
«Հավատարմագրման գործընթաց կամ «Բուհերի ելքի դռները» նեղացվում են
Մասնավոր բուհերի հավատարմագրման գործընթացը սառեցված է, մինչեւ իսկ կան հարուցված քրեական գործեր: «Հստակ է մի բան. պետք է ճշտենք չափորոշիչները, հետո միայն անցնենք այս կարեւորագույն գործընթացին»,- խորհրդարան-կառավարություն նոյեմբերի 21-ի հարցուպատասխանի ժամանակ հրապարակավ խոստովանել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Շատ «ջուր վերցնող այս խմորը» սկսել էր հունցվել մի քանի տարի առաջ, երբ արդեն մասնավոր բուհերը եւ քոլեջները հատել էին 100-ի սահմանագիծը (88 բուհ, 33 միջին մասնագիտական հաստատություն):
ԿԳ-ի նախարարի խոստովանությունը, որ հավատարմագրման գործընթացը սկսվել է առանց հստակ չափորոշիչների, անաչառ ճշմարտություն է` զերծ զգացական երանգներից: Ճշմարտություն, որը հայտնի է եղել նաեւ նախկին նախարար Էդուարդ Ղազարյանին, սակայն, այնուամենայնիվ հավատարմագրումը սկսվել է, առաջին փուլն ավարտվել, որի արդյունքում արձանագրվել են տասնյակից ավել հավատարմագրված մասնավոր բուհեր: Գործընթացը ճեպով սկսելու, հնարավորինս արագ պետական նմուշի դիպլոմներ ունենալու իդեաֆիքսը դարձավ հավատարմագրման գործընթացի սուբյեկտիվ, սակայն ներգործությամբ` սուպեր օբյեկտիվ գործոնը: Երեւան եկավ նաեւ «տանիքային» ազդեցիկ գործոնը: Ավելի հանգամանորեն: Ամենախոշոր մասնավոր բուհի` «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ավագ Խաչատրյանը ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանի հայրն է: Ավելին, ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը նույն բուհի պրոռեկտորն է, «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հորեղբոր որդին է: «Գալիք» համալսարանի «տանիքը» ԱԺ պատգամավոր Ֆրունզիկ Խառատյանն է: «Մենեջմենթինը»` Ղարաբաղի ազդեցիկ մի կլան: «Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի» «տանիքը» սփուռքահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանն է: Նշենք, որ բարեգործը «տանիք» է դարձել ի հեճուկս իր կամքի, երբ առանց վերջինիս կարծիքը հարցնելու, մոլորության մեջ գցելով անվանակոչության հանձնաժողովին, բուհը կոչել էին «Քըրք Քըրքորյան» համալսարան: «Տանիքի» յուրօրինակ մի տեսակ էլ «Հյուսիսային համալսարանի» դեպքն է: Հավատարմագրման ընթացքում` շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ժամանակ բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանը դանակով ահաբեկում է քննությանը մասնակցող Երեւանի պետական համալսարանի դասախոսին, որը «անբավարար» էր նշանակել մի խումբ ուսանողների: Ռեկտորը, տեսնելով, որ կտրվողների քանակը մոտենում է կրիտիկական սահմանին, որոշում է դառնալ իր սեփական բուհի տանիքը:
ՀՀ վարչապետի 1996-ի փետրվարի 1-ի թիվ 36 որոշմամբ հաստատված ՀՀ Կ նախարարության «Կանոնադրության» «Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթները» բաժնի 4-րդ կետի. «Նախարարության հիմնական խնդիրներն են» ա) նթակետում գրված է. «Կրթության եւ գիտության համակարգում Հայաստանի Հանրապետության միասնական պետական քաղաքականության իրականացումը եւ դրա կենսագործման նկատմամբ վերահսկողությունը»: «Միասնական պետական քաղաքականության իրականացում» տողը ենթադրում է կրթության եւ գիտության նախարարության կողմից որակի պետական կրթական նոր չափորոշիչների ստեղծում, որով հնարավոր կդառնար իրականացնել պետական հավատարմագրումը: Ի՞նչ է եղել իրականում: ՀՀ Կ նախարարությունը սկսել է հավատարմագրման գործընթացը, սկզբունք հռչակելով կառավարության 2000-ի հուլիսի 7-ի թիվ 372 որոշմամբ հաստատված «...պետական հավատարմագրման» կարգի 2-րդ կետը` «Ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրումն ուսումնական հաստատության մասնագետների պատրաստման որակի պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից», կարգախոսը սակայն գործընթացում, իբրեւ պետական չափորոշիչ, օգտագործվել են պետական բուհերի ծրագրերն ու դասավանդման կազմակերպման մեթոդիկան: Մի քանի մասնավոր բուհերը իրենց ուսումնական պլաններն ու ծրագրերը (այլ կերպ` կարեւոր չափորոշիչները) ձեռք են բերել ՌԴ-ի մայրաքաղաքի նույնանուն բուհերից:
Ավագ Խաչատրյան («Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր)
- 1991-ին մենք, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ կնքված պայմանագրով, ձեռք ենք բերել այդ բուհի ուսումնական պլանները եւ տեղայնացրել: Ըստ պայմանագրի, ուսումնական պլանների դիմաց բուհին վճարել ենք:
Տասը տարվա ընթացքում եղել են փորձաքննություններ, այդ ուսումնական պլանների մասին դրական են արտահայտվել պետական համալսարանի դասախոսները: Այսինքն ՌԴ-ից բերված ուսումնական պլանների վերաբերյալ եղել է դրական վերաբերմունք:
Անահիտ Մելքոնյան (ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետի պաշտոնակատար)
- Շատ մասնավոր բուհեր ՌԴ-ի մայրաքաղաքի նույնանուն բուհերից ձեռք են բերել ուսումնական պլաններ: Մինչդեռ կրթության եւ գիտության նախարարությունն ինքը պետք է մշակեր չափորոշիչներ: Հավատարմագրման ընթացքում, օգտագործելով պետական բուհերի որակի չափորոշիչները, տեղի է ունեցել հավատարմագրման գործընթացի սկզբունքային կետերի խախտում. պետական բուհերը մասնավորների նկատմամբ հայտնվել են արտոնյալ վիճակում: Չէ՞ որ պետական բուհերը նույնպես, որպես ինքնակառավարվող բարձրագույն ուսումնական հաստատություններ, ենթակա են հավատարմագրման: Ի դեպ, մինչ օրս ոչ մի պետական բուհ դեռ չի հավատարմագրվել եւ չի էլ շտապում հավատարմագրման հայտ ներկայացնել, մինչդեռ դասընթացն ավարտած ուսանողներին շարունակում են տրվել պետական նմուշի դիպլոմներ:
Խախտումներ պետական հավատարմագրման ընթացակարգում
Փաստաթղթի 7-րդ կետում ասվում է. «Դրական փորձագիտական եզրակացության դեպքում նախարարության սահմանած կարգով իրականացվում է 2 տարվա շրջանավարտների ամփոփիչ ստուգում (ատեստավորում): Հիշյալ ընթացակարգի հաջորդ` 8-րդ կետն ավելացնում է. «Փորձագիտական եզրակացության եւ անընդմեջ 2 տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքների հիման վրա Ծառայությունը մեկամսյա ժամկետում պետական հավատարմագրման մասին եզրակացություն է ներկայացնում նախարարին»:
ՀՀ ԿԳ նախարարը խախտել է հավատարմագրման ընթացակարգի այս խիստ չափորոշիչը, երբ օրինականացրել է ապօրինությունը` չսպասելով, որ ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի թիվ 372 որոշումից անցնի պարտադիր 2 տարին, երբ «անընդմեջ 2 տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքները» երեւան գան: ՀՀ ԿԳ նախարարությունը պետական հավատարմագրեր է տվել 13 բուհի: Պետական հավատարմագրեր ստացած բուհերից ինը հավատարմագրվել են լրիվ, 4-ը` առանձին մասնագիտությունների գծով:
Հավատարմագրվող մասնավոր բուհերը պետք է հաղթահարեին նաեւ այդ դժվարին արգելքը. դասախոսական կազմի 50%-ը պետք է հրամանագրված լիներ «հիմնական աշխատող»: Հավատարմագրեր ստացած բուհերից 8-ում դասավանդվում է «իրավագիտություն» առարկան: Հավատարմագրման պարտադիր պահանջի համաձայն` հավատարմագրված յուրաքանչյուր առարկայի համար տվյալ բուհը պետք է ունենա գիտական աստիճանով առնվազն 3 մասնագետ հիմնական աշխատող: Դա ենթադրում է, որ այդ գիտնական- դասախոսները հիմնական աշխատանքի անցնելով որեւէ բուհում, ուրիշ բուհում իրավունք չունեն հիմնական աշխատողի կարգավիճակով հանդես գալու:
Հավատարմագրված բուհերի ընդամենը մեկ մասնագիտություն` իրավագիտություն, դասավանդող գիտնական բանախոսների անուն, ազգանունների, գիտական կոչումների ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ գիտնական-իրավագետների մի մասը «հիմնական աշխատող է» միաժամանակ մի քանի բուհում: «Հայկական բժշկական ինստիտուտում աշխատում են 41 բժշկական գիտությունների թեկնածուներ (15-ը հիմնական) եւ 19-ը դոկտորներ (4-ը հիմնական): Ընդհանուր առմամբ բուհում աշխատող, գիտական աստիճան ունեցող 73 հոգուց միայն 31-ն են հիմնական աշխատող: Աշխատողների ընդհանուր քանակը 104 է:
Առեղծված չկա էլ իրականում. պարզապես դասախոսներն ունեն մի քանի աշխատանքային գրքույկ, եւ դրանք ներկայացնում են պահանջվող վայրերում:
Հավատարմագրված բուհերի ներկայացրած «Տեղեկանք»-ների ուսումնասիրությունից պարզվել է, որ մեծ պահանջարկ վայելող մասնագիտություններից իրավագիտություն մասնագիտությամբ միայն Հայաստանում կան 47 գիտական աստիճան ունեցող իրավագետներ, տնտեսագիտության գծով` 78 տնտեսագետ-գիտնականներ: Էլ չենք խոսում այլ մասնագիտությունների գծով գիտական աստիճան ունեցող բանախոսների «հզոր» բանակի մասին, որով համալրված է մասնավոր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը: Եթե նման ահռելի բանակ աշխատում է մասնավոր բուհերում, ապա բնական է, որ գիտական աստիճան ունեցող բանախոսների մի պատկառելի զանգված էլ գործում է պետական բուհերում:
Վիճակագրություն
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվական- վերլուծական զեկույցի, երկրի 19 պետական բուհերում 2000-ին սովորել է 43 հազար 615 ուսանող: Հիշյալ բուհերում աշխատել է 7623 դասախոս: Պետական բուհերում դասախոսների եւ ուսանողների թվերի հարաբերակցությունը կազմել է 1:6:
Նույն ժամանակահատվածում ոչ պետական, մասնավոր բուհերում սովորել է 17 111 ուսանող, աշխատել` 4020 դասախոս: Հարաբերակցությունը եղել է 1:4:
Մեր ուսումնասիրությամբ հավատարմագրված ամենախոշոր «Հր. Աճառյան» համալսարանում դասախոս-ուսանող հարաբերակցությունը կազմում է 1:8, «Գլաձոր»-ում` 1:10: Ստացվում է, որ ոչ ուսանողի պակաս կա, ոչ դասախոսի:
Իրականության մեջ, իհարկե, բացառվում է մասնագետների` ըստ մասնագիտությունների քվոտավորումը: Կրթությունը բնական մենաշնորհ չէ, որ կարգավորվի պետության կողմից: Մասնագետների տեսականին եւ քանակը որոշում է շուկան: Ի դեպ, մի յուրօրինակ ուսումնասիրության արդյունքում ՀՀ ազգային-վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը եզրակացրել է. «Մենեջմենթ մասնագիտությամբ 40 հազ. աշխատողի պահանջարկ կա»:
Ուսանողների քանակը եւ ուսման վարձերը
Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բուհերի վարչության պետ Ռ. Գասպարյանի, հավատարմագրման չափորոշիչներում չի ֆիքսվել կուրսային խմբերում ուսանողների քանակի նվազագույն շեմը: «Ընդսմին հասկանալի է, որ պետք է պահպանվեր ակադեմիական խումբ հասկացողությունը` 20-25 ուսանող»: Մինչդեռ, լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետի պաշտոնակատար Ա. Մելքոնյանի խոստովանությամբ. «Ստիպված էինք պայմանականորեն 10 ուսանողից ավել նվազագույն քանակ սահմանել, որպեսզի պահպանվի «60 տոկոսի ատեստավորման դրական արդյունքների հիման վրա» չափորոշիչը: Ուսանողների նվազագույն քանակի ապահովման չափորոշիչը, կարելի է ասել, դեռ նոր պիտի մշակվի, քանզի, այն, ինչ եղել է, լուծել է միայն իրավիճակային խնդիր:
Ինչ վերաբերում է ուսման վարձերին, ապա միանշանակ, յուրաքանչյուր ուսումնական հաստատություն, որպես ինքնակառավարվող սուբյեկտ, ինքն է սահմանում իր ուսման վարձերը: Դասավանդվող մասնագիտությունների ուսման վարձերի ձեւավորման հիմքում շուկան է` իր առաջարկ-պահանջարկի համամասնությամբ: Այս առումով պետական եւ ոչ պետական բուհերի մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսման վարձերը, եթե չեն նույնանում, ապա մոտենում են իրար: Պետական բուհերում ամենաբարձր ուսման վարձեր են սահմանել Մ. Հերացու պետական բժշկական համալսարանը $1400 (ֆակուլտետների գերակշիռ մասում), Երեւանի պետական համալսարանը իրավաբանական ֆակուլտետում` $1400: Համեմատաբար բարձր ուսման վարձեր են սահմանվել հավատարմագրված «Հրաչյա Աճառյան» համալսարանում (մինչեւ $800): Այս բուհում ուսման վարձերի նվազագույն եւ առավելագույն չափերի միջակայքը բավականին մեծ է` $400-800:
«Գլաձոր» համալսարանը բոլոր ֆակուլտետներում սահմանել է միասնական ուսման վարձ` $500: Այս բուհում գործում է զեղչերի ճկուն համակարգ սոցիալապես անապահով խավի, ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձած անձանց, զոհված ազատամարտիկների ընտանիքների համար: Հավատարմագրված մյուս բուհերում ուսման վարձերի նվազագույն շեմը $200 է, առավելագույնը մինչեւ $450:
Հետաքրքիր է ուսման վարձերի գանձման եւ վերջինիս հետ կապված մի քանի հարցերի կարգավորման գործընթացը հանրապետության բուհերում: Միանգամից նշենք, որ այս կտրվածքով բուհերի հավատարմագրման գործընթացը ոչ մի չափորոշիչ չի ներառում:
Ինչպես ուսման վարձերը, այնպես էլ վարձերի ուշացման ժամանակ կիրառվող տույժերը սահմանում է տվյալ բուհը` թե¯ պետական, թե¯ մասնավոր: Այսպես. ե¯ւ մայր բուհում, ե¯ւ պետական այլ բուհերում ուսման կիսամյակային վարձը չմուծած ուսանողին թույլ չի տրվում մասնակցել քննաշրջանին: ԿՆ բուհերի վարչության պետ Ռ. Գասպարյանի հավաստմամբ. «Վարձը չմուծած ուսանողը զրկվում է քննաշրջանի առնվազն 1 քննություն հանձնելու իրավունքից: Չհանձնած քննությունը տվյալ ուսանողը այնքան ժամանակ չի կարող վերահանձնել, քանի դեռ ուսման վարձը չի մուծել: Մասնավոր բուհերի համեմատ, պետական բուհերում ուսման վարձը ուշացրած ուսանողների նկատմամբ կիրառվող տույժերը մեղմ են: Հազվադեպ է լինում, երբ ուսման վարձը չմուծելու պատճառով բուհից ուսանող է հեռացվում:
Մասնավոր բուհերում այլ է վերաբերմունքը ուսման վարձը ուշացնողների կամ չվճարողների նկատմամբ: Նախ` այն մասին, թե ո՞րն է դրա գլխավոր պատճառը: «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ա. Խաչատրյանի խոսքերով. «Դեռ սեպտեմբեր ամսին, երբ նոր-նոր կախվում են բուհ ընդունված դիմորդների ցուցակները, պարտադիր պետք է մուծենք հարկերը` ուսանողների քանակին համապատասխան: Եթե ընդունված դիմորդը, ինչ-ինչ պատճառներով, հրաժարվում է մեր բուհում սովորելուց, միեւնույն է, մենք պետք է վճարենք նաեւ նրա չվճարած ուսման վարձի հարկը»:
Մինչեւ անցյալ տարի «Հրաչյա Աճառյան» համալսարանում ուսման վարձն ուշացրած ուսանողների նկատմամբ կիրառվել է տույժերի յուրահատուկ համակարգ:
Ռ. Վ. - Երբ ընդունվեցի «Հրաչյա Աճառյան» համալսարան, տնտեսաիրավագիտության ֆակուլտետ, շատերն ինձ խորհուրդ տվեցին տեղափոխվել այլ բուհ: Երկու պատճառ կար դրա համար. ուսման վարձն անհամեմատ թանկ էր, բացի այդ բացակայությունների պատճառով հաճախ դաս չէինք անում: Առաջին քննաշրջանի ընթացքում պարզվեց, որ մեզ, խոստացածի համաձայն, խորը եւ հիմնավոր գիտելիքներ չեն տալիս, սակայն ուսման վարձի գանձման ժամանակ խիստ հետեւողական են եւ սկզբունքային: Ես չկարողացա սահմանված ժամկետում վճարել ուսման վարձը: Հաշվապահությունում զգուշացրեցին, որ յուրաքանչյուր ամիս գումարին տոկոսներ են ավելանալու, որ լավ կլինի պարտքով գումար ճարենք եւ շուտ վճարենք: Բարձր կուրսեցիները հաստատեցին, որ դա, իրոք, այդպես է: Մի քննաշրջան պարտքով փող վերցրինք, երկրորդն էլ, սակայն 2-րդ կուրսի առաջին քննաշրջանից հրաժարվեցի սովորել:
Ն. Մ. - Մինչեւ 4-րդ կուրսի առաջին քննաշրջան կարողացանք վճարել վարձը: «Հրաչյա Աճառյան» համալսարանի ամենաթանկ ֆակուլտետում չէի սովորում եւ, եթե հայրիկս չկորցներ իր աշխատանքը, հնարավոր է ես այս տարի կավարտեի ուսումս: Մեր ընտանեկան դրությունը միանգամից վատացավ, իսկ ուշացրած վարձերին գումարվեցին տոկոսներ: Մեկ տարի գնում էի «դասի», չնայած վաղուց արդեն հեռացված ուսանող էի: Խնդրեցի` թույլ տան բոլորի հետ ես էլ հանձնեմ քննությունները, ապա գլխիս ճարը տեսնեմ, արգելեցին: Ես մինչեւ այսօր շարունակում եմ հաճախել համալսարան, որի ուսանողը չեմ այլեւս:
Ա. Ս. - «Գալիք» համալսարանում էի սովորում: Երկրորդ կուրսում չկարողացա վճարել ուսման վարձը, գումարվեցին տոկոսներ, ստացվեց պատկառելի մի գումար: Տանն ասացի, փոշմանել եմ, սխալ եմ ընտրել մասնագիտությունս, որպեսզի ծնողներս բարոյապես հանգիստ լինեն: Մեկ-երկու ամսից մերոնց համոզեցի տեղափոխվել ՌԴ: Մի քանի օրից ես էլ եմ մեկնելու Ռուսաստան:
Արամ Խաչատրյան («Հրաչյա Աճառյան» համալսարանի պրոռեկտոր)
- Մինչեւ մեկուկես տարի առաջ վարձն ուշացրած ուսանողների` պարտք- գումարին ավելացվում էր տոկոսադրույք` ամսական 30 $-ի չափով: Վարձերին ավելացվող տոկոսները, տարվա կտրվածքով չպետք է գերազանցեին 120 $-ը:
Ինչ վերաբերում է վարձերը չմուծելու հետեւանքով ուսանողների հեռացմանը, ապա տարբեր պատճառներով (այդ թվում նաեւ չմուծելու) համալսարանը թողնում է ուսանողների 15%-ը:
Ուսման ուշացրած վարձին հավելվել են տոկոսներ: Բուհը վերածվել է վաշխառուի, եւ այս փաստը կրթության եւ գիտության նախարարության առանձին քննության առարկա չի դարձել: Չվճարած ուսման վարձերին տոկոսադրույքների հավելումը լայն տարածում է գտել Հայաստանի մասնավոր բուհերի պրակտիկայում:
Մի՞գուցե սա էլ հավատարմագրման եւ լիցենզավորման գործընթացի էական բացթողումներից է: Եթե ուսման վարձերի նվազագույնից առավելագույն շեմի սահմանումը բուհի ինքնակառավարման սրբազան իրավունքն է, ինչպես նաեւ շուկայի ուղղակի ազդեցության արդյունք, ապա ուսման վարձերին տոկոսադրույքների հավելումը սկզբունքորեն անհարիր է զարգացող երկրում իրականացվող կրթության եւ գիտության պետական քաղաքականությանը:
Ի դեպ, դրամաշորթության հետաքրքիր մի տարատեսակ էլ կիրառվում է պետական մի հայտնի բուհում` ճարտարագիտական համալսարանում: Ս. Ա. -Երեք անգամ, տարբեր պատճառներով չեմ մասնակցել լաբորատոր աշխատանքներին: Քննությանը ինձ թույլ տվեցին մասնակցել, ասացին, որ պետք է այդ աշխատանքներն անպայման հանձնեմ: Երբ գնացի լաբորատորները կատարելու, աշխատանքի ղեկավարը յուրաքանչյուրի համար պահանջեց 1000 դրամ` պատճառաբանելով, որ փորձերը միայն ինձ համար են արվելու, ուստի ես պետք է իմ գրպանից վճարեմ անհրաժեշտ նյութերի համար:
Հավատագրման գործընթացը միայն գաղափարի հաղթանա՞կ
2000-ի հուլիսից գործող ԿՆ «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունը» իրականացրել է 108 իրավաբանական անձանց ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալների լիցենզավորման պայմաններին համապատասխանության փորձաքննություն եւ եզրակացություն եւ ներկայացրել է նախարարին` կրթական գործունեության լիցենզիա տալու համար: Արդյունքում նախարարի հրամանով լիցենզավորվել է 1 հետբուհական կրթություն իրականացնող ուսհաստատություն, 54 բուհ, 16 միջին մասնագիտական, 15 հանրակրթական, 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն եւ 19 լրացուցիչ կրթական ծրագիր, կասեցվել են բազմաթիվ մասնագիտություններ, հատկապես առողջապահության եւ իրավաբանության բնագավառներում: Ծառայությունը ուսումնական հաստատությունների կողմից լիցենզավորման պայմանները, ուսուցման որակը կամ պետական կրթական չափորոշիչների պահանջները չապահովելու մասին եզրակացություններ է ներկայացրել նախարարին, որի արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել 12 լիցենզիա, 6 բուհում կասեցվել է առանձին մասնագիտություններով կրթական գործունեությունը:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման մասին եզրակացություն ներկայացնելու նպատակով.
- մշակել եւ նախարարի հաստատմանն է ներկայացրել միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության ինքնավերլուծության օրինակելի ձեւը, «Հավատարմագրման գործընթացում գտնվող բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման» կարգը:
Ստեղծել է փորձագետների բանկ, պետական բուհերի, ազգային ակադեմիայի ինստիտուտների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի, արտաքին գործերի, արդարադատության, ՀՀ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունների եւ ՀՀ նախագահի պետաիրավական վարչության ներկայացրած մասնագետներից: Կազմակերպել է շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման միասնական հարցաշարերի ստեղծման եւ սահմանված կարգով դրանց հաստատման աշխատանքները, մասնակցել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կազմակերպված ոչ պետական 14 բուհերի 1999-2000 ուստարվա եւ 30 բուհերի 2000-2001 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորմանը, մշակել եւ հաստատել է հավատարմագրման ցուցանիշների ստուգման մեթոդական ցուցումները:
Հավատարմագրման բոլոր փուլերն անցած բուհերի մասին տեղեկություններ եւ պետական հավատարմագրում իրականացնելու սխեմա է ներկայացրել ՀՀ կառավարությանը եւ ստացել կառավարության համաձայնությունը, ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման մասին եզրակացություններ է ներկայացրել նախարարին, որի արդյունքում ամբողջությամբ հավատարմագրվել են 9 բուհ եւ 4 բուհի առանձին մասնագիտություններ:
Ծառայության իրականացրած գործունեության արդյունքում հանրապետությունում գործող 88 մասնավոր բուհերից 20-ը, 33 միջնակարգ մասնագիտական կրթօջախներից 14-ը փակվել են:
Առանձին քննության է արժանի մասնավոր բուհերին հավատարմագրման գործընթացում ներկայացվող կարեւորագույն մի չափորոշիչ, ինչպիսին է ասպիրանտուրային կրթության կազմակերպումը: ԿՆ գիտության վարչության պետ պրն Թռչունյանի հավաստմամբ. «Մասնավոր բուհերի հավատարմագրման գործընթացում ասպիրանտուրայի պարտադիր չափորոշիչ կիրառելը ճիշտ չէ, քանզի պետք է ընդունել, որ ասպիրանտուրան գիտական մտքի կենտրոն է, որը դատարկ տեղում չի կարող ստեղծվել»:
Բացառելով հավատարմագրման գործընթացի ֆորմալ ընկալումը` եզրափակենք. հավատարմագրումը կրթական համակարգի բարեփոխումների դժվարին, խիստ կարեւոր գործընթաց է, որը լիարժեք կայանալու դեպքում ի զորու է վերականգնել բարձրագույն կրթության դիպլոմի կորսված պատիվը:
Մեկնաբանել