HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Ձկնարդյունաբերության օգուտն ու վնասը

Արմավիրի մարզի Արեւաշատ համայնքի 60 հա մշակահող այս տարի դեռ չի ոռոգվել: Գյուղացիները տագնապի մեջ են. հեկտարներով հացահատիկ են ցանել, բայց արդեն գիտեն, որ եկամուտ չեն ստանալու: Ժիրայր Վարդանյանը 270.000 դրամ է ծախսել, բայց հաշվել է` 300.000 էլ չի ստանա. «Ծախսածածկ հազիվ լինի»,- ասում է Ժիրայրը:

Արեւաշատը սպասարկող «Մուսալեռ» ՋՕԸ-ի (Ջրօգտագործողների միություն) գործադիր տնօրեն Գալուստ Խաչիկյանը թեեւ կիսում է գյուղացիների մտահոգությունը, բայց նրանց ոչնչով օգնել չի կարող. «Արդեն 3-4 տարի է` դրենաժները ցամաքել են, ինչի հետեւանքով պարապուրդի է մատնվել Արեւաշատի ջրհան կայանը»: Սրա արդյունքում տուժում են գյուղացիները` նրանց այգիների ու ցանքատարածությունների զգալի մասը չորանում է: ՋՕԸ-ի ղեկավարն ասաց նաեւ, որ անջրդի այդ տարածքների միակ փրկությունը խորքային հորեր հորատելն է, ինչը բավականին ծախսատար է, եւ հնարավոր ներդրող կարող է լինել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը:

Դրենաժների դատարկությունը հավասարապես անհանգստացրել է եւ՛ հողագործներին, եւ՛ գյուղմասնագետներին: Ներկայումս Արարատյան դաշտավայրում գործող 870 կմ բաց եւ 670 կմ փակ դրենաժները թեպետ 1998 թվականից պետության հսկողության տակ են, բայց դա էլ դրենաժների անխափան աշխատանքի երաշխիք չէ:

«Թեպետ ամեն տարի մոտ 350-400 կմ երկարությամբ դրենաժները մաքրվում են` ոռոգման հնարավորություն տալով Արարատյան դաշտի մոտ 81.000 հողատարածքների, բայց զգալի մասն էլի անջուր է մնում` ի հաշիվ ձկնաբուծական ավազանների: Ստեղծվել է մի իրավիճակ, որ Արարատյան հարթավայրը գնում է անապատացման: Դրենաժները, որ սնվում են եւ՛ անձրեւաջրերից, եւ՛ ընդերքի ջրերից, ցամաքում են հատկապես այն հատվածում, որտեղ խիտ են ձկնաբուծարանները»,- ասաց կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի «Մելորացիա» ՓԲԸ տնօրեն Վովա Թադեւոսյանը: Անդրադառնալով հորատանցքերին՝ նա ասաց, որ Արարատյան դաշտավայրում դրանց թիվը 1090 է, որոնք մինչեւ 90-ականները հավասարապես ծառայում էին թե՛ խմելու, թե՛ ոռոգման նպատակով: Բայց, երբ 1995 թվականից սկսվեց ձկնարդյունաբերության բումը, հորատանցքերից բխող ջրի ծավալները նվազեցին:

Ջրի ճնշման անկման ցայտուն օրինակ է Մասիսի տարածաշրջանի Հովտաշատ համայնքը, որտեղ մինչեւ 90-ականները 98 հորատանցք կար: Այդ ժամանակ գյուղը 98 հորատանցքերից վայրկյանում 4,5 խմ ջուր էր ստանում: Հիմա նույն այդ հորատանցքերից ստացվող ջրի ծավալները նվազել են` հասնելով վայրկյանում 2,5 խմ-ի:

«Մելորացիա» ընկերությունը 1986-2007 թթ. Արարատյան դաշտավայրի հորատանցքերի ճնշման ու ծախսերի մոնիտորինգ է իրականացրել եւ արձանագրել ջրի ճնշման ամենամյա զգալի անկումներ. «Պատճառը ձկնաբուծարաններն են, որոնք շատ են հատկապես Հովտաշատից-Գայ հատվածում: Ճանապարհի աջ ու ձախ կողմերում այլեւս ազատ տարածքներ չկան. դրանք խլել են ձկնաբուծարանները, որովհետեւ այդ մասի ջուրը շատ քաղցրահամ է ու սառնորակ, որի մեջ բավականին բարձր է թթվածնի պարունակությունը: Իսկական իշխան աճեցնելու ջուր է»,- ասաց Վ. Թադեւոսյանը :

Ինչ վերաբերում է ձկնարդյունաբերողներին, ապա շահույթ ստանալու ակնկալիքով նրանք ոչինչ չեն խնայում՝ բուծարաններում կատարելով նորանոր ներդրումներ: Անգամ հորատանցքերի խորությունն են մեծացրել: Եթե նախկինում հորատում էին 100-110 մետր խորությամբ հորատանցքեր, ապա հիմա դրանց խորությունը հասցրել են 140 եւ ավելի մետրի, ինչի պատճառով ջրի ճնշումը թուլացել է` տեղ-տեղ հանգեցնելով ջրի սովի: Արեւաշատը հենց այդ դեպքերից է:

«Եթե մինչեւ 1992 թ. հորատանցքերից ստացվում էր 20 խմ վրկ ջուր, ապա 1995-2007թթ` 10 խմ: Ինչքան շատ հորատանցքեր են բացվում, այնքան ջրի մղման ճնշումն ընկնում է »,- պարզաբանեց «Մելորացիա» ՓԲԸ տնօրենը: Վերջինիս փոխանցմամբ` այդ 10 խմ ջուրը, որ ձկնարդյունաբերության մեջ մեկ անգամ օգտագործվելուց հետո կարող էր, բայց չի ծառայում ոռոգման նպատակին, ձկնաբույծների անբարեխղճության պատճառով լցվում է դրենաժներն ու հոսում հարեւան Ադրբեջան: Պատկերավոր ասած` Հրազդան գետի չափ ջուր կորուստ ենք տալիս` ընդամենը ձուկ աճեցնելու համար:

Բայց, որպեսզի ձկնարդյունաբերությունը չզարգանա ընդերքի ջրերի չարաշահման հաշվին, եւ որպեսզի դա չխանգարի նաեւ հողագործությանը, Ջրային պետական կոմիտեի «Մելորացիա» ընկերությունն առաջարկությունների փաթեթ է ներկայացրել կառավարություն` նշելով Արարատյան հարթավայրի այն տեղանքները, որոնք հանքավայրային տարածքներ են:

«Առաջարկել ենք ձկնաբույծներին հատկացումներ անելիս շրջանցել այդ հանքավայրերը , որոնց վրա, դժբախտաբար,, արդեն շատ են ձկնաբուծարանները»,- եզրափակեց Վովա Թադեւոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter