
Կապարի վնասակար ազդեությունը երեխաների վրա
Աղտոտիչների վերացման միջազգային ցանցը (IPEN) հոկտեմբերի 22-28-ն անցկացնում է կապարով թունավորման դեպքերի կանխարգելման ամենամյա միջազգային շաբաթը։ Նպատակը կապարի վրա ուշադրություն հրավիրելն է, որը հանրային առողջության համար լուրջ թունավոր սպառնալիք է։ Ներկերում պարունակվող կապարը ճանաչվում է որպես երեխաների վրա կապարի ազդեցության հիմնական աղբյուր: «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն, որպես IPEN-ի անդամ, ևս միացել է կապարով թունավորման դեպքերի կանխարգելման ամենամյա միջազգային շաբաթին։
Կապարը թունավոր ծանր մետաղ է, որը պարունակվում է շատ արտադրատեսակներում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր տներում և աշխատավայրերում առկա ամենօրյա օգտագործման ապրանքներում: Կապարի ազդեցությունը կարող է վնասել մեր առողջությանը, իսկ վերջինիս անգամ փոքր քանակությունները կարող են վնասել երեխայի նյարդաբանական զարգացմանը՝ պատճառելով դժվարություններ ուսման մեջ և առաջացնելով վարքագծային խնդիրներ:
Ոսկրերում կուտակված կապարը հղիության ընթացքում մտնում է արյան մեջ և ազդում զարգացող պտղի վրա։ Հղի կանանց մոտ կապարի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է առաջացնել վիժումներ, մահացած ծնունդներ, վաղաժամ ծնունդներ և ցածր քաշ ունեցող նորածիններ:
Կապարի թունավոր ազդեցության նկատմամբ հատկապես խոցելի են փոքր տարիքի երեխաները: Այն հիմնականում ազդում է նյարդային համակարգի զարգացման վրա: Կապարը երեխաների մոտ հանգեցնում է խոր և անդառնալի բացասական փոփոխությունների:
Կապարի քիչ քանակները, որոնք չեն առաջացնում որևէ ակնհայտ ախտանիշ, կարող են ազդել երեխաների ուղեղի զարգացման վրա և հանգեցնել մտավոր զարգացման/ինտելեկտի գործակցի (IQ) նվազմանը, վարքագծային փոփոխությունների, ինչպիսիք են ուշադրության շեղումը, ուշադրության կենտրոնացման ժամանակահատվածի կրճատումը և հակասոցիալական վարքագծի դրսևորումը և ուսման վատ արդյունքները:
Թերսնված երեխաներն ավելի են հակված կապարի ազդեցությանը, քանի որ նրանց օրգանիզմը ավելի շատ կապար է յուրացնում, երբ այլ սննդանյութեր, ինչպիսիք են կալցիումը կամ երկաթը, պակասում են:
Արյան մեջ կապարի «անվտանգ» մակարդակ չկա. արյան մեջ կապարի նույնիսկ մինչև 3,5 մկգ/դլ-ն կարող է երեխաների մոտ առաջացնել ինտելեկտուալ անկում, վարքագծային խնդիրներ և սովորելու դժվարություններ: Արյան մեջ կապարի մակարդակի մեծացմանը զուգընթաց մեծանում է ախտանիշների արտահայտվածությունը և հետևանքների սպեկտրը, հիվանդության ծանրությունը:
2009 թվականից սկսած՝ IPEN-ի, նրա անդամ խմբերի և Դաշինքի գործընկերների կողմից իրականացվող աշխատանքները հանգեցրին շատ ընկերությունների կողմից կապար պարունակող ներկերի արտադրության և վաճառքի դադարեցմանը, ազդեցություն գործեցին մի շարք երկրներում հսկողության նորմատիվային նոր միջոցների կայացման վրա և աջակցեցին շահագրգիռ կողմերին այն գործիքներով, որոնք անհրաժեշտ են վերջիններիս՝ փոփոխություններ կատարելու համար: Ցավոք, կապարային ներկերը դեռ շարունակում են օգտագործվել աշխարհի շատ երկրներում:
Կապարային ներկերի օգտագործումը դադարեցնելուն արագ հասնելու համար IPEN-ը կոչ է անում ազգային քայլեր ձեռնարկել՝ ընդունելու կանոնակարգեր, որոնք կարգելեն կապարի օգտագործումը բոլոր տեսակի ներկերում, ինչպես նաև՝ կնպաստեն կապարի քրոմատների, կապարային ներկերում գունանյութերի ներառմանը Ռոտերդամի կոնվենցիայում:
Տեղեկատվական այս նյութը ստեղծվել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա
միջավայրի» ՀԿ-ի կողմից։
Մեկնաբանել