
Էրդողանը Գազայի խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները համեմատել է ցեղասպանության հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Գազայի հատվածում խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները հասել են ցեղասպանության մակարդակի, սակայն միջազգային հանրությունն ի վիճակի չէ հակահարված տալ Իսրայելի «ապօրինի հարձակումներին»: Այդ մասին նշվում է Էրդողանի՝ ՄԱԿ-ի հիմնադրման 78-ամյակին նվիրված նամակի մեջ, որը տարածել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
«Մենք՝ մարդկությունս, շատ լուրջ խնդիրներ ունենք՝ զինված հակամարտություններից մինչև կլիմայի փոփոխություն, սովից և աղքատությունից մինչև իսլամաֆոբիա, հատկապես՝ Պաղեստինում և Ուկրաինայում։ Հոկտեմբերի 7-ից Գազայում տեղի է ունենում քաղաքացիական բնակչության տների, երկրպագության վայրերի, հիվանդանոցների, դպրոցների զանգվածային ոչնչացում, որը հասնում է ցեղասպանության մակարդակի: Ցավոք, միջազգային հանրությունն ի վիճակի չէ հակահարված տալ խաղաղ բնակչության վրա Իսրայելի վարչակազմի անօրինական և սանձարձակ հարձակումներին»,- ասված է ուղերձում։
Էրդողանի խոսքով՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները հիշեցնում են ՄԱԿ-ում բարեփոխումների անհրաժեշտության մասին: «Միջազգային հանրության ընդհանուր և հիմնավորված ակնկալիքն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ազատվի սահմանափակ թվով երկրների գերիշխանությունից և դառնա ավելի ներկայացուցչական, ժողովրդավարական և արդյունավետ»,- գրել է Էրդողանը։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել