
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արամ Ազատյանը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Արամ Ազատյանը 2023 թվականի հոկտեմբերի 25-ից նշանակվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:
Նույն որոշմամբ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բալասանյանն ազատվել է վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից:
Անդրադառնալով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար ընտրվելուն՝ Ազատյանը նշել է, որ շարունակելու է աշխատել չափազանց մեծ պատասխանատվությամբ։
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ վերանշանակվել եմ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:
Սիրելի արաբկիրցիներ, հպարտ եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կարողացել եմ արժանանալ Ձեր վստահությանն ու աջակցությանը: Շարունակելու եմ աշխատել չափազանց մեծ պատասխանատվությամբ:
Արաբկիրը Երևանի զարդն է, և մենք ձեզ հետ միասին այն ամեն օր բարեկարգելու ենք ու կանաչապատելու: Կյանքի ենք կոչելու զարգացման բոլոր ծրագրերը, ճանապարհ անցնելով այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են աշխատել և քաղաքը սիրելն ապացուցում են նվիրյալ վերաբերմունքով ու գործով:
Պարոն քաղաքապետ, շնորհակալ եմ վստահության համար, պարտավորվում եմ ծառայել հանուն Արաբկիրի և հանուն մեր բոլոր բնակիչների…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Մեկնաբանել