
ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնակատարը կասկածվում է լրտեսության մեջ
Բելգիայի պետական անվտանգության ծառայությունը Եվրոպական միությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովին, ինչպես նաեւ ԵՄ-ում ՌԴ ներկայացուցչության մյուս աշխատակիցներին կասկածում է «եվրոպական շահերի դեմ գաղտնի գործունեության» մեջ։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը՝ այլ լրատվամիջոցների հետ համատեղ հետաքննության մեջ։
Լրագրողները գրում են, որ Լոգվինովին կասկածում են ՌԴ արտաքին հետախուզական ծառայության համար աշխատելու մեջ։ Բելգիայի հակահետախուզությունը իշխանություններին կոչ է արել ՌԴ մշտական ներկայացուցչին ներառել արտաքսման ենթակա անձանց ցուցակում, սակայն ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության դիվանագետները չեն աջակցել այդ գաղափարին:
2010-2014 թվականներին Լոգվինովն աշխատել է Բեռլինում Ռուսաստանի դեսպանատանը։ Նրան սկսել են կասկածել հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ միայն 2022 թվականին, երբ զբաղեցնում էր ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան Der Spiegel-ի հրապարակման, լրագրողներին առաջարկել է «հրապարակել ամբողջ աշխարհում գերմանական հատուկ ծառայությունների գործակալների ցուցակը»:
«Եթե ռուս դիվանագետները հետապնդման ենթարկվեն արևմտյան ԶԼՄ-ներում, արևմտյան դիվանագետներն իրենց մաշկի վրա կզգան, թե ինչ է դա»,- ասել է նա։
Լոգվինովի մասին հետաքննությունը Der Spiegel-ի, De Tjid-ի, Expressen-ի, Delfi-ի, Vsquare-ի, Frontstory-ի, ICJK-ի, հետաքննող լրագրողների Paper Trail Media համայնքի և «Досье» կենտրոնի՝ ԵՄ-ում ռուսական լրտեսների վերաբերյալ համատեղ հետաքննության մի մասն է:
Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո ԵՄ երկրները սկսեցին արտաքսել ռուսաստանցի հարյուրավոր դիվանագետների։ Այսպես, 2022 թվականին Բրյուսելը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության 19 աշխատակցի և Բրյուսելում ՌԴ դեսպանատան 21 աշխատակցի։ Գերմանիան, իր հերթին, արտաքսել է ռուսական դիվանագիտական առաքելությունների 40 աշխատակցի։
Լուսանկարը՝ ԵՄ-ում ՌԴ ներկայացուցչության կայքէջից
Մեկնաբանել