HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու տեղահանությունից հետո արցախցի Անյան վստահ է, որ վերադառնալու է իրենց տուն

Դանիելյանների 7-հոգանոց ընտանիքը  երկրորդ անգամ է թողնում իր տունը։ Առաջին անգամ նրանք տեղահանվեցին Շուշիից՝ 2020-ի պատերազմից հետո։

«17 տարեկան էի, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Այսօրվա նման եմ հիշում ձայներն ու տեսարանը: Հիշողությանս մեջ ամեն ինչ մտապահել եմ, բայց, միևնույն է, երբեք չէի պատկերացնի, որ կգա մի օր, որ կթողնեմ տունս ու կգնամ»,- պատմում է 20-ամյա Անյա Դանիելյանը:

2020-ին՝ Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ Անյայի ընտանիքը Շուշիից եկել էր Երևան։ Պատերազմից հետո նրանք գնացին Ստեփանակերտ՝ կյանքը զրոյից սկսելու: Հայրը պայմանագրային զինծառայող էր. ծառայում էր Շուշիի շրջանի Լիսագոր գյուղի դիրքերում, իսկ մայրն առևտրով էր զբաղվում: Պատերազմից հետո կյանքը դժվար էր՝ թե´ հոգեպես, թե´ ֆիզիկապես: Նոր էին հունի մեջ ընկել, երբ պատմությունը կրկնվեց:

2023-ի սեպտեմբերի 19-ին Անյան տանն էր, մոր՝ Նունեի հետ: Հայրը՝ Արայիկը ու ավագ եղբայրը ծառայության մեջ էին, կրտսեր քույրն ու եղբայրն այդ պահին դպրոցում էին, իսկ միջնեկ եղբայրը՝ քոլեջում:

«Գնացել էի դպրոց Մանեին` փոքր քրոջս տուն բերելու, երբ տեսա, որ ոստիկանության զորքերը լցված են ամբողջ քաղաքում: Այդ պահին մտքովս անգամ չանցավ, որ կարող էր նման բան լինել: Քույրս ասաց` դպրոցում փորձնական տարհանում էին կազմակերպել, բայց ուսուցիչներն ասացին, որ ամեն ինչ լավ է, պարզապես հերթական տագնապն էր: Արդեն ամեն ինչ կարգին էր, եկանք տուն, բայց լույսերը տանելու ժամն էր` մեկը, մեկ էլ ուժեղ կրակոցի ձայներ լսվեցին, բայց սովորական զենքի կրակոցներ չէին, զգացվում էր, որ մեծ տրամաչափի զենքեր են օգտագործում, իսկ ձայները շատ մոտ էին,- վերհիշում է Անյան,- հետո մայրս մեզ թողեց տանը և արագ գնաց դպրոց, որ փոքր եղբորս տուն բերի, իսկ միջնեկ եղբայրս` Հարութը, քոլեջից մի քիչ ուշ եկավ տուն, ու միանգամից իջանք տան առաջին հարկ»:

Քանի որ տանը նկուղ չկար, իրենց տան առաջին հարկում էին ապաստանել, որը կիսաքանդ վիճակում էր: Հետո անվտանգության նկատառումներով Նունեն երեխաների հետ տեղափոխվել է Ստեփանակերտի փոստի շենք:

Անյայի հայրը՝ Արայիկ Միրզոյանը, Լիսագորի ճանապարհին վիրավորվել է՝ գլխի շրջանում բեկորային վնասվածք է ստացել, երեք սանտիմետր խորությամբ բեկոր կա գլխում, ու երբ շտապ օգնության մեքենան գնացել է նրա հետևից, չի կարողացել տեղափոխել. Լիսագորում շրջափակման մեջ էին: Դանիելյանների ավագ որդին էլ Մարտակերտում էր շրջափակման մեջ. ընտանիքը սպասում էր հոր և որդու գալուն:

«Քաղաքում արդեն ամեն ինչ խառնված էր: Ամեն անկյունում ընտանիքներ էին: Ընտանիքներ կային, որ Արցախից դուրս գալու հնարավորություն չունեին: Եկան հրապարակում հայտարարեցին, որ ով ինչ միջոցներով կարող է,  թող դուրս գա, բայց ո՞նց դուրս գային, որ ճանապարհը փակ էր, ոչ էլ վառելիք կար: Մենք էլ սպասում էինք մինչև հայրս ու մեծ  եղբայրս գային, որ հասկանանք` ինչ ենք անում»,-պատմում է Անյան:

Փոքր մեքենայի մեջ մի ամբողջ կյանք տեղավորելուց ու վերջին անգամ իրենց տանը հրաժեշտ տալուց հետո ճանապարհ են  ընկել: Երկու օր ճանապարհ են եկել:  Սոված էին, ուտելիք չունեին, ընդամենը մեկ բանկա ջեմ էին վերցրել փոքրերի համար։

«Բլոկադայի ժամանակ քաղցրից մենակ Արցախի ձմերուկն ու խաղողն ենք կերել: Մանեն ոչինչ չէր ուտում, հազիվ քաղցրով էինք խաբում, որ մի բան ուտի, բայց բլոկադայի ժամանակ  քաղցր որտեղի՞ց: Մաման վախենում էր, ասում  էր՝ գոնե էս երեխեքը մի հիվանդություն չստանան»,- շարունակում է Անյան:

Երկու օր ճանապարհ անցնելուց հետո նրանք հասնում են Հայաստան՝ Մեղրու շրջանի Ագարակ քաղաք, որտեղ Նունեի մայրն է ապրում: Սակայն հետո որոշում են գալ Երեւան՝ երեխաների կրթության համար, որովհետեւ Անյան պետք է համալսարանական կրթությունը շարունակի, իսկ միջնեկ եղբայրը՝ քոլեջը։ Անյան ասում է, որ իրենք Ագարակը շատ են սիրում: Երբ դեռ Արցախում էին, հաճախ էին գալիս այստեղ, բայց հիմա իրավիճակն այլ է, եկել են երկարաժամկետ կացության համար ու ձգտում են այնպիսի տեղում բնակություն հաստատել, որտեղ երեխաների համար հնարավորությունները շատ են:

Դանիելյանների փոքր երեխաների համար նոր միջավայրը դեռ անսովոր է: Մանեն անընդհատ հարցնում է. «Որ նոր դպրոց գնամ, էլի ընկեր Սարգսյանն ա՞ մեզ դաս  սովորացնելու»:

«Մենք վստահ ենք, որ հետ ենք գնալու մեր տուն ու շարունակենք ապրենք հենց մեր տանը: Բայց քանի դեռ այստեղ ենք, մտադրություն կա Երևանում մնալ: Երկար ժամանակ տան փնտրտուքների մեջ էին ծնողներս. հազիվ մի տուն ենք գտել ու տեղափոխվել: Բայց  միևնույն է՝ մենք մեր տունն ենք ուզում, ու հուսով եմ, որ երկար ժամանակ չի պահանջվի, որպեսզի մենք վերադառնանք»,-հավատում է Անյան:

Լուսանկարում՝ Անյան (կենտրոնում) քրոջ եւ եղբայրների հետ

Անի Ստեփանյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter