HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Հացի թանկացում կարող էր չլինել

Այս տարվա մայիսից հացի գները թանկացան միջինը 10-20 դրամով:

Մամուլի հրապարակումներում թանկացումները կապվում էին մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցած պատգամավորության այն թեկնածուների հետ, ովքեր զբաղվում են ցորենի ներկրմամբ: Ընտրությունների եւ թանկացումների միջեւ կապը հետեւյալն էր` «իրենց ծախսը ժողովրդից են հանում»: Որպես հիմնավորում ներկայացվում էր նախկին փորձը, երբ 2003 թ. ընտրություններից հետո տեղի ունեցան կտրուկ թանկացումներ: Իրականում ամեն տարի ցորենի միջազգային շուկայում սեզոնային թանկացումներ են լինում, եւ այս տարին էլ բացառություն չէ: Սակայն, Հայաստանում տեղի ունեցած թանկացումները, ինչպես ցույց տվեցին մեր ուսումնասիրությունները, արդարացված չեն, եւ դրանցից կարելի էր խուսափել: Հետեւաբար, թանկացումների եւ ընտրությունների կապը հեռու չէ տրամաբանությունից:

Հացը թանկացել է 10-20 դրամով

Այն խանութներում, որտեղ թանկացումներ չեն եղել, պակասել է հացի քաշը: Դա պարզելու համար փորձառու վաճառողուհիներն անգամ կշեռքի կարիք չունեն: «Մեր խանութում հացը չի թանկացել, բայց քաշը խիստ նվազել է: Լավաշն էլ երեկվանից սկսեց թանկանալ միանգամից 1 կգ-ը 30 դրամով»,- ասում է խանութի վաճառողուհի Անժելա Վարոսյանը: «Սպառողների ասոցիացիայի» կատարած ուսումնասիրությունները պարզել են, որ հացի քաշի մեջ շեղումները կազմում են մինչեւ 30 տոկոս: «Մեզ թվում է՝ մենք հաց ենք գնում, բայց իրականում հացի մինչեւ 30 տոկոսն օդ է: Այս փաստով երկու արտադրամաս ժամանակին տուգանվեցին 100 հազար դրամի չափով, բայց դրությունը չփոխվեց»,- ասում է «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը:

«Հացի գինը չի փոխվել, բայց քաշը պակասել է: Նախկինում իմ ընտանիքի համար երկու հաց էի գնում եւ մեզ լիովին բավարարում էր, այսօր ստիպված ենք գնել երեքը: Ես զգում եմ, որ հացը զգալի թեթեւացել է»,- ասում է վաճառողուհի Զինա Միքայելյանը: «Մեր խանութում թանկացել է 30 դրամով: Մի շաբաթ առաջ սկսեց թանկանալ: Խանութի տնօրենն ասաց, որ ալյուրն է թանկանում»,- ասում է Սոֆյա Բեժանյանը:

ՀՀ Վիճակագրական ծառայությունը հունիսի վերջին հրապարակեց հացամթերքի թանկացման պաշտոնական տվյալները. «Հացամթերքի ապրանքախմբում 2007թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է 7.3% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ալյուրի 7.5%, հացի 10.3%, հացահատիկի 13.3% գնաճով»,- գրված է ՀՀ Վիճծառայութան «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2007 հունվար-հունիս ամիսներին» հաղորդագրության մեջ:

Ներկրողները թանկացումները պատճառաբանում են միջազգային շուկայում գների թանկացմամբ

Հայաստան ցորեն հիմնականում ներկրվում է Ռուսաստանից: Ռուսական մամուլը հուլիսի հրապարակումներում նշում է, որ ցորենի գները սկսեցին թանկանալ, երբ Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Գորդեեւը հայտարարեց ցորենի բերքի չափերը` 76 մլն, որը 2.4 մլն-ով քիչ է անցած տարվա ցուցանիշներից: Արդյունքում, ինչպես նշում են ռուսական մամուլի մեկնաբանները, վերջին 2-3 շաբաթվա ընթացքում ցորենը թանկացավ 10 տոկոսով:

Տեղական շուկայում ալյուրի բիզնեսում հայտնի գործարարներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, հավաստիացրեց, որ միջազգային շուկայում՝ մասնավորապես ռուսականում, տեղի են ունեցել նկատելի թանկացումներ: «Ներկա դրությամբ ներկրողները ցորեն Ռուսաստանից գնում են 250-260 ԱՄՆ դոլարով 1 տոննայի համար, իսկ անցած տարի ավելի էժան էր: Այստեղ ցորենի 1 տոննան վաճառվում է 350-360 ԱՄՆ դոլար: Թանկացումները դրսում են սկսվել»,- նշեց նա:

«Երբ դրամն արժեւորվում է, ցանկացած ներկրված ապրանքագին դրամային արտահայտությամբ եթե չէժանանա, գոնե պիտի կայուն մնա: Մեզ մոտ տեղի ունեցած 40 տոկոս դրամի արժեւորման պարագայում ներկրված ապրանքի գինը դրամային արտահայտությամբ պիտի նվազեր մոտ 40 տոկոսով, բայց մեզ մոտ նման բաներ չեն լինում: Օրինակի համար կարող ենք մի հաշվարկ անել: 2006 թ. ներկրողը 1 տոննա ցորենը ներկրում էր 180 դոլարով, եւ մեզ մոտ 1 դոլարն արժեր 450 դրամ, դրամային արտահայտությամբ նա ծախսում էր մոտավորապես 81.000 դրամ, այսօր տոննան ներկրում է 185 դոլարով, իսկ դոլարի գինը 338 դրամ է, ներկրողը դրամային արտահայտությամբ ծախսում է 62.530 դրամ: Այսինքն՝ միայն դրամի արժեւորման հաշվին ստեղծվել է ցորենի միջազգային գների աճի ավելի քան 20 տոկոս թանկացումների ծածկման հնարավորություն: Եթե նույնիսկ միջազգային շուկայում ցորենը թանկացել է, ապա ներքին շուկայում դա չպիտի երեւար: Պատճառները պետք է ուրիշ տեղ որոնել: Ներկրման պայմանների թանկացման վերաբերյալ, համենայնդեպս, ներկրողների կողմից բողոքներ չեն եղել, ուրեմն փոխվել է նրանց ախորժակը»,- ասում է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

Ցորենի միջազգային շուկայում տեղի ունեցող սեզոնային թանկացումները շատ շահութաբեր գործոն են ներկրողների համար: Դրանք հնարավորություն են տալիս միջազգային շուկայում տեղի ունեցող թանկացումների պատրվակով բարձրացնել ալյուրի գինը եւ լրացուցիչ շահույթ ստանալ:

Դրամի արժեւորման պայմաններում ալյուրի եւ հացի թանկացումը ներքին շուկայում չի կարող արդարացվել դրսում տեղի ունեցած թանկացումներով:

Ներկրողները գերշահույթներ են ստանում

«Այո, անցած տարիներին էլ են եղել թանկացումներ, բայց 1 պարկը 500 դրամից ավելի չի թանկացել: Այս տարի 1 պարկը թանկացել է 2000 դրամով: Օգոստոսից կսկսի էժանանալ, բայց չեմ հավատում, որ կէժանանա այնքան, որքան թանկացել է մինչ այժմ»,- ասում է հացի 4-րդ գործարանի տնօրեն Գեւորգ Ամատունին:

«Թերեւս կարելի է հաշվարկել, թե որքան գերշահույթ են ստանում ցորեն ներկրողները: Այսպես, եթե ընդհանրացնենք վերջին տարիների ընթացքում ցորենի միջազգային գների աճը, դրամի արժեւորումը եւ հացի ներքին գների աճը, ցորենի սպառման ցուցանիշները եւ սահմանված մաքսային արժեքի նվազումը, ապա ցորեն ներկրողների միջին ամսական լրացուցիչ շահույթը ներկայումս, 2004 թվականի համեմատ, պետք է ամսական կազմի առնվազն 400 մլն դրամ»,- ասում է պրն Ասատրյանը:

(Նշենք, որ հաշվարկները մոտավոր են եւ նվազեցված, մեր խնդիրը հարցադրումն է):

Ոչ մի տարի ալյուրն այսքան չէր թանկացել

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռեւս չի ուսումնասիրել հացի՝ այս տարվա թանկացման պատճառները եւ չափը, սակայն հացի արտադրամասերի տնօրենները նշում են, որ նման տեմպերով եւ չափերով թանկացումներ դեռ չեն եղել: Ընդ որում՝ թանկացումները շարունակվում են:

ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն հրաժարվեց տվյալներ ներկայացնել ցորեն ներկրող ընկերությունների եւ ներկրած ցորենի ծավալների մասին, քանի որ օրենքով դրանք առեւտրային գաղտնիք են համարվում: Հարկային պետական ծառայության 2006 թ. խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված են հացահատիկի չորս ներկրողներ` «Մանանա Գրեյն», «Մանչո գրուպ», «Ֆլիտֆուդ» (ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան) եւ «Երեւան Ալրաղաց» (ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանից այս տարվա ապրիլին «Սիլ գրուպ» կոնցեռնը գնել է ալրաղացը): Շուկայում զգալի դիրք ունի նաեւ «ՎԹ թրեյդ» ընկերությունը: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2005 թ. ուսումնասիրության համաձայն` ցորենի ալյուրի իրացման ծավալներով առաջին տեղում «Ֆլիտֆուդ» ՍՊԸ-ն է (շուկայի 33.1%-ը), իսկ «Մանանա Գրեյն» եւ «ՎԹ թրեյդ» ընկերությունների ներկրած ցորենի իրացման ընդհանուր բաժինը կազմել է շուկայի ծավալի 39,1 տոկոսը: Սակայն վերջին տարվա ընթացքում «Մանանա Գրեյն», «Մանչո գրուպ», «ՎԹ թրեյդ» ընկերությունների ներկրած ցորենի ծավալները կտրուկ նվազել են:

«Հարկ է նշել նաեւ, որ մեզնում շատ դեպքերում տնտեսության մեջ ի հայտ եկող երեւույթները որեւէ առնչություն չունեն միջազգային միտումների հետ: Բազմիցս արձանագրվել է, որ, օրինակ, էներգակիրների միջազգային գների աճի պարագայում հայաստանյան շուկայում պահպանվել է կայունություն, եւ հակառակը` միջազգային գների անկման պայմաններում մեր շուկայում նկատվել է գների աճ: «Մերն ուրիշ է» կարգախոսը, ցավոք, իրականություն է դառնում, այն պարզ պատճառով, որ տնտեսագիտական օրինաչափությունները փոխարինվում են առանձին անհատների կամքի դրսեւորմամբ, իսկ այդ անհատները, բնականաբար, առաջնորդվում են իրենց շահի չափերով»,- ասում է Բագրատ Ասատրյանը:

Որպես կանոն` եվրոպական երկրներում նավթի, շաքարավազի, ցորենի առքն ու վաճառքն իրականացվում է բորսաներում: Հայաստանում ցորենի վաճառք բորսայում տեղի է ունեցել ընդամենը մեկ անգամ` 2001 թվականին: «Ցորեն վաճառողները նպատակահարմար չեն գտնում ցորեն վաճառել բորսայում, որովհետեւ արդեն կան հստակ որոշված գնորդներ` շուկան արդեն վաղուց բախշված է հայտնի վաճառողների եւ գնորդների միջեւ: Բորսան` որպես միջնորդ, տվյալ պարագայում այլեւս չի կարող աշխատել: Բորսայում հնարավոր չէ ծածկել ներկրված ցորենի ծավալները եւ գները, ամեն ինչ թափանցիկ է, իսկ դա, երեւի, ձեռնտու չէ մեր ցորեն վաճառողներին»,- ասում է Երեւանի «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսայի գործադիր տնօրեն Կարեն Եղիազարյանը:

Լուս. Նելլի Շիշմանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter