ընթացքում խոչընդոտներ է ստեղծվել նաեւ փաստաբանի համար: Քննիչի կամայականությամբ նա զրկվել է տուժողի ներկայացուցչի կարգավիճակից: Չնայած հետագայում ՀՀ գլխավոր դատախազության կողմից այս եւ այլ գործերն ուսումնասիրելու համար ստեղծած հատուկ հանձնաժողովը անհիմն է ճանաչել քննիչի այս որոշումը, բայց, միեւնույնն է, դատական ատյաններում այդուհետ անտեսվում է այդ որոշումը:

Դատարան դիմելը ելք չէ

Նախաքննական մարմնի ապօրինի գործողությունների համար դատարան դիմելու եւ հարցը դատական կարգով լուծելու փորձ մեզանում չկա: Փաստաբան Սեդա Սաֆարյանը առաջինը դիմեց այդ քայլին: «ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ ՀԿԳ քննիչ Սամվել Հովհաննիսյանի որոշումների եւ գործողությունների դեմ» բողոքը քննվեց Արաբկիր եւ Քաքնաքեռ- Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում: Բողոքը դատարան է մտել քր.դատ.օրի 290 հոդվածի հիմքով: Այն է` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական եւ անհիմն որոշումների եւ գործողությունների բողոքարկումը դատարան»:

Տուժողի ներկայացուցչի պահանջն էր ձեռք բերված ապացույցների հիման վրա պատասխանատվության ենթարկել բարձրագույն սպայակազմից` Վ.Շառոյանին, Հ.Մխիթարյանին, Վ.Բոյկոյին, Ա.Մելքոնյանին, Տ.Գեւորգյանին: Հարցաքննել փորձագետներին` վերջ դնելու անընդհատ նշանակվող նոր փորձաքննությունների շարանին, որոնք արգելք են հանդիսանում տուժող Սուրեն Գրիգորյանին ներկայացնել Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով:

Ընդամենը քննիչ Ս.Հովհաննիսյանի ցանկությունն հաշվի առնելով որոշեցին դատական նիստերն անցկացնել դռնփակ: Քննիչի հիմնավորումը սա էր. որպեսզի մամուլի ներկայացուցիչները չմասնակցեն նիստին, որովհետեւ «լրագրողները պիտի գնան եւ ավել-պակաս խոսեն»: Նաեւ հայտարարեց, թե «քննվում է հանրապետության մեծություններից մեկի` ՀՀ զինդատախազի հարցը»: Այս «փաստարկները» դատավոր Գոռ Հակոբյանը հիմք ընդունելով` դատարանի դռները փակեց լրագրողների առջեւ:

Շուրջ երկու ամիս ձգվող դատաքննությունից հետո դատավորը որոշեց, որ «բողոքարկված որոշումներն ու գործողությունները կատարված են օրենքին համապատասխան եւ բխում են ինչպես ՀՀ քր.դատ.օր-ի պահանջներից, այնպես էլ քրեական գործի նյութից»:

Որոշման մեջ դատավորը կանխավ պաշտպանության տակ է առնում քննիչին եւ այդ նպատակով մեջ բերում քննիչի կարծիքը իր իսկ կատարած քննության մասին` «իր կողմից քննությունը կատարվում է բազմակողմանի, լրիվ եւ չափից դուրս օբյեկտիվ, ինչը դուր չի գալիս բողոքարկող կողմին»: Սրանով քննիչը փորձում է հիմնավորել իրեն բացարկ հայտնելու հիմնական պատճառը:

Բողոքարկող կողմը որոշումից է տեղեկացել, որ իրենց պահանջը` հանցագործության մյուս մասնակիցներին եւս քրեական պատասխանատվության ենթարկելու մասին` բավարարվել է: Փաստորեն ամիսներ շարունակ զինդատախազության դեմ պայքարելու գլխավոր պատճառը դա էր: Նշենք, որ այդ անձինք պատասխանատվության են կանչվել նախաքննության 6-րդ ամսում միայն:

Որոշումից հստակ երեւում է, որ դատարանը կատարել է զինդատախազության հերթական պատվերը, ինչը հետագայում հաստատեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծված հանձնաժողովը, որ նախաքննության ընթացքում տեղի են ունեցել իրավախախտումներ: ՀՀ լխավոր դատախազության տեղեկանքում տեղ են գտել գրեթե բոլոր այն հարցադրումները, որոնց կապակցությամբ դատարան էր դիմել տուժողի ներկայացուցիչը:

Փաստաբանը լքել է դատական նիստը

Գտնելով, որ առաջին ատյանի դատարանի որոշումը օրինական եւ հիմնավորված չէ տուժողի ներկայացուցիչը բողոքարկում է վերաքննիչ դատարան: Դատական միակ նիստը, ըստ փաստաբանի, ընթանում է քրեադատավարական նորմերի կոպիտ խախտումներով: «Մինչեւ դատական նիստը սկսելը դատավորի սենյակը վերածվեց արտադատարանական նիստի», ասում է Սեդա Սաֆարյանը: Փաստաբանը ստիպված է եղել լքել դատական նիստը:

Վերաքննիչ դատարանը, այսուհանդերձ, վերը նշված պայմաններում մերժել է բողոքը: Դատարանը որոշումն ընդունել է առանց կողմերի մասնակցության: Բողոքը չի քննվել: Մերժվել է ոչ միայն բողոքը, այլեւ բեկանվել է առաջին ատյանի դատարանի որոշումը: Մերժման համար հիմք են հանդիսացել ՀՀ քր.դատ.օր 3 հոդվածներ. 290,103 եւ 278-ի 2-րդ մաս. «տուժողի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը խախտել է ՀՀ քր.դատ.օր-վ սահմանված անօրինական եւ անհիմն որոշումների բողոքարկման կարգը... Առաջին ատյանի «դատարանն էլ իր հերթին անտեսելով այդ հանգամանքը բողոքն ընդունել է իր վարույթ, դարձրել է քննության առարկա եւ դուրս գալով իր լիազորությունների սահմաններից կայացրել է անհիմն որոշում...»:

Ստացվում է, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը տուժող կողմի բողոքը չպետք է դարձներ քննության առարկա: Այսինքն դատավոր Գոռ Հակոբյանը չի տիրապետում դատավարական օրենսդրությանը: Երկու ամիս տեւող դռնփակ դատական նիստեր, վեճեր, կրքեր եւ այդ ամենից հետո է միայն տեղեկացվում, որ տուժող կողմը իրավասու չէր բողոքով դիմել դատարան: Ի դեպ, նույն վերաքննիչ դատարանը բողոքը վերցնելուց եւ մի շարք իրավախախտումներ կատարելուց հետո է միայն մերժել այն: Վերաքննիչ դատարանի որոշումը մերժելու հիմքերը մեկնաբանության կարիք ունեն: Այն անհասկանալի է ոչ միայն սովորական քաղաքացուն, այլեւ մասնագետներին:Հարցն այն է, թե իրավասու էր արդյո՞ք փաստաբանը նախաքննական մարմնի ապօրինի գործելակերպի դեպքում դիմել դատարան:

Փաստաբանների միջազգային միության անդամ Մարինե Ջանոյանը գտնում է, որ այստեղ առկա է օրենքի անկատարությունը. «օրենքը հստակեցված չէ եւ հոդվածները, որոնց հիման վրա որոշում է կայացրել վերաքննիչ դատարանը հակասում են միմյանց»: Նրա կարծիքով դատարանը օգտվում է հենց այդ հանգամանքից եւ վիճելի հարցի դեպքում լուծում իր օգտին:

Վիճահարույց հարցին սպառիչ պատասխան տվեց Քրեական դատավարության օրենսգրքի համահեղինակներից մեկը` Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը.»Մեր դատավորները շփոթում են քր.դատ.օր 290 եւ 278 հոդվածները: Օրենքում ասված է, որ դատարանը «սույն օրենսգրքով սահմանված դեպքերում է քննում հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի եւ օպերատիվ հետախուզական գործունեությունն իրականացնող մարմինների որոշումների եւ գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները: 290 հոդվածը սահմանում է այդպիսի 5 դեպք եւ միայն այս դեպքերում է թույլ տրվում բողոքարկել»: Պրն Խաչատրյանը նշում է եւս երկու` 98 հոդվածի 2-րդ մասը եւ 100 հոդվածը, որոնք բողոքարկելու իրավունք են տալիս: «Այսօր դատարանը քննիչի գործերին կարող է խառնվել միայն 7 դեպքերում», ասում է նա::

Զավեշտալի է, որ .Ջհանգիրյանը հուլիսի 18-ին օրենքի ուժ չունեցող դատարանի որոշումը ձեռքին եկել էր ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողով: Ի դեպ, փաստաբանի վկայությամբ վերաքննիչ դատարանը որոշումը նույն օրն էլ հանձնել էր նրան: Սուրենի մայրը փորձել է Արդարադատության նախարարից պարզել, թե ո՞ր կարգի համաձայն է վերաքննիչ դատարանի որոշումը նույն օրը տրվել ՀՀ զինվորական դատախազին: «Խնդրում եմ ճշտել, արդյո՞ք, նույն օրն իսկ կայացրած որոշումներն ու վճիռները պատրաստի տալիս են քաղաքացիներին, թե դա եզակի պատվեր էր»:

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում քննվեց տուժողի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի մեկ այլ բողոք, որն ուղղված էր ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու եւ նրանց գործողությունները վիճարկելու դեմ: Փաստաբանը պահանջել է տուժող Ս.Գրիգորյանին ներկայացնել ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովին: 7ամիս շարունակ զինհոսպիտալն այդ ուղղությամբ ոչինչ չի արել, իսկ դիմումներին տրվել են անհիմն պատասխաններ:

Նշանակված դատական նիստերը 3 անգամ հետաձգվեցին պատասխանող կողմի` զինհոսպիտալի չներկայանալու պատճառով, դիմումի դեմ առարկելով, որ զինդատախազությունը առգրավել է Ս.Գրիգորյանի հիվանդության պատմագրերը եւ մյուս փաստաթղթերը, ինչը եւ հնարավորություն չի տալիս լուծելու նրա զինվորական ծառայության պիտանելիության հարցը: Հոսպիտալը նշել է փորձաքննվողի ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը:

Դատարանն առանց պատասխանող կողմի վճռեց, որ պետք է բավարարել բողոքը: Ի դեպ դատավոր Ամրաի Պետրոսյանը բողոքում տեղ գտած բոլոր անպատասխան հարցերն ուսումնասիրել եւ հիմնավոր պատասխաններ է տվել: Վճռում վկայակոչվել է դեռեւս 2001թ. մարտի 9-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը` Սուրեն Գրիգորյանին փորձաքննության ենթարկելու մասին, «սակայն հոսպիտալի ռազմաբժշկական հանձնաժողովը անհիմն պատճառաբանություններով Ս.Գրիգորյանին փորձաքննությանը ներկայացնելու որոշում չի կայացրել»: Անդրադառնալով հոսպիտալի կողմից բերված առարկություններին, որ փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ է հիվանդության պատմագրի, փորձագիտական եզրակացությունների առկայությունը, ինչպես նաեւ փորձաքննվողի ֆիզիկական ներկայությունը, դատարանը դրանք համարել է «անհիմն»:

Դատարանը Ռազմաբժշկական հանձնաժողովին պարտավորեցնում է «Ս.Գրիգորյանի հիվանդությունների վերաբերյալ մինչեւ 2001թ. հունիսի 11-ը առկա փաստաթղթերով կայացնել որոշում փորձաքննություն նշանակելու եւ նրա` զինվորական ծառայությանը պիտանի լինելու հարցը լուծելու կապակցությամբ»:

Թվում էր, թե հարցն ի վերջո կլուծվի եւ դատարանի վճիռն օրենքի ուժ կստանա, սակայն մինչեւ վճռի ի կատար ածվելը զինվորական հոսպիտալը դատարանից կրկին պահանջել է «պարզաբանել Սուրեն Գրիգորյանը որպես ֆիզիկական անձ պարտավո՞ր է ներկա լինել ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին, թ՞ե, ոչ»: Դատավորն այս անգամ անվարան պարզաբանել է իր պարզաբանումը եւ ճիշտ հակառակ որոշում կայացրել. «Սուրեն Գրիգորյանի ներկայությունը ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին պարտադիր է» :

«Պարզաբանումը հակասում է օրինական ուժի մեջ մտած վճռին եւ փոխում վճռի էությունը` հակասելով 143 հոդվածի 1-ին կետին, այն է` «Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը` չփոփոխելով վճռի էությունն ու բովանդակությունը»: Ըստ էության սա պարզաբանում չէ, այլ վճռի փոփոխում, ինչի իրավունքը 1-ին ատյանի դատարանը չուներ: Դատարանը թույլ է տվել դատավարական օրենքի խախտում: Վճիռն օրենքի ուժ է ստացել եւ փոփոխման ենթակա չէ: Փաստորեն նոր վճիռ է կայացվել առանցքային հարցի շուրջ», ասում է իրավախորհրդատու Մարինե Ջանոյանը:

Տուժողի ներկայացուցիչը ստիպված էր պարզաբանումը բողոքարկել վերաքննիչ դատարան: Նոյեմբերի 12-ին վերաքննիչ դատարանը ապօրինի ճանաչեց դատավոր Ա.Պետրոսյանի պարզաբանումը: Սակայն այստեղ հարցը բոլորովին այն չէր, թե վերաքննիչ դատարանը բռնել էր օրենքի եւ օրինականության ուղին: Պարզապես տեղի էր ունեցել հերթական իրադրության փոփոխությունը: Շուրջ մեկ տարի բռնությունների հետեւանքով խոսելու ունակությունը կորցրած, զինվորական իրավապահների կողմից հետապնդվող Սուրեն Գրիգորյանի կարգավիճակը վերջապես փոխվում է. Սուրենի` ՀՀ գլխավոր դատախազություն ներկայանալուց հետո Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռն ի կատար է ածվում եւ նա ճանաչվում է զինվորական ծառայությանը ոչ պիտանի:

Սուրենին ահաբեկում էին նաեւ հոսպիտալում

Մինչ նախաքննության ապօրինի ընթացքի վերաբերյալ բողոքները քննարկվում էին տարբեր դատական ատյաններում, քննիչը իր նշանակած հերթական փորձաքննությամբ ստացավ ցանկալի պատասխանը: Սուրենի «ծանր մարմնական վնասվածքներն» այլեւս դասվեցին «նվազ ծանր մարմնական վնասվածքների» շարքին: Ամեն ինչ արվում էր մեղադրյալ-սպաների մեղքը իրավաբանորեն թեթեւացնելու համար: Սա էր նաեւ պատճառը, որ 7 ամիս շարունակ չէր լուծվում Սուրեն Գրիգորյանի զինվորական պիտանելիության հարցը: Իսկ այդ ընթացքում հոսպիտալում նա ոչ միայն անհրաժեշտ բուժում չէր ստանում, այլեւ անհայտ զինվորականների կողմից նրան ահաբեկելու մի քանի դեպքերը եղան, որի պատճառով հունիսի 11-ին Սուրենը ստիպված լքեց հոսպիտալը: Այս կապակցությամբ ծնողնրը հեռագրեր հղեցին ՀՀ նախագահին, Պնախարարին եւ այլ ատյաններ` հայտնելով, որ կներկայացնեն Սուրենին, նրա անվտանգությունը երաշխավորելու դեպքում:

Իշխանություններին ուղղված հեռագրերն անարձագանք մնացին: Փոխարենը զինվորական դատախազությունն արագ կողմնորոշվեց. «Հայտնում եմ Ձեզ, որ 18.06.01թ. որոշում է կայացվել Սուրեն Էդուարդի Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քանի որ Ս.Գրիգորյանի կարգավիճակը տուժողից վերածվել է մեղադրյալի, դուք այլեւս չեք կարող հանդես գալ որպես տուժողի ներկայացուցիչ»: Այս գրությունով քննիչը Սուրենին հայտարարում է մեղադրյալ եւ փաստաբանին ծանոթացնում է իր իրավունքների հետ` զրկելով նրան տուժողի ներկայացուցչի կարգավիճակից:

Դատախազությունն ընդդեմ զինծառայողի

Մարդու իրավունքների հանձնաժողովի հաջորդ նիստում պարզաբանումներով հանդես եկավ զինդատախազ Գ. Ջհանգիրյանը: Նա փորձեց «շտկել» քննիչի կողմից տուժողին մեղադրյալի վերածելու փաստը: Փորձված դատախազը հասկանում էր, որ այստեղ չափն անցել են եւ արդեն աղմկահարույց այս գործին գոնե համաչափ մոտեցում է պետք ցուցաբերել: Նա ելքը գտավ նոր որակման մեջ` Ս.Գրիգորյանին ներկայացնելով միաժամանակ եւ՜ որպես տուժող, եւ՜ մեղադրյալ: Հիմնավորումն այն էր, որ Ս.Գրիգորյանը ծեծի ժամանակ «կոտրել է իրեն ծեծողներից մեկի քիթը»:

Սրան հաջորդած զինդատախազության հաջորդ քայլը խոսքից գործի անցնելն էր. «Սուրեն Գրիգորյանի կողմից զորամասի պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ գործադրված բռնարարքների կապակցությամբ» հարուցվում է քրեական գործ` 5 տարբեր հոդվածներով, որոնցից մեկն, օրինակ, սահմանում է մինչեւ 10 տարի ազատազրկում: Դա ՀՀ քր.օր 246 հոդվածն է (անհնազանդություն, պետի հրամանը կատարելուց հրաժարվելը): Բացի դրանից Սուրենը մեղադրվում է նաեւ 251 հոդվածով (ստորադրյալի կողմից պետին կամ պետի կողմից ստորադրյալին վիրավորանք հասցնելը, 254 հոդվածի «ա» կետով (զորամասը կամ ծառայության վայրը ինքնագլուխ լքելը), 250 հոդ. «ա» կետով (Պետին` նրա կողմից զինվորական ծառայության պարտականություններ կատարելու կապակցությամբ մարմնական վնասվածքներ հասցնելը կամ ծեծելը) եւ 263 հոդվածի «ա» կետով (Պահակային ծառայության կանոնագրքի կանոնների խախտումներ) եւ գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում` առանց որեւէ տեսակի խափանման միջոց ընտրելու: Սրանով ՀՀ զինվորական դատախազը փորձեց հակակշիռ ստեղծել տուժողի եւ մեղադրյալների միջեւ: Ստացվեց, որ ծեծի հետեւանքով հաշմանդամ դարձած զինվորին ներկայացվեցին անհամեմատ ավելի ծանր մեղադրանքներ, քան հանցագործության հեղինակներին:

Սուրենին ներկայացված մեղադրանքները դեռ երկար պահպանելու է նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը, որը գործի օրինականությունն ստուգելու նպատակով քրեական գործը վերցրեց իր վարույթ: Իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, Սուրենի նկատմամբ հայտարարված հետախուզումը հանվում է եւ փոխարինվում քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Ա.Թամազյանը նկատի է ունեցել զինծառայողի վատառողջ լինելն ու բուժում ստանալու անհրաժեշտությունը: Քննիչը, սակայն, պահպանել է Սուրենի` մեղադրյալի կարգավիճակը` հոկտեմբերի 29-ին կրկին առաջադրելով 5 մեղադրանքները: Դեպքից անցել է մեկ տարի: Նախաքննական եւ դատական քաշքշուկների պատճառով Սուրեն Գրիգորյանը հնարավորություն չունի զբաղվել իր բուժման հարցերով:

Բռնությունների հեղինակներն ազատության մեջ են

ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործը տեղափոխելով իր վարույթ եւ նպատակ ունենալով ստուգել նախաքննության օրինական ընթացքը` որեւէ փոփոխություն չարձանագրեց: Զինդատախազության սարքած գործն ամբողջությամբ պահպանվեց:Հենց այս ընթացքում մեղադրյալների մասով գործը մտավ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան: Նախաքննության սկզբում սպաներին առաջադրված ծանր մեղադրանքները փոխվեցին եւ գործը դատարան մտավ անհամեմատ մեղմ հոդվածով: Կտրուկ նվազեց նաեւ մեղադրյալների թիվը: 10 մեղադրյալներից դատարանում լսվեց միայն 3-ի գործը, որոնցից միայն մեկն է նախաքննության ընթացքում գտնվել կալանքի տակ. լեյտենանտ Վազգեն Վարդանյանը: Մյուս երկուսից` գնդապետ Խաչատուր Սարգսյանից եւ կապիտան Հայկ Մխիթարյանից քաղաքից չհեռանալու մասին ստորագրություն էր վերցվել:»Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700 ամյակի կապակցությամբ համաներում հայտարարլու մասին» որոշմամբ ազատ են արձակվել նրանցից 5-ը, Իսկ 2-ի մասով քր.գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Վերջինս գործով ճանաչվել է նաեւ տուժող:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը հարկ չի համարել տուժող կողմին ծանուցել սկսվող դատաքննության մասին, եւ դատն արել է առանց վերջինիս մասնակցության: «Ես գործով տուժող չունեի,-մեր հանդիպման ժամանակ հայտարարեց դատարանի նախագահ Հրաչյա Սարգսյանը,- նախաքննական մարմինը չի դատակոչել տուժող կողմին»: Իրավասու չէր, արդյո՞ք, այդ բացը լրացնել դատաքննության ընթացքում մեր հարցին, դատավորն ամենայն լրջությամբ հարցրեց. «դու տուժողի կողմից ե՞ս», ապա ավելացրեց. «գնդապետ մարդուն բերել նստեցրել էին մեղադրյալի աթոռին: Ամոթ էլ էր»:

Դատավորի ամոթի զգացումը երեւում է դատավճռի յուրաքանչյուր տողում: Դատարանը 3 մեղադրյալներին ճանաչել է մեղավոր եւ դատապարտել 3 տարի ազատազրկման, ապա կիրառել «Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700 ամյակի կապակցությամբ» հայտարարված համաներումը եւ ազատ արձակել դատարանի դահլիճից: Որպես հիմնավորում եւ մեղմացուցիչ հանգամանք դիտվել է այն, որ նրանք «անկեղծորեն զղջում են կատարվածի համար եւ ակտիվորեն աջակցել են հանցագործությունը բացելուն», ավելին` «հանցագործությունները կատարել են Ս.Գրիգորյանի ապօրինի գործողությունները կանխելու նպատակով»: Իսկ ընդհանրապես նրանք «բնութագրվում են դրականորեն, նախկինում արատավորված չեն եղել»: Դատավճռից չի հասկացվում, թե ո՞րն է դատապարտվող 3 անձանց մասնակցությունը կատարված հանցագործությանը: Այն ամբողջությամբ ուղղված է Ս. Գրիգորյանի դեմ: Վերջինս ներկայացվում է որպես մեր ժամանակների Ռեմբո: Բոլոր դրվագներում Սուրենը հարձակումներ է գործել սպաների վրա եւ առաջինը հարվածել նրանց:

«Դատարանը պարտավոր էր տուժող ճանաչել Սուրեն Գրիգորյանին: Այդ դեպքում ինչի՞ շուրջ է քննվել գործը: Մեղադրյալների վրա համաներում է կիրառվել դատավճռով: Դա նշանակում է, որ դատաքննության ցանկացած փուլում դատարանը կարող էր տուժող ճանաչել զինվորին»,-ասում է իրավախորհրդատու Մ. Ջանոյանը:

Նախաքննության ընթացքում ազատ արձակված 7 սպաները դատարանում հանդես են եկել որպես վկաներ: Նախկին մեղադրյալների ցուցմունքները դրվել են դատավճռի հիմքում: Տեղի է ունեցել տնավարի դատ, որտեղ գործել է պրոֆեսիոնալ համերաշխության սկզբունքը: Պարզ է, որ ՀՀ զինդատախազությունը պաշտպանելու էր համազգեստի պատիվը եւ չէր բռնելու շարքային զինծառայողի կողմը:

Մինչեւ դատավճռի օրինական ուժ ստանալը Սուրենի հարազատները բողոքարկում են դատավճիռը. «...Քանի որ ըստ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 03.09.2001թ. դատավճռի դուք տուժողի օրինական ներկայացուցիչ չեք ճանաչվել, հետեւաբար առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկելու իրավունք չունեք», 2 օր հետո արձագանքել է վերաքննիչ դատարանը: Մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստեղծված հանձնաժողովը 22.08.2001թ. (այսինքն մինչեւ տուժող կողմի վերաքննիչ դատարան դիմելը) «տուժող Ս.Գրիգորյանի օրինական ներկայացուցիչ Մ. Դանիելյանի եւ ներկայացուցիչ Ս. Սաֆարյանի մասնակցության դադարեցումը քրեական գործի վարույթին անհիմն է» ճանաչել: Վերաքննիչ դատարանի պատասխանը եւս մեկ անգամ ապացուցում է, որ դատախազությունն ու դատարանը գործում են իրարից անտեղյակ` չհարգելով միմյանց կայացրած որոշումները :

Զինդատախազության, այնուհետեւ ՀՀ գլխավոր դատախազության ջանքերով բռնությունների արդյունքում հաշմանդամ դարձած զինծառայողը հայտնվեց մեղադրյալի աթոռին եւ դարձավ գործով միակ մեղադրյալը: Սուրեն Գրիգորյանն այլեւս պիտանի չէ զիծառայությանը: Ընդ որում նա ոչ պիտանի է ճանաչվել հունիսի 11-ի դրությամբ, ինչն, ըստ էության, փոխում է դրանից հետո տեղի ունեցած դատական գործընթացների էությունը:

Տեւական ժամանակ Սուրենին տանել-բերելուց հետո ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Ա.Թամազյանը դեկտեմբերի 12-ին որոշում ընդունեց կարճել Սուրենի նկատմամբ հարուցված քրեական գործը «իրադրության փոփոխման հետեւանքով»: Այս ձեւակերպումը մեկնաբանվում է որոշման «պարզեցի» մասում.»չնայած գործի քննությամբ հիմնավորվել է մեղադրյալ Ս.Գրիգորյանի կողմից զորամասի սպաների նկատմամբ բռնի գործողությունների կատարման...հանգամանքը, սակայն նկատի ունենալով, որ մեղադրյալ Գրիգորյանը զինծառայության ընթացքում զորամասի սպաների կողմից ստացած նվազ ծանր մարմնական վնասվածքների պատճառով զրկվել է խոսելու ունակությունից, ուստի իրադրության փոփոխման հետեւանքով Ս.Գրիգորյանի կատարած արարքը կորցրել է հանրության համար վտանգավոր բնույթը եւ նրա անձը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց»:

Քննիչի այս եզրահանգմանը «լկտիության բարձրակետ» որակումը տվեց իրավախորհրդատու Մարինե Ջանոյանը: «Սա ցինիզմ է մարդու հանդեպ», ասում է նա: Տիկին Ջանոյանը գտնում է, որ այս որոշումը ստեղծված անօրինական իրավիճակից դուրս գալու միակ ելքն էր դատախազության համար: «Դատախազությունը պարտավոր էր դադարեցնել քրեական հետապնդումը Ս.Գրիգորյանի նկատմամբ հանցակազմի բացակայության պատճառով եւ որպես անօրինական հարուցված քրեական գործ: Նրանք շատ լավ հասկանում էին, որ այս գործը դատարանում հեռանկար չուներ: Այն ապացույցները, որ ձեռք էին բերել Սուրենի նկատմամբ ընդամենը պատասխանատվությունից խուսափելու միջոց է», ասում է փաստաբանը: Նրա գնահատմամբ, իրավական տեսանկյունից այս գործն ընդամնը «գործարք» էր, որից պետք էր ինչ- որ կերպ դուրս գալ: «Անօրինական իրավիճակ, որը ստեղծել էր զինվորական դատախազությունը եւ չգիտես ինչու այն համաձայնել էր «կուլ տալ» ՀՀ գլխավոր դատախազությունը: Չեմ հասկանում, թե ինչու էր պետք գլխավոր դատախազությանը կոծկել զինդատախազության անօրինական գործելակերպը», հարցնում է Մարինե Ջանոյանը:

Զինվորին խոշտանգումների ենթարկելու դեպքերը սովորաբար դատարան չեն հասնում: Զինվորական իրավապահները համագործակցում են զորամասի հրամանատարության հետ եւ հարցերը լուծում էն գլխից: Կատարված հանցագործության համար երբեք պատասխանատվություն չի կրում հրամանատարական կազմը: Արտառոց դեպքերի ժամանակ նրանց մի զորամասից տեղափոխում են մեկ այլ զորամաս: Զորամասի հրամանատարն ավելի զորեղ է, քան իրավապահ մարմինը: Եվ հանցագործության բացահայտումը դառնում է գրեթե անհնար:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն

Մեկնաբանություններ (3)

ominac
Այսքան երկար յօդուած գրելու կարիք չիկայ, «Հոս Հայաստան է » գրէ, եւ բոլորս կը հասկնանք։
Hay_Axchik
Xndrum em TER Astvac Pashtpanir HAY zavaknerin, mer Zinvornerin, aijm ev Havitjans!!! Amen!!!!
susan
ջահանգիրյանների նման տականքները ,ինչպես նաև այդ զինվորականները ինչու պետք է պաշտոն զբաղեցնեն .ինչպես ասում են ձուկը գլխից է հոտած. իրենց երեխաներին պետք է իրենց աչքի առաջ սատկացնեն, որպեսզի հասկանան թե ինչ է դա նշանակում. առողջ մարդուն ուղարկեն իրենց մարդասպանների որջը և ստանան հաշմանդամ զինվոր.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter