
Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը չի կայանա
Հոկտեմբերի վերջին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը չի կայանա: Պատճառը ժամանակի սղությունն է: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ հեռավար մասնակցելով APRI Armenia վերլուծական կենտրոնի` «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին։
«Հոկտեմբերի վերջին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը չի կայանա՝ ժամանակի սղության պատճառով»,- նշել է նա։
Նա հավելել է, որ Բրյուսելում նոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, իսկ «ԵՄ-ում հավատում են, որ ի վերջո փաստաթուղթ կստորագրվի»։
Տոյվո Կլաարը դրական է գնահատել Գրանադայի բանակցությունները, որին հրաժարվել էր մասնակցել Ալիևը։ Վերջինս նաև ընդգծել է՝ ԵՄ նպատակն է, որ Ղարաբաղի հայերը վերադառնան իրենց տները։
Եվրոպացի պաշտոնյան դրական է գնահատել նաև Թեհրանում «3+3» ձևաչափով կայացած հանդիպումը։ «Մենք դա օգտակար ենք համարում, և չեմ համարում, որ այն հակասում է որևէ ձևաչափի: Կարծում եմ՝ կարևոր և օգտակար են հարևանների միջև քննարկումները: Մենք սկզբունքորեն մշտապես կողմ ենք արտահայտվում համագործակցությանը»,- նշել է Կլաարը։
Հիշեցնենք, որ Շառլ Միշելը հայտարարել էր Բրյուսելում մինչև այս ամսվա վերջ հնարավոր եռակողմ հանդիպման մասին։ ՀՀ վարչապետը վստահեցրել էր, որ պատրաստ է մասնակցել այդ հանդիպմանը։
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության
Մեկնաբանել