HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոյեմբերին և դեկտեմբերին 50 000 դրամ աջակցություն կտրվի արցախցիներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ներկայացրել է 100 000 դրամ միանվագ աջակցության և 40000+10000 դրամ ծրագրի շրջանակում վճարման գործընթացը: Նա տեղեկացրել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցությունն արդեն իսկ փոխանցվել է շուրջ 100 000 քաղաքացու: Ինչ վերաբերում է 40000+10000 դրամ աջակցության ծրագրին, որն իրականացվում է բնակվարձի և կոմունալ վճարներ կատարելու նպատակով, 41611 անձ արդեն իսկ ստացել է այդ գումարը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ երեկ կայացած Կառավարության նիստի արդյունքում որոշակի փոփոխություն է կատարվել աջակցության ծրագրին վերաբերող որոշման մեջ: Ըստ այդմ՝ շահառու է համարվելու նաև այն անձը, ով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով տեղափոխվել է Հայաստան:

Խոսելով Հայաստանի կառավարության կողմից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ևս մեկ ծրագրի մասին, Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50 000 դրամ աջակցություն կտրվի առաջնային սպառողական ծախսերը հոգալու նպատակով: Այս ծրագրի շահառուներ են հանդիսանալու բոլոր այն անձինք, ովքեր տեղահանվել են սեպտեմբերի 19-ից հետո կամ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով որպես բուժառու կամ այլ նպատակներով տեղափոխվել են Հայաստան:

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալու որոշման վերաբերյալ, որը հաստատվել է երեկ կայացած Կառավարության նիստի ժամանակ: 

«ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհիվ մեր հայրենակիցները կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Ինչո՞ւ, որովհետև ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով մեր հայրենակիցները «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ըստ էության, ճանաչվում են փախստականներ և օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից և, ըստ էության, միջազգային պաշտպանության ներքո են գտնվում թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս», - նշել է Արփինե Սարգսյանը և հավելել, որ կարգավիճակը տրվելու է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությունը ևս նախատեսված է Կառավարության որոշման շրջանակներում:

«Կառավարության որոշումը նաև հստակեցնում է, թե որ սուբյեկտներին է, ըստ էության, տրվում այսպիսի կարգավիճակ: Որոշումն առանձնացնում է երեք խումբ անձանց: Առաջին խմբի ներքո ներառվում են այն անձինք, ովքեր հաշվառված են այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում: Երկրորդ խումբ անձինք նրանք են, ովքեր թեև հաշվառում չունեն, սակայն նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը: Նաև նրանք, ովքեր հաշվառված չեն Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բռնի տեղահանման արդյունքում հաշվառվել են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում: Բացառություն են կազմում այն անձինք, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն»,-ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալը: Արփինե Սարգսյանը նշել է, որ կարգավիճակը տրվում է ավտոմատ և այն ստանալու համար որևէ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա և հավելել, որ շուտով բռնի տեղահանված անձինք հնարավորություն կունենան հաշվառվելու ՀՀ բնակչության պետական ռեգիստրում:

ՆԳ նախարարի տեղակալը հավելել է, որ Կառավարությունը երկու տեսակ անձը հաստատող փաստաթուղթ է ամրագրել իր որոշման շրջանակներում, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագիրն է, իսկ երկրորդը Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի մասին հավաստող վկայականն է:

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև տրանսպորտային միջոցների հաշվառման, առքուվաճառքի պայմանագրի կնքման, վարորդական իրավունքը փոխելու կամ նորի ձեռքբերման հետ կապված խնդիրներին և պարզաբանել, որ կարգավիճակի հստակեցման ուժով մեր հայրենակիցները կկարողանան իրավական տարբեր գործարքներ իրականացնել: Նա նշել է, որ շուրջ 21 000 նման տրանսպորտային միջոց է առկա, և դրանք բոլորը պետք է օրինական դաշտ բերել, որպեսզի հնարավոր լինի հավասար սկզբունքով ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունն ու ապահովումը: ՆԳ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ համապատասխան որոշում է կայացվել, որի ուժով բեկանվել է սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան տեղափոխված տրանսպորտային միջոցների համար կայացված վարչական պատասխանատվության որոշումները:

Մեկնաբանություններ (2)

Կարինե
Օգնեք որպիսզի կարողանանք լրացնել հայտը վերջին 2ամիսներին չենք ստացել նշված գումարները
Լիլիթ Ստեփանյան
Բարև ձեզ իսկ որտե՞ղ լրացնենք 50000 դրամի դիմումը?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter