HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սկզբում մեր սիրտն Արցախի հետ էր, բայց հետո գնաց նյութական գանձերի հետևից». Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի հոգևոր առաջնորդները 44-օրյա պատերազմից հետո դուրս են եկել Արցախից: Պարգև Սրբազանը 2020 թվականի նոյեմբերին սրտի կաթված էր ստացել և տեղափոխվել ԱՄՆ՝ վիրահատության: 2021-ի հունվարին թեմի առաջնորդ էր նշանակվել Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Նա էլ շրջափակման հինգերորդ ամսին՝ այս տարվա ապրիլին, եկել էր Երևան՝ վիրահատության, և այլևս չէր կարողացել վերադառնալ: Սեպտեմբերի 19-ի հարձակման, Արցախի շուրջ ճակատագրական զարգացումների մասին Արցախի թեմի առաջին և վերջին հոգևոր առաջնորդները իրար հետ չեն խոսել:  

-Սրբազան հայր, Երևան էիք եկել վիրահատության նպատակով։ Հիմա ինչպե՞ս եք:

-Արդեն լավ: Այն, ինչը սպառնում էր առողջությանս, արդեն չկա:

-Տխուր զուգադիպությամբ՝ ծանր պահերին հոգևոր հոտն Արցախում առանց հովիվ է եղել։

-Ոչ, ես այդպես չեմ համարում: Լիարժեք պահպանել եմ կապն իմ թեմի հետ: Արագ ստեղծել էի հանձախումբ, որը կատարում էր իմ հեռակա հանձնարարությունները, իրենք էլ էին տեղում որոշումներ ընդունում և ինձ զեկուցում: Մայիսին արդեն իմ առողջական վիճակը կարգավորվել էր, և ես փորձում էի վերադառնալ: Ինձ խոստացել էին, որ ինչ ճանապարհով դուրս եմ եկել, դրանով էլ վերադառնալու եմ, բայց չստացվեց: Դիմել եմ ռուս խաղաղապահներին, ռուսական դիվանագիտական խողովակներին, Արցախի ղեկավարությանը, Կարմիր խաչին, Մայր Աթոռն էլ ամեն ինչ անում էր, բայց ապարդյուն: Դե, պարզ է՝ որ կողմն էր անհնարին դարձնում: 

-Շրջափակման ընթացքում արցախցիները դիմակայում էին հումանիտար ճգնաժամին, և թվում էր՝ էլի կդիմանան, սակայն եղան սեպտեմբերի 19-ը, հայտնի զարգացումները։ Արցախից դուրս գալիս Դուք կանխատեսո՞ւմ էիք այսպիսի ավարտ։

-Մենք մտածում էինք, որ հրաշք տեղի կունենար՝ մեր հայրենիքի դռները կբացվեն, և Արցախը կդառնա լիարժեք: Ցավոք, կամ մեր աղոթքներն էին տկար, կամ էլ մենք իրավունք չունեինք աղոթելու նման հրաշալի հայրենիքի համար: Ոչ թե Արցախն ընկավ, այլ մենք ընկանք։ Արցախը կա, և մենք պետք է ոտքի կանգնենք, ստեղծենք կուռ առաքելություն՝ կարճ ժամանակում հետ բերելու մեր հայրենիքը: Պետք է առաջնահերթ խոստովանենք, որ սխալ ենք եղել, ձախողվել ենք, չենք ունեցել կարևոր առաքելության զգացումը մեր սրտերում:

-Արցախի կորստի վերջին փուլը եղավ հանրապետության լուծարման մասին հրամանագիրը։ Իսկ ո՞րն էր սկիզբը, ե՞րբ եւ ինչպե՞ս սկսվեց Արցախի անկումը:

-Արցախն ազատագրվեց ոչ թե որովհետև այն ժամանակվա ազատագրողներն ավելի խելացի էին, ավելի լավ էին կռվում, այլ պայքարն ազնիվ սիրով էր ողողված։ Աստված էլ տեսավ մարդկանց սրտերը և հաղթանակ տվեց, բայց մարդիկ չգնահատեցին դա, հպարտացան, գոռոզացան: Եվ նրանք, ովքեր ազատագրեցին Արցախը, կառուցեցին ավելի հզոր պարիսպներ ոչ թե մեր հայրենիքի, այլ իրենց առանձնատների համար: Սա էր կործանարարը: Մենք չհասկացանք՝ ինչ հավիտենական գանձի հետ գործ ունեինք: Իսկ Սուրբ գիրքն ասում է՝ որտեղ ձեր գանձն է, այնտեղ ձեր սիրտն է: Սկզբում մեր սիրտը մեր գանձի հետ էր, բայց հետո մեր սիրտը գնաց եսակենտրոն, նյութական գանձերի կողմը: Իսկ այդ ամբողջ 30 տարիների ընթացքում թշնամին հաղթանակի ծրագիր էր մշակում: Մենք չգիտակցեցինք, որ նման հաջողությունը պետության կյանքում կարող է մեկ անգամ լինել, և հաղթանակի դափնին դրեցինք մեր գլխին: Դրա համար Արցախի կորուստը սկսվեց հաղթանակից: 

-Տարիների ընթացքում արժեքային անկում ունեցա՞նք:

-Իհարկե: Եթե քեզ տրված նկարելու շնորհն ամբողջապես վերագրում ես քեզ, ամեն ինչ կարող է կորել: Պետք է շնորհակալ լինես և գնահատես՝ որտեղից եկավ այդ հրաշքը: 

-Միտումնավո՞ր արվեցին սխալները, թե՞ մոլորություն էր:

-Պատասխանատվություն ունի նաև հոգևորականությունը, որ ժամանակին չբռնեց զավակների ձեռքը, մտավորականությունը, որը կրկին չբռնեց ձեռքը և դարձավ կցորդ ու օգտվեց այդ ճոխ սեղաններից: Սա շարունակվում է մինչև այսօր։

-Դուք դիմել էիք ռուս խաղաղապահներին՝ որ վերահսկեն Արցախի հոգեւոր համալիրները՝ Ադրբեջանի հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Արձագանք ստացե՞լ եք: 

-Ռուսական կողմը իմ խնդրանքը և մեր եկեղեցիների ու վանքերի ցուցակը փոխացնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարին։ Նրանք վստահեցրել են, որ համապատասխան ծառայություն կապահովեն, որ դրանք լինեն անվտանգ, չթալանվեն և չպղծվեն: 

-Կարելի՞ է ապավինել այդ խոսքին, եթե հաշվի առնենք, որ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչը վերածվել է մզկիթի, եւ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը պղծել է շատ հոգևոր համալիրներ։

-Անշուշտ, ոչ, բայց մենք որևէ լծակ չունենք: Ես միայն կարող էի խնդրել, մնացածը կարձանագրվի: 

-Ի՞նչ են կարողացել իրենց հետ դուրս բերել հոգևորականները վանական համալիրներից: 

-Հոգևորականները դուրս են բերել միայն Սուրբ սեղանի վրա եղած սրբությունները, այլ բան անհնարին կլիներ, որովհետև իրենք իրենց ընտանիքների հետ եկել են փոքր մեքենաներով, ուրիշ բան չէին կարող վերցնել:

-Անձամբ Դուք Երեւան գալիս Ձեզ հետ որեւէ սրբություն վերցրե՞լ էիք:

-Ես ուղղակի կարճ ժամկետով գնացել էի վիրահատության, իմ սրտում անգամ նման բանի կասկած չկար: Ես իմ գլխում խենթի հավատքով այնպիսի ծրագրեր էի գծում:  Ես կիրակնօրյա դպրոցների ցանց էի ստեղծել, Հայորդաց տներ բացել, թեմապատկան հող էի գնել տնտեսության համար, եկեղեցիներ էի նորոգում, եկեղեցական ռադիոալիք էի բացել: Առհասարակ, Արցախում ոչ մեկը չէր մտածում այս ավարտի մասին, մարդիկ մինչև վերջ տուն էին կառուցում, ես իմ  հայրական տունն էի նորոգում։

-Քանի՞ հոգեւորական է եկել Հայաստան, եւ ի՞նչ աստիճաններ ունեն նրանք: Հնարավո՞ր է, որ առաքելությունը շարունակեն տարբեր թեմերում: 

-15 հոգևորական է եկել՝ 2 Հայր սուրբ՝ Գանձասարի և Դադիվանքի վանահայրերը, և քահանաներ: Իրենք, անշուշտ, պետք է իրենց առաքելությունը շարունակեն այլ թեմերում, գործընթացը կարգավորվում է:

-Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ իշխանության և եկեղեցու միջև կա ընդգծված հակասություն։ Եկեղեցին քննադատում է իշխանության գործելակերպը, իշխանությունն էլ մեղադրում է եկեղեցուն քաղաքականությանը խառնվելու համար: Ձեր կարծիքով` կողմերից ո՞րը պետք է ընդառաջ գնա, որ խզումը վերանա։ 

-Եթե երկիրը փլուզվում է, եկեղեցին ինչպե՞ս կարող է չահազանգել․ թե ինչպես է դա մեկնաբանվում՝  այլ հարց է: Քաղաքականությունն այլ է, եկեղեցու դիրքշորումը՝ այլ: Այդ զգայուն կառույցը՝ եկեղեցին, որը հազարամյակների պատմություն ունի, լավ է զգում վտանգը: Եթե եկեղեցին զգում է վտանգը, դա նույնն է, թե մարդու սիրտը զգա: Եկեղեցին ահազանգ է հնչեցնում, և ոչ թե որևէ իշխանության կամ ինչ-որ թևի սիրում: Ցավոք, եկեղեցին ճիշտ էր. մենք կորցրինք Արցախը: Եվ հիմա նորից է եկեղեցին ահազանգում, որ վտանգված է հայրենիքը: Եթե հոգևոր ես, ուրեմն, պետք է լսես հայրական հորդորը: Աստված մի արասցե, եթե Երևանի վրա հարձակում լինի, քանի՞ ապաստարան ունենք մենք, ի՞նչ ենք կարողանալու անել: Մենք ոչ մի նոր արհավիրքի պատրաստ չենք: Երբ անձրև է գալիս, տաք ենք, չէ՞, հագնում, բայց հիմա մերկ ենք: Ազգը քանի՞ անգամ պետք է ցեղասպանություն ապրի, որ համապարփակ ծրագիր ունենա, քանի՞ պատերազմ պետք է ունենա, որ ապաստարան կառուցի: Մենք մեր անվտանգությունը չենք կարողանում պաշտպանել, սպասում ենք Եվրոպայից կամ Ռուսաստանից մեզ օգնեն: Անգլիական նավերը Արարատը չեն բարձրանում, ոչինչ չի փոխվել: 

-Սամվել Շահրամանյանի նշանակումը միանշանակ չէր ընդունվել, այսօր էլ շատ գործիչներ նշում են, որ նոր նախագահի նշանակումը եղավ Ադրբեջանի հարձակման պատճառ։ Անձամբ Դուք ինչպե՞ս եք վերաբերվել նրա նշանակմանը։ 

-Ես չեմ կիսում այս տեսակետը: Ադրբեջանն ուներ հստակ ծրագիր և հասավ դրան: Կլիներ Սամվել Շահրամանյանը, թե այլ մարդ՝ էական չէ, նույնը կլիներ, եթե նաև իշխանություն չլիներ: 

-Նշանակումից հետո խոսե՞լ եք նրա հետ։

–Խոսել եմ արդեն Երևանում, հասկացել եմ, թե ինչ լուր ունի մեր նախկին նախագահներից, որովհետև անկախ ամեն ինչից՝ նրանք մեր խորհրդանիշներն են: Ես ոգևորվեցի, երբ իմացա, որ նախագահներն ասել էին՝ մինչև վերջին հայը դուրս չգա, մենք դուրս չենք գա։ Սա նշանակում է՝ իրենք իրենց բարձունքում էին:

-Մենք անդադար կարող ենք նշել հանգամանքներ, մատնացույց անել մեղավորների, որոնց պատճառով կորցրինք Արցախը։ Բայց, ի վերջո, ովքե՞ր են հիմնական պատասխանատուները, որոնք պետք է կանգնեն դատարանի առջև, որովհետև խոսքը մի ամբողջ հանրապետության լուծարման մասին է:

-Անուններ չկան, բոլորս ենք մեղավոր: Ամեն մարդ իր խղճի առջև է պատասխանատու և պետք է պատասխան տա Աստծո դատաստանի առջև: Սա ավելի դաժան է և հզոր, քան դատարանը:  Ով իր առաքելության մեջ չէ, ուրեմն, սատանայի առաքելության մեջ է, եթե ես իմ հոգևորականի դերից շեղվում եմ, ուրեմն, սատանայի առաքելության մեջ եմ, եթե նախագահ եմ, շեղվում եմ՝ ուրեմն սատանայի դերի  մեջ եմ:

-Ինչ-որ երաշխիքների դեպքում հնարավոր համարո՞ւմ եք արցախցիների վերադարձն Արցախ եւ կյանքն Ադրբեջանի տիրապետության ներքո:

-Բացառվում է, չկա նման երաշխիք: Թող դա գիտակցեն սպիտակ դրոշով եկող եվրոպացիները, ռուսները: Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու համար, որ դա անհնարին է:  Հիմա մարդիկ իրար չեն ներում, ուր մնաց մենք թշնամուն ներենք, որ ինքը՝ քոչվոր, մեզ տեղահան արեց մեր բնօրրանից: Պետք է գնանք մեր հողում իրենց ենթակայությամբ ապրե՞նք: Ես իմ տանը պետք է գլուխս կա՞խ ապրեմ:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի թեմի պահպանումը: Ի՞նչ ձեւաչափով այն պետք է գործի, եթե հաշվի առնենք, որ թեմի մաս կազմող հոգեւոր կենտրոններն այլեւս թշնամու տիրապետության ներքո են: 

-Ես հույս ունեմ և կարծում եմ, որ պետք է պահպանվի: Կպահպանվի այնքանով, որքանով Վեհափառը նպատակահարմար կգտնի: 

-Եթե թեմը շարունակի գործել, կարող ենք ասել, որ Դուք վերջին առաջնորդը չեք լինի, այսինքն՝ հետո փոխարինող, շարունակող կունենաք:

-Չեմ կարող ասել, բայց թեմի գոյությունը թույլ կտա ինչ-որ չափով պայքարել մեր հոգևոր ժառանգության պահպանման համար: Հնարավոր է՝ նաև ուխտագնացություններ կազմակերպվեն, պատարագներ մատուցվեն: Ամեն ինչ պետք է փորձենք, որ մեր կարոտը սկզբնական շրջանում այսպես կարողանանք առնել:

-Սրբազան հայր,  անփոխարինելի ի՞նչ թողեցինք Արցախում:

-Չկա ավելի մեծ սրբությունը, քան հայրենիքն է: Ամեն ինչ կկառուցենք, նյութական ամեն ինչ կստեղծենք, բայց հոգևոր հայրենիք չենք գտնի: Մենք մեր սրտում չպետք է կորցնենք Արցախը, և արցախցին չպետք է կորցնի իր դիմագիծը, որտեղ էլ լինի: 

-Կվերադառնա՞ք Արցախ: 

-Հիասթափությունը կործանող երևույթ է: Արցախի հանդեպ սերը չպետք է դադարի, և որքան շատ լինի սերը, այնքան արագ կվերադառնանք: Ազգը պետք է ապագայի ծրագիր ունենա։ Պետք է քաջություն ունենանք, որ մեր հպարտ վիճակից իջնենք, խոնարհվենք ու առաջ գնանք:  Արցախ մենք կվերադառնանք սիրով: Արցախը միշտ մնալու է․ իմ սիրտն այդպես է զգում: 

 

Էջմիածնից բացի՝ Վրթանես եպիսկոպոսը հաճախ լինում է Երևանում՝ պատերազմից հետո այստեղ գործող Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: 

«Ես այստեղ համարում եմ, որ Արցախում եմ՝ Հադրութում եմ»,- ասում է Արցախի թեմի առաջնորդը։

Կենտրոնում գործում է մոտ 30 խմբակ՝ գորգագործության, ուլունքագործության, բրուտագործության, ասեղնագործության, ասեղնագործ-գորգի, ազգային  գուլպայի, պարի, դհոլի, նկարչության, մաքրամեի, գոբելենի և այլն: Կենտրոնում աշխատում է 18 ուսուցիչ, կենտրոն հաճախում է շուրջ 320 աշակերտ՝ Արցախի տարբեր շրջաններից տեղահանված երեխաներ: 

Արցախում կենտրոնը պաշտոնապես սկսել է գործել 1936 թվականին՝ նախկին պիոներիայի տան վերանվանումից հետո: Կենտրոնի մասնաճյուղերում այժմ հիմնականում Հայաստանում ստեղծված աշխատանքներն են․  Հադրութում  ստեղծվածները  դուրս չեն բերվել:

Լիլիթ Գրիգորյան, Հետք Մեդիա Գործարանի ուսանող

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter