
Հեռակա քրեական վարույթ՝ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 24-ին հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ այն բանի համար, որ նա նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
«Մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում ընդգրկված շենքից բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով 71 բնակարան հատկացնելու նպատակով 2018 թվականի հունվարի 18-ին հրավիրված նիստին ընդառաջ, անտեսելով Կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջները, նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին Վիգեն Սարգսյանը հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված՝ իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող երեք անձանց:
Հանձնարարությունը հիմք ընդունելով՝ Հանձնաժողովը կայացրել է ապօրինի որոշում. արդյունքում՝ նշված շենքից անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են հատկացվել Երևան քաղաքում բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման ցուցակներում ավելի ուշ ընդգրկված ու բնակարանային հաշվառման մեջ չգտնվող զինծառայողների և Պաշտպանության նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող անձանց:
2023 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում է կայացվել մեղադրյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ իրականացնել հեռակա վարույթ: Նույն օրը հեռակա վարույթով մեղադրանքը ներկայացվել է Վիգեն Սարգսյանի պաշտպանին:
Նախաքննության ընթացքում մեղադրյալ Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- նշված է Դատախազության Հանրային կապերի բաժնի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում, մամուլին տված պարզաբանմամբ՝ աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում, վաճառել է Երեւանի իր բնակարանը եւ տուն ձեռք բերել ԱՄՆ-ի Բելմոնտ քաղաքում:
Մեկնաբանել