Տիգրան Սարգսյան. «Առանց միջին խավի՝ ամուր պետություն չի կարող լինել»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին: Տիգրան Սարգսյանը հանդես է եկել դասախոսությամբ, որում անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, առկա մարտահրավերներին և դրանց հնարավոր լուծումներին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև կառավարության գործունեության 2012-2017 թթ. ծրագիրը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ուղղությունները, որոնց վերաբերյալ ունկնդիրները ներկայացրել են իրենց տեսակետները:
Տիգրան Սարգսյանը պետության զարգացման և հզորացման գլխավոր նախապայմաններից մեկն է համարել միջին խավի ձևավորումը: Վարչապետը վստահեցրել, որ այդ խնդիրը լուծելու համար Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք:
«Եթե երկրում չլինի միջին խավ, որն իր տնտեսական ապագան պայմանավորում է սեփական ուժերով, ապա դա կլինի քաղաքացիական հասարակության կառուցման լրջագույն խնդիր: Կառավարության ծրագրում առաջարկվող գործիքների նպատակն այս խնդրի լուծումն է, քանի որ առանց միջին խավի՝ ամուր պետություն չի կարող լինել»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովը, տարբեր երկրների դեսպանատների ներկայացուցիչներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել