HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջիկայում գյուղմթերքի բացօթյա շուկա կլինի նաև Կենտրոն վարչական շրջանում

Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին ծանոթացել է շուկայի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, շուկայի այցելուների հետ:

Երևանի քաղաքապետարանը գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրել է անվճար, քաղաքապետարանը տեղադրել է նաև տաղավարները, վրանները, կշեռքներն ու սայլակները:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ այսօր արդեն քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման վայրերն ավելացնելու ուղղությամբ:

«Մեր համաքաղաքացիների կողմից պահանջարկ լինելու դեպքում քաղաքապետարանը պատրաստ է տարածքներ հատկացնելու մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նմանատիպ շուկաների կազմակերպման համար: Առաջիկայում նմանատիպ ևս մեկ շուկա կունենանք Կենտրոն վարչական շրջանում: Շուկայի տարածքում նաև մշտական հսկողություն է իրականացվելու, որպեսզի տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն ապահովվի»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Այս կերպ գյուղացիներին հնարավորություն է տրվում, առանց միջնորդի, վաճառելու իրենց արտադրանքը, ինչն իր հերթին հնարավորություն կտա մայրաքաղաքի բնակչությանն առավել մատչելի գներով ձեռք բերել գյուղացիական արտադրության սննդամթերքը:

Շուկայի աշխատանքներին ծանոթանալուց հետո Տարոն Մարգարյանը կարճատև շրջայց է կատարել շուկայի հարակից պուրակում, ծանոթացել քաղաքացիների համար ստեղծված հանգստի պայմաններին ու զրուցելով տարեց բնակիչների հետ՝ համոզվել է, որ կատարված ու շարունակվող բարեկարգման աշխատանքները գոհացնում են նրանց:

Կարճատև շրջայցի շրջանակում նկատելով Երևանի 2750-ամյակին նվիրված ցայտաղբյուրի անմխիթար վիճակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է այն ներառել ցայտաղբյուրների վերականգնման քաղաքապետարանի տարեկան ծրագրում և կարճ ժամանակում հստակ քայլեր ձեռնարկել ցայտաղբյուրի վերականգնման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter