HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Երկու տարբեր ճակատագրեր՝ մեկ հարկի տակ

«Էդ սողանը մարդավարի ղաշյանգ կըտրատե, սխալըս անում»,- Կամելլային հանդիմանում է Էլլա տատը։ Իրենց նոր տան խոհանոցը հարմարեցրել են երկու հոգու՝ բաժակները, ափսեներն ու անգամ գդալները երկուական են։ Արդեն մեկ ամիս է, ինչ նրանք Գյումրիում ապրում են միասին։ Բնակարանը հարմար է երկուսի համար էլ, ամեն մեկն իր անկյունն ունի, սակայն հաճախ են վիճում կենցաղային ինչ-որ խնդիրների պատճառով։ «Կամաց-կամաց իրար հարմարվում ենք»,- ասում է 68-ամյա Կամելլան։ Հիշում է՝ ինչպես Գյումրու Հայորդաց տանը ծանոթացան․ «Ոնց որ միայնակներով իրար գտանք, էլի»։ Այժմ ժպիտով են հիշում Հայորդաց տանն անցկացրած օրերը։ «Տնօրենը մի օր եկավ ու ասեց, որ վարձով տուն են գտել։ Ոչ ես, ոչ էլ Էլլան չէինք ուզում գնալ ծերանոց։ Էդպես որոշվեց, որ միասին պետք է ապրենք»,- ասում է Կամելլան։

Սկզբում տանը մեկ մահճակալ է եղել, Կամելլան ստիպված քնել է հատակին։«Ես սովորել եմ դժվարություններին»,- ասում է նա։ Հիշում է, թե ինչ դժվարությամբ է դուրս եկել Ստեփանակերտից՝ թողնելով իր երկհարկանի սեփական տունը։ Դեռ թարմ են սեպտեմբերի 19-ի հիշողությունները։ Տանն է եղել, երբ սկսվել է հրետակոծությունը․ «Պատերից մեկին մոտեցա, աչքերս փակեցի ու խաչակնքվում էի, որ ողջ մնամ։ Էս անգամ շատ էի վախեցել, տան կռիշը ձայներից դղրդում էր»։ Կամելլա Առուստամյանը 2020-ից հետո միայնակ այրի է․ 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրել է և՛ ամուսնուն՝ Գենային, և՛ 18-ամյա որդուն՝ Յուրային։

Ստեփանակերտում 50 տարուց ավելի աշխատել է մանկական հիվանդանոցում՝ որպես մայրապետ։ Երեք տարի առաջ՝ նոյեմբերի վերջին, հիվանդանոցի բժիշկներից մեկը զանգել է ու ասել՝ պետք է դիահերձարան գնա ու ճանաչի ամուսնու և որդու մարմինները։ «Պատերազմը որ սկսվում ա, ամուսինս կամավոր ա գրվում, տղաս էլ չի դիմանում՝ հետը գնում ա։ Վերջին անգամ երկուսին միասին հրաժեշտ եմ տվել, համբուրել։ Չգիտեի, որ հետո ոչ մեկն էլ հետ չի գա, ես պիտի ստիպված ճանաչեի մարմինները»,- ասում է Կամելլան։ Ամուսինն ու որդին զոհվել են Շուշիի մատույցներում՝ տանկի մեջ։ Կամելլան ամենաշատն ափսոսում է, որ վերջին անգամ չի այցելել որդու և ամուսնու շիրիմներին․ «Գերեզմաններում իմ համար էլ տեղ կար, ես ի՞նչ իմանայի, որ սենց կբաժանվեմ իրենցից։ Աստված գիտի, թե իմ հետ ինչ կլինի»։

Գյումրու այս բնակարանում իրեր չունի, ամեն ինչ թողել է իր տանը, անգամ՝ ընտանեկան լուսանկարները։ Նա ոչ թե ժամանակ չի ունեցել իրերը հավաքելու, այլ՝ մեքենայի հնարավորություն․ «Հարևանիս շատ խնդրեցի, որ ինձ էլ հետը վերցնի։ Մեքենայում տեղ չկար, հազիվ մի պայուսակ շոր եմ վերցրել»։ Քաղաքից դուրս են եկել սեպտեմբերի 23-ին, երկու օր անց՝ հասել Հայաստան։ Կամելլան հարևանին հրաժեշտ է տվել Գորիսում, հետո եկել է Գյումրի, մինչև հոկտեմբերի 1-ը մնացել Հայորդաց տանը, ապա տեղափոխվել նոր բնակարան։

Նա երեք քույր ունի, սակայն որևէ մեկի հետ այժմ կապ չունի։ Տարհանման լուրը լսելուն պես զանգել է քույրերին և խնդրել իրեն էլ վերցնել, սակայն բոլորն ասել են, թե մեքենայում տեղ չունեն։ «Օգնող չեմ ունեցել։ Փառք Աստծո, որ գոնե սա ունեմ հիմա»,- ասում է Կամելլան։

«Մազերս միանգամից սպիտակեցին․ ես շատ եմ տանջվել»

Անցյալի մասին Կամելլան երկար չի կարողանում խոսել, տևական դադարներ է վերցնում։ Հաճախ պատմությունը շարունակում է Էլլա տատը, ասում է, որ սովորել են իրար ու շատ բան գիտեն միմյանց մասին։ Կեսկատակ հավելում է՝ միակ խնդիրն այն է, որ սուրճի ընկեր չունի՝ Կամելլան թեյ է նախընտրում։

Նոր տանը երկուսի սիրելի վայրն էլ արևոտ պատշգամբն է։ «Ցերեկները նստում ու հիշում ենք մեր անցյալը։ Հիմա իրար ունենք, պիտի հարմարվենք»,- ասում է Էլլա տատը։ Զրույցի ընթացքում Էլլան անընդհատ ստուգում է հեռախոսը, անհանգիստ է։ «Սպասում է, որ տղան կզանգի»,- ասում է Կամելլան։

«Տղայիս նոր տունս ցույց չեմ տվել դեռ»,- ասում է Էլլան։ Նրա ընտանիքը բռնի տեղահանվել է Մարտունի քաղաքից՝ սեպտեմբերի 25-ին։ Էլլան էլ չի հասցրել հավաքվել, ասում է՝ մինչև վերջին վայրկյանը չի հավատացել, որ լքելու է իր տունը․ «Առաջինը տանս վկայականն եմ վերցրել։ Չգիտեմ, մտածում եմ, որ ետ եմ վերադառնալու»։ Գորիս հասնելուն պես նրանց ուղղորդել են Վայք, որտեղից էլ ընտանիքը բաժանվել է՝ Էլլային բերել են Գյումրի, իսկ տղայի ընտանիքը եկել է Երևան։ «Չէի ուզում նեղություն տալ երեխեքիս։ Իրենց տունը փոքր է, ինձ համար տեղ չկար։ Էս տանն ավելի լավ է»,- ասում է նա։

Ամուսնու և թոռներից մեկի մահից հետո Էլլան առողջական խնդիրներ է ձեռք բերել․ «Հիմա ամեն օրս ոնց որ տանջանք լինի»։ Երբ տղան եկել է իր ետևից, հասցրել է վերցնել մի քանի փաստաթուղթ և հագուստ։ Ինքն էլ է ափսոսում, որ վերջին անգամ չի այցելել հարազատների շիրիմներին․ «Սիրտս չի հանգստանում։ Մազերս արագ սպիտակել են էս ընթացքում»։ Էլլան երկու որդի եւ դուստր ունի։ Նրանց հետ հեռախոսով է շփվում․ «Թոռներով եմ ապրում, ուղղակի նեղություն չեմ ուզում տալ։ Գիտեմ, որ լավ են՝ հերիք է ինձ»։

Կամելլան և Էլլան այժմ միասին են որոշում՝ ինչ պատրաստեն օրվա համար կամ ուր գնան զբոսնելու։

Ասում են, որ Արցախում կյանքն այլ էր, սակայն ապրելն անհնար էր դարձել։ «Ո՞նց եք պատկերացնում թուրքի հետ մի տարածքում ապրելը։ Մենք ամեն ինչի դիմացել ենք, բայց դրան չէինք կարող դիմանալ»,- ասում է Կամելլան։ Ապագայի պլաններ դեռ չունեն, չգիտեն, թե որքան կապրեն այստեղ և ինչ կլինի իրենցից յուրաքանչյուրի հետ։ Սրտնեղում են, որ իրենց բակն ու տունը թողած՝ ստիպված են չորս պատի մեջ ապրել։ «Սրան էլ կդիմանանք, բայց թե ինչքան՝ պարզ չի»,- ասում է էլլան։

Օրերս Էլլայի եւ Կամելլայի համար գումար հավաքելու նպատակով Երևանում բարեգործական համերգ է կազմակերպվել։ Անհրաժեշտ կահույքի ու սպասքի հարցում նրանց կօգնի Գյումրու Հայորդաց տունը։

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի, լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Լեւոն
Ոչ թե "ճակատագրեր" այլ, "ճակատագիր"․․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter