HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Դավթյան

«Տանս դուռը փակել եմ, բանալին հետս բերել, ո՞վ պետք է տունս մտնի»

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում գրեթե բոլորը հողամաս, այգի ունեն, հիմա էլ բերքահավաքի շրջանն է, մարդիկ ամբողջ օրը հողամասում են։ Ընկեր Դավթյանի՝ գյուղի դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհու այգում էլ էր բերքահավաք։ Հողամասում գործ էր անում Արցախից բռնի տեղահանված 86-ամյա Վոլոդյա Դանիելյանը, բահը վերցրել ու հողն էր փխրեցնում։ Հենց մոտեցա, բահը մի կողմ դրեց ու կանչեց՝ ծանոթանալու, հետո ճակատս համբուրեց ու շարունակեց իր գործը։ 

Գյուղում մի տանիքի տակ Արցախից տեղահանված 4 սերունդ է ապրում` 9 հոգի։ Ավագները 60 տարվա ամուսիններն են՝ Վոլոդյան ու Մարուսյան, 1963 թվականին են ամուսնացել։ Վոլոդյան ասում է՝ շուն ու կատու են, բայց իրար սիրել են, իրար հետ էլ ապրում են, Մարուսյան հավելում է՝ միասին էլ կմեռնեն, կգնան։ 

Վոլոդյան ադրբեջաներեն գիտի, ասում է՝ Լաչինի անցակետում ադրբեջանցիները ռուսերենով հարցրել են՝ որտեղի՞ց եք գալիս, ինքն էլ նրանց լեզվով պատասխանել է. «Որ ասեցի Ստեփանակերտից եմ, ասեց՝ Ստեփանակերտ չի, Խանքենդի ա։ Հետո հարցրեց՝ բա էս ու՞ր եք գնում, ասեցի՝ գնում եմ Երևան, ֆռամ, հետո էլի հետ գամ իմ Ստեփանակերտ»։

Հարցրի՝ արդյոք հիմա կգնա Ստեփանակերտում ապրելու, ասաց՝ առաջ ադրբեջանցիների հետ հարևանություն են արել, բայց հիմա չի կարող։ Երբ Ստեփանակերտը մերը լինի, հետ կգնա։ 

Երբ Վոլոդյան վերջացրեց հող փորելը, բարձրացավ ու ինձ համար խաղող քաղեց։ Ասում է՝ բախտները բերել է, հյուրընկալի տանը մեծ այգի կա, զբաղվում են։ 

Վոլոդյայի ավագ որդին՝ Գառնիկը, 1-ին կարգի հաշմանդամություն ունի. արցախյան առաջին պատերազմում կորցրել է տեսողությունը։ Երբ իմացավ, որ լրագրող եմ, զարմուհուն խնդրեց, որ իր հաշմանդամությունը հաստատող թղթերը բերի։ Ուզում էր հասկանալ՝ որտեղի՞ց կարող է ստանալ իր նպաստը, ու՞մ պետք է դիմի։ Ստեփանակերտում առանձին էր ապրում, այստեղ՝ հարազատների հետ։ 

Հիմա 9 հոգով երկհարկանի տան առաջին հարկում են ապրում։ Երբ մտա տուն, Վոլոդյայի եւ Մարուսյայի մյուս որդու կինը՝ Հասմիկը, ողջունեց՝ սպասքի սրբիչը ձեռքին։ «Ո՞նց եք» հարցին չպատասխանեց. մի քանի րոպե լուռ էինք, Հասմիկը չգիտեր՝ ինչ պատասխան տալ, ես չգիտեի՝ ինչ պատասխան ակնկալել։ Սկսեցինք խոսել՝ ովքերով են ապրում տանը, քանի հոգով են, ու հենց հերթը հասավ իր թոռնիկին՝ երեքամյա Արմանին, ժպտաց։ Արմանը տանը չէր, ծնողների հետ գնացել էր Երևան, ծնողները՝ գործ գտնելու, Արմանն էլ՝ Երևանը տեսնելու։ Արմանը ծնվել է 2020 թվականի սեպտեմբերի 26-ին՝ պատերազմի նախորդ օրը. երեք տարի անց՝ ծննդյան օրը, եղել է գաղթի ճանապարհին։ 

«Թոռնիկս շատ էր սպասում ծննդյան տորթին, տարբեր տեղերից հավաքում էի շաքար, փոխանակում եղածս ձեթի կամ ուրիշ ապրանքի հետ. շատ էի ուզում տորթ թխել։ Արմանն էլ անընդհատ ասում էր՝ հենց լույսերը գան, տատին տորթը կթխի»,- հիշում է Հասմիկը։ Արմանը հիմա մթությունից վախ ունի, ծննդյան տորթի մոմերն այդպես էլ չի փչել։ Հասմիկն ասում է՝ լավ է, չէր հիշում, որ ծնունդն է, ճանապարհին՝ մեքենայի մեջ, ծնունդ նշել չէին կարող։ 

Երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին պատերազմը սկսվեց, թոռնիկի հետ մենակ էր տանը։ Ասում է՝ վախեցել էր, Արմանն էր իրեն հանգստացնում, ասում՝ մի՛ լացի, տատի՛, հեսա լույսը կգա, ֆանարիկը միացրու։ Երեխայի համար վախն ասոցացվում էր մթության հետ։ 

«Միշտ ասում էի՝ Արմա՛ն, գիտե՞ս, ոչ թե մենք ենք քեզ պահում, այլ դու ես մեզ պահում։ Աղջիկս զինվորական հոսպիտալում էր աշխատում, պետք է տուն գար։ Երբ պատերազմը սկսվեց, մնաց հոսպիտալում՝ վիրավորներին օգնելու։ 2020 թվականին էլ էինք լսում կրակոցներ, բայց էս անգամ ահավոր էր, մենակ ասում էի՝ Աստված ջան, մի բան արա էս երեխան հասնի իր մորը»։

Դանիելյանների ընտանիքը Ստեփանակերտից դուրս է եկել սեպտեմբերի 25-ին, երկու գիշեր քնել մեքենայում ու հասել Վարդենիկ։ Վարդենիկը սահմանամերձ չէ, բայց Գեղարքունիքում լինելու հանգամանքը շատ է վախեցնում ընտանիքին։ Չեն էլ կարող հավերժ մնալ ուսուցչուհու տանը. 4 տուն են Արցախում թողել, բայց էստեղ մեկն էլ որ լինի, միասին կապրեն։ 

Հասմիկը հետը գրեթե ոչինչ չի բերել, միայն տան դուռն է փակել ու բանալիները վերցրել։

«Տանս դուռը փակել եմ, բանալին հետս բերել, ո՞վ պետք է տունս մտնի»,- թաց աչքերով կատակում է Հասմիկը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter